ամերիկացի արմատական ֆեմինիստ իրավագետ, ակտիվիստ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Մաքքիննոն (անգլ.՝ Catharine Alice MacKinnon, հոկտեմբերի 7, 1946[1][2], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի ռադիկալ ֆեմինիստ իրավագետ, ակտիվիստ ու հեղինակ։ Միչիգանի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր է 1990 թվականից, ինչպես նաև Հարվարդի իրավաբանական դպրոցի այցելու պրոֆեսոր։ 2008 - 2012 թվականներին եղել է Միջազգային քրեական դատարանի դատախազի գենդերային հատուկ խորհրդականը[6][7]։
Քեթրին Մաքքիննոն անգլ.՝ Catharine Alice MacKinnon | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1946[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ, Եյլի իրավունքի դպրոց և Եյլի համալսարան |
Ազդվել է | Անդրեա Դվորկին և Martha Nussbaum? |
Երկեր | Feminism Unmodified?, Toward a Feminist Theory of the State? և Only Words? |
Մասնագիտություն | փաստաբան, գրող, իրավաբան, համալսարանի դասախոս և ֆեմինիստ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Միչիգանի համալսարան, University of Michigan Law School?, Հարվարդի իրավունքի դպրոց, Մինեսոտայի համալսարան և Յորքի համալսարան |
Ծնողներ | հայր՝ George MacKinnon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Catharine A. MacKinnon Վիքիպահեստում |
Որպես միջազգային իրավունքի, սահմանադրական իրավունքի, քաղաքական և իրավական տեսության և իրավագիտության փորձագետ՝ Մաքքիննոնը կենտրոնացել է կանանց իրավունքների, սեռական բռնությունների ու շահագործման վրա, այդ թվում՝ սեռական ոտնձգությունները, բռնաբարությունը, մարմնավաճառությունը, սեռական թրաֆիքինգը և պոռնոգրաֆիան։ Նա առաջիններից մեկն է պնդել, որ պոռնոգրաֆիան քաղաքացիական իրավունքների ոտնահարում է և որ կրթության և զբաղվածության ոլորտում սեռական ոտնձգությունը սեռական խտրականություն է[6][8]։
Ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է, որոնց թվում են՝ «Աշխատող կանանց սեռական ոտնձգություն» (1979)[9], «Անփոփոխ ֆեմինիզմ» (1987), որը համարվել է «անգլերեն լեզվով ամենաշատ մեջբերված իրավունքի վերաբերյալ գրքերից մեկը»[10], «Toward a Feminist Theory of the State» (1989), «Պարզապես բառեր» (1993), «Սեռական հավասարություն» (2001 և 2007), «Կանանց կյանքեր, տղամարդկանց օրենքներ» (2005) ու «Թիթեռների քաղաքականություն» (2017) գրքերը։
Մաքքիննոնը ծնվել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ը հանդիսացել Էլիզաբեթ Վալենտին Դեյվիսի ու Ջորջ Մաքքիննոնի երեք զավակներից ավագը․ նրա հայրը եղել է իրավաբան, կոնգրեսմեն (1947–1949) ու Միացյալ Նահանգների Կոլումբիա շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր (1969–1995)[11]։
Ընտանիքում երրորդ սերունդն է ներկայացրել, որն ավարտել է իր մայրիկի մայր բուհը՝ Սմիթ քոլեջը։ Իրավագիտության դոկտորի կոչումն ստացել է 1977 թվականին Եյլի համալսարանում, իսկ քաղաքագիտության դոկտորի կոչումը՝ 1987 թվականին նույն համալսարանում։ Համալսարանում ուսանելիս արժանացել է Գիտության ազգային հիմնադրամի անդամակցության[6][12]։
