Արցախի ազատագրական պայքար (1724-1731)
From Wikipedia, the free encyclopedia
Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)[1]։
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու, Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով[2]։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին Աստրախանում մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան[3]։
Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսվում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։ Երկրում սկսվում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգ Թահմասպը փախչում է Թավրիզ։ Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա[4]։ Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը[5]։
Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك` թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։