Քրոմատին
From Wikipedia, the free encyclopedia
Քրոմատին (հունարեն՝ χρώματα - գույն, ներկ ), նուկլեոպրոտեիդային բարդ կոմպլեքս, որում ամփոփված է էուկարիոտ բջիջների կորիզային դեզօքսիռիբոնուկլեինաթթուն՝ ԴՆԹ։ Միտոզի ժամանակ քրոմատինիի նյութը խտանալով, ձևավորվում են քրոմոսոմները։
Քրոմատինի ռիբոսոմային ՌՆԹ-ի գեներ պարունակող հատվածները մտնում են կորիզակի կազմի մեջ։ Քրոմատինի բաղադրիչներն են նաև հիստոնները, ոչ հիստոնային սպիտակուցները[1] և քրոմատինային ՌՆԹ։ Քրոմատինը իրականացնում է երկու փոխկապակցված ֆունկցիաներ․
- ԴՆԹ-ի կոմպակտացում կորիզի չափերին համապատասխան,
- ԴՆԹ-ի, որպես ժառանգականության կրողի, ֆունկցիաների՝ ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի և ռեպարացիայի բնականոն ընթացքի ապահովում[2]։
Տարբերում են քրոմատինի կազմում ԴՆԹ-ի կոմպակտացման հետևյալ մակարդակները․
- Նուկլեոսոմներ՝ 11 նմ տրամագծով, սկավառակաձև մասնիկներ․ բաղկացած են սպիտակուցային միջուկից, որի շուրջը փաթաթված է ԴՆԹ-ի կրկնակի պարույրը։ Յուրաքանչյուր նուկլեոսոմ պարունակում է մոտ 200 զույգ նուկլեոտիդ ԴՆԹ։ ԴՆԹ-ի մոլեկուլը մեկ նուկլեոսոմից մյուսն է անցնում առանց ընդհատվելու։
- 25-30 նմ հաստություն ունեցող ֆիբրիլ, որն առաջանում է նուկլեոսոմների հատուկ տարածական փոխդասավորության հետևանքով՝ հիստոնի մոլեկուլների մասնակցությամբ։
- Առանցքային օղակներ կամ կանթեր, ֆիբրիլն իր ողջ երկարությամբ պարբերաբար (յուրաքանչյուր 200-500 նուկլեոսոմից հետո) ամրանում է հատուկ սպիտակուցային առանցքային կառուցվածքին, որից, ըստ երևույթին, ձևավորվում է նաև քրոմատիդների առանցքային հենքը։ Կորիզի ներսում քրոմատինի հիմնական մասը գտնվում է հետերոքրոմատինի կազմում, իսկ ավելի փոքր մասը էուքրոմատինում։
Քրոմատինի կարևորագույն ֆունկցիան բազմաբջիջ օրգանիզմների բջիջների տարբերակման հիմքում ընկած գեների ընտրողական ակտիվացումն է։ Այդ պրոցեսում կարևոր դեր ունեն ոչ հիստոնային սպիտակուցները։