Փաթիլ (գորիլա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Փաթիլ (իսպ.՝ Copito de Nieve, կատ.՝ Floquet de Neu, 1964, Հասարակածային Գվինեա - նոյեմբերի 24, 2003, Բարսելոնայի կենդանաբանական այգի), աշխարհում հայտնի միակ ալբինոս գորիլան։ 1966 թվականից մինչև իր մահն ապրել է իսպանական Բարսելոնա քաղաքի կենդանաբանական այգում[1][2]։
Փաթիլը պատկանում էր արևմտյան հարթավայրային գորիլլա ցեղատեսակին։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նրան բռնել են 1966 թվականին իսպանական Գվինեայի տարածքում և վաճառել Բարսելոնային[3]։ Ի սկզբանե ֆանգերի լեզվով, որով խոսում էր գորիլային բռնած որսորդը, նրան անվանել են Նֆումու Նգուի (Nfumu Ngui), որը բառացի նշանակում է «սպիտակ գորիլա»։
Կենդանու ձեռքբերման համար կենդանաբանական այգին ծախսել է 15 000 պեսետա[4], ինչը, ըստ որոշ աղբյուրների, Փաթիլին դարձրել է երբևէ որևէ կառույցի կողմից ձեռք բերված ամենաթանկարժեք կենդանին։ Բռնելու պահին նա գնահատվել է մոտ երկու տարեկան[5]։ Որոշ ժամանակ անց Փաթիլը մեծ հայտնիություն է ձեռք բերել ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ արևմտյան աշխարհում։ Նրա պատկերը տպագրվում էր բացիկների և ուղեցույցների վրա։ Նա դարձել է Բարսելոնայի կենդանաբանական այգու ոչ պաշտոնական խորհրդանիշը, նրա մասին նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր։
Փաթիլն ընդհանուր առմամբ երեք էգից ունեցել է 21 ձագ, որոնցից որևէ մեկը ալբինոս չի եղել։ Ըստ ուսումնասիրողների՝ Փաթիլի ալբինիզմը կապված էր ինբրիդինգի (արյունակից առանձնյակների՝ եղբայրների և քույրերի, ծնողների և սերնդի խաչասերումից առաջացած ցեղատեսակ) հետ[6]։ 1980 թվականի վերջին Լոնդոնի կենդանաբանական այգու գիտնականներն ուսումնասիրում էին Փաթիլի բջիջներից նույն ցեղատեսակի ստացման հավանականությունը, սակայն փորձն ավարտվել է անհաջողությամբ։
2001 թվականին Փաթիլը հիվանդացել է մաշկի քաղցկեղի անսովոր տեսակով, որը հավանաբար կապված է եղել նրա ալբինիզմի հետ։ 2003 թվականին նրան ենթարկել են Էֆթանազիայի[7][8]։ Փաթիլն ապրել է գրեթե 40 տարի (գորիլաները ապրում են միջինում 30-50 տարի)։
Փաթիլի պատվին է կոչվել (95962) Կոպիտո աստերոիդը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.