Կիլիկիայի կերպարվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Կիլիկիայի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության և կիրառական արվեստի (ոսկերչություն և արծաթագործություն) նմուշներով։ Ի տարբերություն մյուս բնագավառների՝ գրքարվեստի հուշարձանների արտակարգ հարստությունը վկայում է գրքի ձևավորման աննախընթաց ծաղկումը նախորդ դարերի հայ մանրանկարչության համեմատությամբ։ Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը կազմավորվել է 12-րդ դարում. նշանավոր կենտրոններն էին Դրազարկը, Սկևռան, Հռոմկլան և Դռները։ Հայ նկարիչները մի քանի տասնամյակում ստեղծել են ինքնուրույն դիմագծով բարձր մակարդակի գրքի ձևավորման արվեստը։
Դրազարկի դպրոցը մեծ վերելք է ապրել 13-րդ դարում։ Որոշ ժամանակ այստեղ է ապրել Թորոս Ռոսլինի ուսուցիչներից Կիրակոսը, որը 1239 թվականին ծաղկել է ճաշոց (Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 53)։ Գրքարվեստի շքեղ նմուշներից են Գրիգոր Մլիճեցու ձևավորած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1173, Մատենադարան, ձեռագիր № 1568), ինչպես նաև 1197 թվականին ծաղկած և 1215 թվականի անավարտ (Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի թանգարան, ձեռագիր № 546/25) Ավետարանները։
Սկևռայում է ստեղծագործել Կոստանդինը, որի նկարազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 1635) աչքի է ընկնում կիլիկյան գրքարվեստում առաջին անգամ հանդիպող 2 տերունական պատկերներով («Մկրտություն» և «Խաչելություն»)։ Հռոմկլայի հայտնի ամենահին ձևավորված ձեռագրի՝ 1166 թվականի Ավետարանի (Մատենադարան, ձեռագիր № 7347) նկարազարդումներում արտացոլվել են 11-րդ դարի հայ մանրանկարչության ավանդույթները և Սև լեռան (Ասորիքի ու Կիլիկիայի սահմանում) հայկական, հունական, վրացական և լատինական վանքերի համագործակցությամբ ստեղծված պատկերագրական օրինաչափությունները։ Հռոմկլայի դպրոցի ամենահայտնի վարպետների՝ Կիրակոսի ծաղկած Ավետարանների (1244, Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 69/151, 1248, Կիլիկիայի կաթողիկոսարանի հավաքածու, ձեռագիր № 8, 1249, Մատենադարան, ձեռագիր № 7690) և Հովհաննեսի՝ 1253 թվականի Ավետարանի (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռագիր № 44.17) մանրանկարները պայմանավորել են այդ դպրոցի զարթոնքն ու նպաստել Թորոս Ռոսլինի արվեստի ձևավորմանը։ Ռոսլինն իր սաների հետ ծաղկած ձեռագիր մատյանների (1256, «Զեյթունի Ավետարան» և 1268, «Մալաթիայի Ավետարան», Մատենադարան, ձեռագիր № 10450, 10675, նաև 1262, «Սեբաստիայի Ավետարան», Բալթիմորի Ոտլթերս պատկերասրահ, ձեռագիր № 535, 1260 թվականի, 1262 թվականի և 1265 թվականի Ավետարանները, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք, ձեռագիր №№ 251, 2660, 1956) մանրանկարներում վերածնել է հին թեմաները, ներմուծել գրքի ձևավորման նոր եղանակներ, զարգացրել բազմանկար, պատմող, նկարչությունը։ Ռոսլինի արվեստը մեծապես ազդել է կիլիկյան մանրանկարչության հետագա զարգացման վրա։
Գրեթե նույն ժամանակ գրիչ և ծաղկող Հովհաննես Արքաեղբոր ջանքերով Գռների վանքին կից ստեղծվել է գրչատուն, որտեղ ծաղկած բազմաթիվ մատյաններում (1263 թվականի Ավետարան, Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռագիր № 56.11, 1278-1289 թվականի ճաշոց, Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 245, 1278 թվականի «Գիրք Սողոմոնի», Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռագիր № 245 և այլն ) առաջին անգամ ի հայտ են եկել բազմաթիվ աստվածաշնչյան կերպարներ։ 1270 թվականից հետո ստեղծվել են հայ արվեստի մի շարք արժեքավոր ձեռագրեր, որոնց ծաղկողներն անհայտ են. «Վասակ իշխանի Ավետարանը» (1268-1284, Երուսաղեմի Սուրբ Հակոբյան վանքի մատենադարան, ձեռագիր № 2568), «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (13-րդ դարի վերջին քառորդ-1320, Մատենադարան, ձեռագիր № 7651), «Հեթում Բ թագավորի ճաշոցը» (1286, Մատենադարան, ձեռագիր № 979) և այլն։
13-րդ դարի 2-րդ կեսին մանրանկարչությունն աննախադեպ առաջընթաց է ունեցել նաև Դրազարկի և Մաշկևորի վանքերում, Տարսոն, Մամեստիա, Սիս քաղաքներում։ Դրազարկում հայտնի են Հովհաննես Ծաղկողը (1282 թվականի Ավետարան, Լոնդոնի Բրիտանական գրադարան, ձեռագիր Օրինակ № 5626) և Թորոս Փիլիսոփան (1290 թվականի 2 Ավետարաններ, Մատենադարան, ձեռագիր № 5736, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ, ձեռագիր № V. 3/835 և այլն)։ Թորոս Ռոսլինի և նրա հետևորդների բուռն շարժումը 14-րդ դարում աստիճանաբար մարել է։ 14-րդ դարի վերջի խոշոր մանրանկարիչը Սարգիս Պիծակն է, որն ստեղծագործել է Դրազարկում, Ասում, Սկևռայում և այլուր։ Նրա աշխատանքները զերծ են նախորդ վարպետների շարժուն, պաթետիկ լարվածությունից, ունեն գրափիկդեկորատիվ, չոր գծանկար և հարթապատկերային ոճ, կարևորված է զարդը (1336 թվականի «Արքունական Ավետարան», 1353 թվականի «Բժշկութեան Ավետարան», Մատենադարան, ձեռագիր № 5786, № 6795, և այլն)։ Հետագա շրջանի մանրանկարչությունը զարգացել է նրա արվեստի ազդեցությամբ։