Հանդիսանում է Միչիգանի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր[12] և Հարվարդի իրավաբանական դպրոցի այցելու պրոֆեսոր։ 2007 թվականին Հարվարդի իրավաբանական դպրոցում աշխատել է որպես Ռոսկո Փաունդի այցելու պրոֆեսոր[6], ինչպես նաև աշխատել Նյու Յորքի համալսարանում, Արևմտյան Ավստրալիայի համալսարանում, Սան Դիեգոյի համալսարանում, Եբրայական համալսարանում, Կոլումբիայի իրավաբանական դպրոցում, Չիկագոյի համալսարանում, Բազելի համալսարանում, Եյլի իրավաբանական դպրոցում, Օսգուդ Հոլի իրավաբանական դպրոցում ու Սթենֆորդի իրավաբանական դպրոցում։
Շատ մեջբերվող իրավաբան գիտնական է[13][14] ու կանոնավոր հրապարակախոս։ Նրա գաղափարները կարելի է բաժանել երեք համընկնող բնագավառների՝ սեռական ոտնձգություններ, պոռնոգրաֆիա ու մարմնավաճառություն։ Իրականացնում է միջազգային աշխատանք ու նաև շատ է գրել հասարակական և քաղաքական տեսության և մեթոդաբանության վերաբերյալ[15]։
Ըստ 2006 թվականին Դեբորա Դիների հրատարակած հոդվածի՝ Մաքքիննոնը նախ կենտրոնացել է այն բանի վրա, ինչը հայտնի է դարձել որպես սեռական ոտնձգություն, երբ իմացել է Կոռնելի համալսարանի վարչական մի օգնականի մասին, ով աշխատանքից հեռացել էր հիվանդանոցում դրա պատճառով հայտնվելուց հետո։ Իր ղեկավարի վարքից բողոքելուց հետո կինը հրաժարվել է տեղափոխությունից, որից հետո զրկվել է գործազրկության նպաստներից, քանի որ աշխատանքից հեռացել էր այսպես կոչված «անձնական» պատճառներով[փա՞ստ]։
1977 թվականին Մաքքիննոնն ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը․ նա պրոֆեսոր Թոմաս Էմերսոնի համար սեռական ոտնձգությունների վերաբերյալ ռեֆերատ էր գրել, որտեղ պնդել էր, որ այն սեռով պայմանավորված խտրականության ձև է։ Երկու տարի անց Եյլի համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Մաքքիննոնի «Աշխատող կանանց սեռական ոտնձգություն. Սեռական խտրականության դեպք» գիրքը (1979), որով ստեղծվել է սեռական ոտնձգությունների՝ որպես սեռական խտրականության ձևի նկատմամբ իրավական պահանջ։
Իր գրքում Մաքքիննոնը պնդել է, որ սեռական ոտնձգությունը սեռական խտրականություն է, որովհետև գործողությունը տղամարդկանց նկատմամբ կանանց սոցիալական անհավասարության արգասիքն է։ Նա տարբերակում է սեռական ոտնձգությունների երկու տեսակ՝ 1) «quid pro quo», որը նշանակում է սեռական ոտնձգություններ, «որոնցում սեռական ծառայությունը փոխանակվում է կամ առաջարկվում է փոխանակել աշխատանքի հնարավորության հետ» և 2) ոտնձգության տեսակ, որն «առաջանում է այն ժամանակ, երբ սեռական ոտնձգությունները աշխատանքի կայուն պայման են»։ 1980 թվականին զբաղվածության հավասար հնարավորությունների հանձնաժողովը հետևել է Մաքքիննոնի՝ սեռական ոտնձգությունն արգելող ուղեցույցներ ընդունելու տեսակետին և արգելել ինչպես «quid pro quo» ոտնձգությունը, այնպես էլ թշնամական աշխատանքային միջավայրի ոտնձգությունը․ դատարանները նույնպես կիրառել են այս հասկացությունները։
«Աշխատող կանանց սեռական ոտնձգություն. Սեռական խտրականության դեպք» գիրքը համարվել է ութերորդ ամենամեջբերվող ամերիկյան իրավական գիրքն ըստ 2000 թվականի հունվարին անցկացված ուսումնասիրության[16]։
Մաքքիննոնը ֆեմինիստ ակտիվիստ Անդրեա Դվորկինի հետ փորձել է փոխել պոռնոգրաֆիայի նկատմամբ իրավական մոտեցումները՝ այն ձևակերպելով որպես քաղաքացիական իրավունքների ոտնահարում սեռական խտրականության տեսքով և որպես մարդկանց թրաֆիքինգ։
