Մեծ ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ ճգնաժամ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը տեղի է ունեցել հիմնականում 1930-ական թվականներին և սկիզբ առել Միացյալ Նահանգներից։ Մեծ ճգնաժամի ժամանակահատվածը տարբեր երկրներում տարբեր է, շատ երկրներում այն սկսվել է 1929 թվականին և ավարտվել 1941 թվականին[1]։ Այն ամենաերկար, ամենախորը և ամենասփռված տնտեսական ճգնաժամն էր 20-րդ դարում[2]։ 21-րդ դարում Մեծ ճգնաժամի օրինակը օգտագործում են համաշխարհային տնտեսական ճգնաժամները հաղթահարելու համար[3]։
Ճգնաժամը սկսվեց Միացյալ Նահանգներում երբ 1929 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ արժեթղթերի մեծ անկում, և համաշխարհային նորություններում այն հայտնի դարձավ 1929 թվականի հոկտեմբերի 29-ի ֆոնդային բորսաներ ինդեքսների աննախադեպ մեծ անկումից հետո (հայտնի որպես Սև երեքշաբթի)։ 1929-ից 1932 թվականներին համաշխարհային Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընկավ 15%-ով։ Համեմատության համար, 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն ընկավ մոտ 1%[4]։ Որոշ տնտեսություններ սկսեցին վերականգնվել 1930-ական թվականների կեսերից, սակայն շատ երկրներում Մեծ ճգնաժամի բացասական հետևանքները տևեցին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը[5]։
Մեծ ճգնաժամը ծանր հարված հասցրեց և հարուստ և աղքատ երկրներին։ Անձնական եկամուտը, հավաքված հարկերը, շահույթը և գները անկում ապրեցին, իսկ միջազհգային առևտուրը նվազեց ավելի քան 50%-ով։ ԱՄՆ-ում գործազրկությունը հասավ 25%-ի, իսկ շատ երկրներում այդ ցուցանիշը 33% էր։
Ամբողջ աշխարհի քաղաքներին մեծ հարված հասցվեց, հատկապես նրանց, որտեղ ծանր արդյունաբերություն մեծ տեղ էր գրավում։ Համաշխարհային պահանջարկը մեծ անկում ապրեց։ Գյուղատնտեսությունը նույնպես անմասն չմնաց, քանի որ հացահատիկի գները ընկան 60%-ով[6][7][8]։