Ցողունային բջիջներ
From Wikipedia, the free encyclopedia
Ցողունային բջիջներ, քիչ դիֆերենցված կամ չդիֆերենցված բջիջներ։ Դեռևս 10-րդ դարի սկզբներին Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը։ Այդպես դարեր ի վեր ձևավորվել են բուժման հիմնական մոտեցումները՝ բուսաբուժություն (բույս), հոգեբուժություն (խոսք) և վիրաբուժություն (դանակ)։ Բժշկագիտության վերջին ձեռքբերումների շնորհիվ բուժման մոտեցումների շարքը համալրվել է ևս մեկով՝ բջջային տեխնոլոգիաներով, մասնավորապես ցողունային բջիջների միջոցով տարբեր հիվանդությունների բուժման նոր եղանակներով։ Ցողունային բջիջների կիրառման շնորհիվ ստեղծվել է բժշկության նոր բնագավառ՝ ռեգեներատիվ (վերականգնողական) բժշկություն։ Եթե վիրաբուժության հիմքում ընկած է «ավելորդի հեռացումը», ապա դրան հակառակ վերականգնողական բժշկությունը գործում է «բացակայող բաղադրամասերի լրացման» սկզբունքով։ Վերջինս ներառում է էնդոգեն ցողունային բջիջների ակտիվացման կամ բջջային բուժման (բջիջների փոխպատվաստման) եղանակով վնասված հյուսվածքի վերականգնումը, երիտասարդության երկարաձգումը և հիվանդների կյանքի որակի բարելավումը[1]։