Իր «Toward a Feminist Theory of the State» գրքում Մաքքիննոնը գրել է, որ «Ֆեմինիստական տեսանկյունից պոռնոգրաֆիան հարկադիր սեքսի ձև է, սեռական քաղաքականության պրակտիկա և գենդերային անհավասարության ինստիտուտ։ Պոռնոգրաֆիան նպաստում է բռնության և խտրականության վերաբերմունքին և վարքին, որոնք սահմանում են բնակչության կեսի վերաբերմունքն ու կարգավիճակը»[17]։
1980 թվականին Լինդա Բորմենը (որը Լինդա Լավլեյս անունով նկարահանվել էր «Deep Throat» պոռնոգրաֆիկ կինոնկարում) ասել է, որ իր նախկին ամուսինը բռնությամբ պարտադրել է իրեն նկարահանվել այդ և այլ պոռնոգրաֆիկ կինոնկարներում։ Նա հրապարակավ ներկայացրել է իր մեղադրանքները մամլո ասուլիսում Մաքքիննոնի, «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» ակտիվիստների խմբի ու Անդրեա Դվորկինի ներկայությամբ։ Մամլո ասուլիսից հետո ներկաները քննարկել են փոխհատուցում ստանալու համար քաղաքացիական իրավունքների դաշնային օրենքի օգտագործման հնարավորությունը, սակայն դա Բորմենի համար կիրառել հնարավոր չի եղել, քանի որ գործել է վաղեմության մասին դրույթը[18]։
Մաքքիննոնն ու Դվորկինը շարունակել են քննարկել քաղաքացիական իրավունքի դատավեճերը, մասնավորապես սեռական խտրականությունը՝ որպես պոռնոգրաֆիայի դեմ պայքարի հնարավոր մոտեցում։ Մաքքիննոնը դեմ էր պոռնոգրաֆիայի դեմ ավանդական փաստարկներին և օրենքներին, որոնք հիմնված էին բարոյականության կամ սեռական անմեղության գաղափարի վրա։ Սեռական պարկեշտության կամ համեստության «համայնքային չափանիշները» խախտելու համար պոռնոգրաֆիան դատապարտելու փոխարեն, դրանք բնութագրում էին պոռնոգրաֆիան որպես սեռական խտրականության ձև և ձգտում էին կանանց տալ վնասի հատուցման իրավունք քաղաքացիական իրավունքների օրենսդրությամբ, եթե նրանք կարողանային ապացուցել, որ վնասվել են։
1983 թվականին Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը հրավիրել է Մաքքիննոնին ու Դվորկինին մշակել հակապոռնոգրաֆիկ քաղաքացիական իրավունքների մասին հրամանագիր՝ որպես փոփոխություն Մինեապոլիս քաղաքի մարդու իրավունքների մասին հրամանագրում։ Փոփոխությամբ պոռնոգրաֆիան սահմանվել է որպես կանանց նկատմամբ քաղաքացիական իրավունքների խախտում և թույլ է տրվել նրանց դատական հայց ներկայացնել պարտադրողներին՝ վնասի հատուցման համար։ Օրենքը երկու անգամ ընդունվել է Մինեապոլիսի քաղաքային խորհրդի կողմից, բայց քաղաքապետը վետո է դրել։
Մաքքիննոնը Բորմենի պաշտպանն է եղել 1980 թվականից մինչև 2002 թվականին վերջինիս մահը։ Քաղաքացիական ազատականները հաճախ Մաքքիննոնի տեսությունները վիճելի են համարել, պնդելով, որ որևէ ապացույց չկա, որ սեռական բնույթ ունեցող լրատվամիջոցները խրախուսում կամ նպաստում են կանանց նկատմամբ բռնությանը[19]։ Մաքս Ուոլտմենը նշել է, որ այս տեսակետի փորձառական ապացույցները չափազանցված են[20]։
1992 փետրվարին Կանադայի գերագույն դատարանը մեծ մասամբ ընդունել է Մաքքիննոնի հավասարության, ատելության քարոզչության և պոռնոգրաֆիայի տեսությունները։
Նա նաև ներկայացրել է բոսնիացի և խորվաթ կանանց՝ ընդդեմ սերբերի, որոնք մեղադրվել են 1992 թվականի ցեղասպանության մեջ և բռնաբարության օրինական պահանջ ստեղծել որպես ցեղասպանության ակտ։
