Միավորված ազգերի կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ, անգլ.՝ United Nations), միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել[6]։ ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական։ Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում։ Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով։ Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը։ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով[7][8]։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է։
1945 թվականի ապրիլի 25-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ համաժողով անցկացնելու և ՄԱԿ-ի կանոնադրությունը կազմելու նպատակով, որն ընդունվեց 1945 թվականի հունիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տանը և ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին Պատերազմի վետերանների հուշահամալիրում գտնվող Հերբսթ թատրոնում (Herbst Theatre):
Աշխարհում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի առաքելությունը շատ դժվար էր առաջին տասնամյակներում՝ Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների ու Խորհրդային միության և դրանց համապատասխան դաշնակիցների հարաբերությունների պատճառով։ Դրա առաքելությունները բաղկացած էին անզեն ռազմական դիտորդներից և մասնակի զինված ուժերից, որոնք հիմնականում դիտարկում, զեկուցում և կողմերի միջև վստահություն էին կառուցում[9]։ Կազմակերպության անդամակցությունը մեծացավ 1960-ական թվականներին սկսված ապագաղութացման հետևանքով։ Այդ ժամանակներից սկսած՝ 80 նախկին գաղութներ ազատություն ստացան՝ ներառյալ 11 խնամակալ տարածքներ, որոնք մոնիտորինգի էին ենթարկվում Խնամակալության խորհրդի կողմից (Trusteeship Council)[10]: Մինչև 1970-ական թվականները տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի համար նախատեսված բյուջեն գերազանցում էր խաղաղության պահպանության ծախսերը։ Սառը պատերազմի ավարտից հետո ՄԱԿ-ը փոփոխություն կատարեց և ընդլայնեց գործողությունների իր շրջանակը՝ ստանձնելով մի շարք բարդ առաջադրանքներ[11]։
ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը։ ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը։ Հասարակական կազմակերպությունները Սոցիալ-տնտեսական խորհրդի և այլ գործակալությունների կողմից կարող են խորհրդակցական կարգավիճակ ստանալ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գործերին։
Կազմակերպությունը, դրա պաշտոնյաններն ու գործակալությունները ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ։
ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում։ Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ կազմակերպությունը կարևոր ուժ է խաղաղության և մարդկային զարգացման համար, մինչդեռ մյուսներն այն համարում են ոչ արդյունավետ, կոռումպացված կամ կողմնակալ։