ամերիկացի բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Օգդեն Նեշ (անգլ.՝ Frederic Ogden Nash, օգոստոսի 19, 1902[1][2][3][…], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 19, 1971[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, հռչակվել է իր 500-ից ավելի «թեթև» բանաստեղծություններով, ճանաչվել երկրի լավագույն հումորիստ բանաստեղծը՝ կիրառելով հանգավորման արտասովոր եղանակներ։
Օգդեն Նեշ անգլ.՝ Ogden Nash | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Frederic Ogden Nash |
Ծնվել է | օգոստոսի 19, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 19, 1971[1][2][3][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Սուրբ Գևորգի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Speak Low |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Զավակներ | Իզաբել Էբերշտադտ |
Ogden Nash Վիքիպահեստում |
Օգդեն Նեշը ծնվել է 1902 թվականի օգոստոսի 19-ին Նյու Յորք նահանգի Ռայ քաղաքում։ Նրա անվանի նախնիներից են Հյուսիսային Կարոլինայի վաղեմի ու բարեհամբավ նահանգապետերից մեկը՝ Աբներ Նեշը և վերջինիս եղբայր Ֆրենսիսը, որը ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ճանաչված գեներալներից էր, և որի անունն է կրում Թենեսի նահանգի խոշոր քաղաքներից մեկը՝ Նեշվիլը։ Օգդենի հայրը ներկրող-արտահանող ընկերության ղեկավար էր, և նրա աշխատանքային պայմանների թելադրանքով նրանց ընտանիքը հաճախակի փոխում էր բնակության վայրը։ Մի կարճ ժամանակ ապրել են նաև Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքի մոտ՝ վագոն-տնակում, որը տրամադրել էր ԱՄՆ-ում աղջիկների սկաուտական շարժման հիմնադիր Ջուլիետ Գորդոն Լոուն։ Հետագայում Նեշը բանաստեղծություն է գրել այդ տնակի և այնտեղ անցկացրած օրերի ու ապրումների մասին։ 1958 թվականին տված մի հարցազրույցում նա նշել է, որ ինքը դեռ վեց տարեկան հասակից սովոր էր մտմտալ հանգերով և հարկ եղած դեպքում հանգավորման նպատակով իր սեփական բառերը հորինել։ Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտի շրջանի Սուրբ Գևորգ դպրոցն ավարտելուց հետո Օգդենն ընդունվել է Հարվարդի համալսարան, բայց այստեղ սովորել է ընդամենը մեկ տարի։ Կարճ ժամանակ ուսուցչություն է արել Ռոդ Այլենդ նահանգի դպրոցներից մեկում։ Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, մի քանի տարի աշխատել գովազդային մի գործակալությունում։ Ի դեպ, այդ նույն գործակալությունում տարիներ առաջ աշխատել էր մեկ ուրիշ նշանավոր գրող՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։
Նեշը 1931 թվականին մի քանի ամիս աշխատել է The New Yorker ամսագրի խմբագրակազմում։ Այդ նույն տարում ամուսնացել է, լույս ընծայել իր բանաստեղծությունների առաջին՝ Hard Lines-,,Պինդ տողեր,, ժողովածուն, որը միանգամից Ճանաչում բերեց երիտասարդ հեղինակին։ Նրան հռչակ են բերել իր սրամիտ, երգիծական, աֆորիստիկ բանաստեղծությունները, որոնցից շատերը լույս են տեսել նաև The New Yorker ամսագրում։ Նեշի երգիծական բանաստեղծությունները սուր են, բայց չար չեն, դրանցում գլխավորապես ծաղրվում են փքուն բթամտությունը, անհեթեթ հակումները, անմիտ տարօրինակությունները։ Նա գրել է նաև խոհաքնարական բանաստեղծություններ։ Օգդեն Նեշը, հանդես գալով իբրև ագլիալեզու «նոնսենսի» (բառացի՝ անմտության) պոեզիայի ավանդույթների ժառանգորդ ու շարունակող, հռչակվել է առաջին հերթին նրանով, որ հայտնաբերել ու վիրտուոզ կերպով կիրառել է բանաստեղծական առանձնահատուկ, շատ ինքնատիպ ձևեր։ Նա երկարացրել է բանաստեղծական տողերը, որոնք, արտաքինից արձակի տպավորություն թողնելով, միաժամանակ սերտորեն միակցված են, ունեն ներքին ռիթմ, զույգ-զույգ կապակցված են ճշգրիտ, ճոխ և հաճախ անակնկալ հանգով։ Նեշը գտնում էր, որ բանաստեղծության ընդհանուր ծավալի մեջ հանգերի փոքր քանակության պայմաններում դրանք (հանգերը) պիտի կառուցվեն հնչողական և տեսողական առավելագույն նմանությամբ։ Եվ իր այս սկզբունքի կիրառումով լավագույն էֆեկտ ստանալու համար նա հաճախ ազատորեն փոփոխում էր բառի սովորական տեսքը, բառերը «հարմարեցնում» իրար, հանելուկանման հարցեր առաջադրում ընթերցողին։ Ահա այս կարգի բազմաթիվ օրինակներից մի քանիսը. analyzing-tanalizing (փոխանակ լիներ tantalizing), bottom-ottom (autumn), luncheon-duncheon (dungeon), liar-inquiar (inquire), deforested-exhorested (exhausted), thoughts-shoughts (shorts), Buddha-shuddha (should do), gospel-pospel (possible), faucets-caucets (corsets), annuity-duity (duty), violence-siolence (silence)...
1934 թվականին Օգդեն Նեշը տեղափոխվեց Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստային խոշոր քաղաքը, որտեղ ապրեց մինչև իր կյանքի վերջը։
Ես կսիրեի Նյու Յորքը, եթե սիրահարված չլինեի Բալթիմորին։ - Օգդեն Նեշ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.