Ֆինանսական գործիքներ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆինանսական գործիք, պայմանագիր, որը մի կազմակերպությունում առաջացնում է ֆինանսական ակտիվ, մյուսում` ֆինանսական պարտավորություն կամ բաժնային գործիք։ Ֆինանսական ակտիվի (նաև դրամական միջոց, այլ կազմակերպության բաժնային գործիք, պայմանագրային իրավունք) միջոցով կարելի է այլ կազմակերպությունից ստանալ դրամական միջոց կամ այլ ֆինանսական ակտիվ, ինչպես նաև այլ կազմակերպության հետ, իր համար պոտենցիալ նպաստավոր պայմաններով, փոխանակել ֆինանսական ակտիվներ կամ ֆինանսական պարտավորություններ։ Ֆինանսական ակտիվի օրինակ է դեբիտորական պարտքը, բանկերում ավանդադրված գումարը և այլն։ Ֆինանսական պարտավորությունը պայմանագրային պարտականություն է, որի միջոցով այլ կազմակերպությանը կարելի է տրամադրել դրամական միջոց կամ այլ ֆինանսական ակտիվ և այլ կազմակերպության հետ, իր համար պոտենցիալ ոչ նպաստավոր պայմաններով, փոխանակել ֆինանսական ակտիվներ կամ ֆինանսական պարտավորություններ։ Ֆինանսական պարտավորության օրինակ է ստացված վարկը, բյուջեի գծով պարտավորությունը, ձեռքբերված նյութերի գծով կրեդիտորական պարտքը։ Տրված (ստացված) կանխավճարը ֆինանսական ակտիվ (պարտավորություն) չէ։ Բաժնային գործիքը պայմանագիր է, որը հավաստում է կազմակերպության` բոլոր պարտավորությունները հանելուց հետո մնացած ակտիվների բաժնի նկատմամբ իրավունք։ Բաժնային գործիքի օրինակ է բաժնետիրական ընկերության սովորական բաժնետոմսերը։ Հաշվետու կազմակերպությանը պատկանող մեկ այլ կազմակերպության բաժնետոմսերը հաշվետու կազմակերպության համար ֆինանսական ակտիվ են, իսկ մյուսի համար` բաժնային գործիք[1]։