Մաքքիննոնն ու Դվորկինը 1990 թվականին Շվեդիայում առաջարկել են մարմնավաճառության դեմ օրենքը, որն ընդունվել է 1998 թվականին[21]։ Մարմնավաճառության դեմ շվեդական մոդելը պատժում է սեռական ծառայության գնորդներին, ինչպես նաև վաճառողներին[փա՞ստ]։ Հիմնարար գաղափարն այն է, որ գոյատևման համար սեռական ծառայություններ փոխանակելու պահանջը սեռական անհավասարության արդյունք է և կանանց նկատմամբ բռնության ձև։ Այս մոդելն ընդունվել է Նորվեգիայում, Իսլանդիայում, Կանադայում, Իռլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ֆրանսիայում[փա՞ստ], սակայն մերժվել Նոր Զելանդիայում[22][23]։
Որոշ կազմակերպություններ և անհատներ, ինչպիսիք են «Սեռական աշխատանքի նախագծերի համաշխարհային ցանցը», միջազգային[24] ու կանանց թրաֆիքինգի դեմ համաշխարհային դաշինքը[25], որոնք նշել են, որ այս օրինական մոդելը սեքսուալ աշխատողների համար դժվարացնում է բնակարան գտնելը, գոյատևելու համար գումար վաստակելը, խուսափել ոստիկանության հետ շփումներից։
Մաքքիննոնը ակտիվորեն համագործակցում է Կանանց թրաֆիքինգի դեմ կոալիցիայի ու Հնդկաստանում Ապնե Աապի հետ։
Մաքքիննոնը պնդել է, որ կանանց և տղամարդկանց անհավասարությունը հասարակությունների մեծ մասում ձևավորում է հիերարխիա, որը ինստիտուցիոնալացնում է տղամարդկանց գերակայությունը, ստորադասում կանանց և համարվում բնական։ Նա գրում է տեսության և գործնականի փոխհարաբերությունների մասին՝ հասկանալով, որ երկու ասպարեզներում կանանց փորձը անտեսվել է։ Ավելին, նա օգտագործում է մարքսիզմը ֆեմինիստական տեսության մեջ լիբերալ ֆեմինիզմի որոշակի կետեր քննադատելու համար և արմատական ֆեմինիզմը օգտագործում է մարքսիստական տեսությունը քննադատելու համար[26]։
1996 թվականին Ֆրեդ Շապիրոն հաշվարկել է, որ «Ֆեմինիզմ, մարքսիզմ, մեթոդ և պետություն. Դեպի ֆեմինիստական իրավագիտություն» (1983) հոդվածը 96-րդ ամենացիտվող հոդվածն է, չնայած հրատարակվել է ոչ օրինական ամսագրում[27]։
1980-ական թվականների «Ֆեմինիստական սեռական պատերազմների» ընթացքում հակապոռնոգրաֆիկ դիրքորոշումներին դեմ հանդես եկող ֆեմինիստներն սկսել են իրենց անվանել «սեռամետ» կամ «սեքսուալ դրական ֆեմինիստ»։ Սեքսուալ դրական ֆեմինիստները և հակապոռնոգրաֆիկ ֆեմինիստները բանավիճել են այս հասկացությունների անուղղակի և ուղղակի իմաստների շուրջ։ Սեքսուալ դրական ֆեմինիստները նշել են, որ Մաքքիննոնի ու Դվորկինի կողմից մշակված հակապոռնոգրաֆիկ հրամանագրերը պահանջում էին հեռացնել, գրաքննություն իրականացնել կամ վերահսկել բացահայտորեն սեռական նյութերը[28]։
«States of Injury» (1995) գրքում Ուենդի Բրաունը պնդել է, որ Մաքքիննոնի կողմից մարմնավաճառությունն ու պոռնոգրաֆիան արգելելու փորձը հիմնականում չի պաշտպանում, այլ վերագրում է «կին» կատեգորիային էականացված ինքնություն, որի մեջ նախադրված է վիրավորանքը[29]։ «The Nation» շաբաթաթերթում Բրաունը նաև նկարագրել է Մաքքիննոնի «Toward a Feminist Theory of the State» (1989) գիրքը որպես «խորապես ստատիկ աշխարհայացք և ոչ ժողովրդավարական, գուցե նույնիսկ հակաժողովրդավարական քաղաքական զգայունություն», ինչպես նաև «առաջացած «ֆեմինիզմի երկրորդ ալիքի արշալույսին, կառուցված այլևս գոյություն չունեցող քաղաքական-մտավոր համատեքստի վրա. արական մարքսիստական մենաշնորհ արմատական սոցիալական դիսկուրսում»[30]։
Նախկինում Մաքքիննոնը հարաբերություններ է ունեցել հեղինակ և կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ջեֆրի Մասոնի հետ[31]։
Գրքեր
Op-eds
Դատական գործեր
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.