From Wikipedia, the free encyclopedia
Կամիլ Սեն-Սանս (ֆր.՝ Charles-Camille Saint-Saëns, հոկտեմբերի 9, 1835[1][2][3][…], Փարիզի 11-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][2] - դեկտեմբերի 16, 1921[5][1][3][…], Ալժիր, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի երգահան, երգեհոնահար, դիրիժոր և դաշնակահար, «Կենդանիների շքահանդես», «Մահվան պարը», «Հավանեզ», «Նախերգ և ռոնդո կապրիչոզո» սիմֆոնիկ ստեղծագործությունների, սիմֆոնիաների (այդ թվում՝ Սիմֆոնիա No. 3 (Երգեհոնային), «Սամսոն և Դալիլա» օպերայի հեղինակ։
Քամիլ Սեն-Սանս ֆր.՝ Charles Camille Saint-Saëns | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1835[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 11-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][2] |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1921[5][1][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ալժիր, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Գիտական աստիճան | երաժշտության դոկտոր[7] |
Երկեր | Piano Concerto No. 1?, Piano Concerto No. 2?, Symphony No. 3?, Մահվան պարը և The Carnival of the Animals? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, դիրիժոր, դաշնակահար և երաժշտական քննադատ |
Ամուսին | Marie-Laure Truffot? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա[8] |
Ստորագրություն | |
Camille Saint-Saëns Վիքիպահեստում |
Կամիլ Սեն-Սանսը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը՝ Վիկտոր Սեն-Սանսը նորմանդացի էր և ծառայում էր Ներքին գործերի նախարարությունում, իսկ նրա կինը Վերին Մարնից էր։ Կամիլը ծնվել է Պատիոյի փողոցում (Ղյու դյու Պատիո), որը գտնվում էր Փարիզի վեցերորդ վարչական շրջանում, և մկրտվել է մոտակա Սեն Սյուլպիս եկեղեցում։ Որդու կնունքից երկու ամիս էլ չանցած Վիկտոր Սեն-Սանսը վախճանվեց թոքախտից՝ իրենց ամուսնության մեկամյակի օրը։ Փոքրիկ Կամիլին տարան երկրից՝ առողջության ամրապնդման համար, և երկու տարի նա ապրեց բուժքրոջ հետ, Փարիզից 29 կմ հարավ, Կորբեյ կոչվող փոքրիկ բնակավայրում։ Երբ Սեն-Սանսը վերադարձավ Փարիզ, նրա դաստիարակությամբ սկսեցին զբաղվել մայրը և տատիկի քույրը՝ Շարլոտա Մեսոնը։ Դեռ Կամիլի երեք տարին չբոլորած, նա աչքի ընկավ փայլուն լսողությամբ, և տատիկի քույրը ձեռնամուխ եղավ տղային դաշնամուր նվագելու հիմունքները սովորեցնելուն։ Արդեն յոթ տարեկանում Քամիլը սկսեց աշակերտել Քամիլ Ստամատիին, ով ժամանակին եղել էր Ֆրիդրիխ Կալկբրենների աշակերտը։
Դեռևս երեխա, Կամիլը պարբերաբար համերգներով ելույթ էր ունենում փոքրիկ հանդիսատեսների համար (5 տարեկան և բարձր)։ Այդպես շարունակվեց, մինչև Կամիլը դարձավ տասը տարեկան, երբ կայացավ նրա առաջին հրապարակային բեմելը Փլեյել դահլիճում։ Այդ օրը նրա համերգային ծրագրում ընդգրկված էին Մոցարտի կոնցերտը դաշնամուրի համար (K450) և Բեթհովենի Երրորդ կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգն անցավ մեծ հաջողությամբ, որին հատկապես նպաստեց այն, որ Կամիլը նվագում էր հիշողությամբ (դա բնութագրական չէր այդ ժամանակաշրջանի համար)։ Դրանից հետո Կամիլ Ստամատին Սեն-Սանսին խորհուրդ տվեց աշակերտել կոմպոզիտոր Պիեռ Մալեդանին (որին Սեն-Սանսը հետագայում անվանում էր «անգերազանցելի ուսուցիչ») և երգեհոնահար Ալեքսանդր Պիեռ Ֆրանսուա Բոելին։ Եվ հենց Բոելն էր, որ Սեն-Սանսի մեջ սեր սերմանեց Բախի երաժշտության հանդեպ, որն այն ժամանակվա Ֆրանսիայում քիչ էր հայտնի։ Բացի երաժշտությունից երիտասարդ Սեն-Սանսը խիստ հետաքրքրված էր Ֆրանսիայի պատմությամբ, գրականությամբ, փիլիսոփայությամբ, կրոններով, հին լեզուներով և բնական գիտություններով՝ մաթեմատիկայով, աստղագիտությամբ և հնագիտությամբ։ Դրանց հանդեպ հետաքրքրությունը նա պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում։
1848 թվականին, 13 տարեկանում, Կամիլն ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա։ Տնօրեն Դանիել Օբերը, որ պաշտոնավարում էր 1842 թվականից, Լուիջի Քերուբինիից հետո, դասավանդման կարգի մեջ կատարել էր նպաստավոր փոփոխություններ, չնայած որ ուսումնական ծրագիրն ամբողջությամբ մնացել էր նույնը։ Ուսանողներին, նույնիսկ Սեն-Սանսի նման աչքի ընկնող դաշնակահարին, առաջարկվում էր ձեռք բերել երկրորդ՝ երգեհոնահարի մասնագիտություն, քանի որ եկեղեցական երգեհոնահարի կարիերան ավելի լայն հնարավորություններ էր ընձեռում, քան դաշնակահարինը։ Սեն-Սանսը երգեհոն նվագել սկսեց սովորել պրոֆեսոր Ֆրանսուա Բենուայի դասարանում, որին նա համարում էր միջակ երգեհոնահար, բայց առաջնակարգ մանկավարժ։ Բենուայի աշակերտներից են եղել Ադոլֆ Ադանը, Սեզար Ֆրանկը, Շարլ Ալկանը և Ժորժ Բիզեն։ 1851 թվականին Սեն-Սանսը կոնսերվատորիայում անցկացված երգեհոնահարների մրցույթում նվաճեց գլխավոր մրցանակը և նույն տարում սկսեց սովորել կոմպոզիցիա։ Նրա պրոֆեսորն էր Ֆրոմենտալ Հալևին, ում աշակերտել են նաև Շառլ Գունոն ու Ժորժ Բիզեն։
Սեն-Սանսի ուսանողական տարիների ստեղծագործություններից ուշագրավ է 1850 թվականին գրված Սիմֆոնիա A-dur-ը։ 1852 թվականին նա մասնակցեց Հռոմի մրցանակաբաշխությանը, բայց անհաջող։ Օբերը կարծում էր, որ մրցանակը պետք է ստանար Սեն-Սանսը, իբրև երաժիշտ, որ ուներ մեծ ներուժ, և ոչ թե հաղթող Լեոնս Կոենը։ Նույն տարում Սեն-Սանսը մեծ հաջողություն ունեցավ Փարիզի Սուրբ Սեսիլիայի միաբանության կազմակերպած մրցույթում, որտեղ հնչեց նրա «Ձոն Սուրբ Սեսիլիային» ստեղծագործությունը, որի համար էլ ժյուրիի անդամները հաղթանակը միաձայն շնորհեցին Սեն-Սանսին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.