Օլիմպիկ (ֆուտբոլային ակումբ, Մարսել)
From Wikipedia, the free encyclopedia
«Օլիմպիկ Մարսել» (ֆր.՝ Olympique de Marseille, ɔlɛ̃pik də maʁsɛj, ավելի հաճախ անվանվում է «Մարսել»), ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մարսել քաղաքից։ Հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում՝ Լիգա 1-ում։ Հիմնադրվել է 1899 թվականի օգոստոսի 31-ին և իր պատմության ընթացքում մրցաշրջանների մեծագույն մասն անցկացրել բարձրագույն խմբում։ Առավել շատ տիտղոսներ նվաճած ֆրանսիական ակումբներից է. 9 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1993 թվականին, լինելով առաջինը ֆրանսիական թիմերից, նվաճել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը։ 1994 թվականին մրցակիցներին կաշառելու փորձի պատճառով՝ որպես պատիժ՝ զրկվել է երկրի չեմպիոնի տիտղոսից և ուղարկվել երկրորդ դիվիզիոն։ 2010 թվականին «Օլիմպիկ»-ը կրկին հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն. այս անգամ այդ բարձր տիտղոսին արժանացել է իր նախկին խաղացողի՝ Դիդիե Դեշամի գլխավորությամբ[2]։
Օլիմպիկ Մարսել | ||||
Ամբողջական անուն | Olympique de Marseille | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Les Phocéens, L'OM | |||
Գույներ | Սպիտակ, կապույտ | |||
Հիմնադրում | 1899 | |||
Երկիր | Ֆրանսիա | |||
Մարզադաշտ | Ստադ Վելոդրոմ | |||
Տարողունակություն | 67,394[1] | |||
Նախագահ | Ժակ Հենրի Էյրոդ | |||
Մարզիչ | Ռուդի Գարսիա | |||
Կայք | ||||
Լիգա | Լիգա 1 | |||
2016-17 | 5-րդ | |||
|
Մարսելցիների «տնային» մրցասպարեզը, որտեղ թիմն իր հանդիպումներն անց է կացնում 1937 թվականից, քաղաքի հարավային մասում գտնվող, 67.394 նստատեղ ունեցող Stade Vélodrome մարզադաշտն է[3]։ Այն համարվում է ամենաշատ հաճախվող մարզադաշտը Ֆրանսիայում. 2018/19 մրցաշրջանում «Օլիմպիկ»-ի «տնային» յուրաքանչյուր խաղին հաճախել է միջին հաշվով 50.361 ֆուտբոլասեր, իսկ դա ռեկորդային ցուցանիշ է ֆրանսիական ֆուտբոլում[4]։ 2015 թվականին ակումբը եկամուտների €130.5 միլիոն ծավալով 23-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում[5]։
2016 թվականին ակումբի սեփականատեր է դարձել ամերիկացի գործարար, «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլային ակումբի նախկին սեփականատեր Ֆրենկ ՄըքՔորթը[6][7]։ Վերջինս 2021 թվականին ակումբի նախագահ է նշանակել Պաբլո Լոնգորիային[8]։