From Wikipedia, the free encyclopedia
Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա, միջազգային իրավունքի տեսակետից ցեղասպանությունը բնորոշող, ինչպես նաև ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ․ որն ընդունել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին[1]։ Առ դեկտեմբերի 2017, կոնվենցիան միացած երկրների թիվը 149–ն է։
Կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում էական դեր է խաղացել հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը, որը Գերմանիայի պատերազմական հանցագործների Նյորնբերգյան դատավորություն ժամանակ (1945–1946) ԱՄՆ մեղադրողի խորհրդականն էր։ Այդ դատավարությունը, որը բացահայտեց Եվրոպայում ֆաշիստական զավթիչների կողմից հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ խմբերի ցեղասպանության բազմաթիվ դեպքեր, դրդեց ընդունելու ցեղասպանության մասին կոնվենցիա և արագացրեց դրա մշակումը։ Իսրայելցի հետազոտող, պրոֆեսոր Աորոն Յաիրը նշում է, որ Ռաֆայել Լեմկինսը ստեղծելով «ցեղասպանություն» (անգլ.՝ genoicde) եզրը, նկատի ուներ 1915 թվականի Հայոց Ցեղասպանություն[2]։ Այդ եզրը հանդիպում էր Նյուրնբերգյան դատավարության սևագրային տարբերակներում, սակայն վերջնական տարբերակում փոխարինվել էր «մարդկության դեմ հանցագործություններ» ձևակերպմամբ[3]։ Նյուրնբերգի դատավարության թարմ տպավորության տակ ընդունված Կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշում է՝ ելնելով այդ երևույթի էությունից ու նպատակներից և ոչ թե գործողությունների չափերից կամ զոհերի թվից։
Կոնվենցիայի 1–ին հոդվածը նշում է, որ ցեղասպանությունը հանցագործություն է, անկախ նրանից կատարվում է խաղաղ թե պարտերազմական պայմաններում, և որ ստորագրող կողմերը պարտավորվում են կանխարգելել և պատժել կատարելու համար[4]։
Կոնվենցիայի 2–րդ հոդվածը ցեղասպանություն է համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ․
Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին հայերի ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել բոլոր հինգ կետերում նշված գործողությունները, իսկ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ կատարվածը․ մասնավորապես՝ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում և 1990 թվականի հունվարին Բաքվում, լիովին համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին երեք կետերում նշված գործողություններին։ [փա՞ստ]
Կոնվենցիայի համաձայն, ցեղասպանության կամ նրա գործողություններից որևէ մեկի մեղավորները պետք է պատժվեն անկախ այն բանից, թե արդյոք նրանք սահմանադրական կարգով ընտրված կառավարողներ, հասարակական գործիչներ են թե մասնավոր անձինք, անկախ այն բանից, թե արդյոք նրանք մասնակցել են ցեղասպանության գործողություններին անձամբ, եղել են հանցագործության մեղսակից, մասնակցել են ցեղասպանության նպատակներով կազմակերպված դավադրության, ցեղասպանության հրահրման կամ ցեղասպանություն կատարելու փորձի (3-րդ և 4-րդ հոդված)[4]։ Կոնվենցիան չի ընդունում ցեղասպանության համար պատժի դեպքում իրավաբանական վաղեմություն․ պատիժը կարող են կայացնել ինչպես ազգային, այնպես էլ այդ նպատակով հատկապես ստեղծված միջազգային ատյանները։ Այդ պատճառով Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ընդունել անհրաժեշտ օրենսդրական ակտեր՝ նրա դրույթների իրականացման համար, մասնավորապես իրենց քրեական օրենսդրություններում նախատեսելով ցեղասպանության գործողության համար պատժամիջոցներ (5-րդ և 6-րդ հոդված)։ 8-րդ հոդվածի համաձայն․ Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից կարոդ է դիմել ՄԱԿ համապատասխան մարմնին, ՄԱԿ դրույթներին համապատասխան, պահանջելով ձեռք առնել, նրա կարծիքով, բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցեղասպանության գործողությունները կանխելու և կասեցնելու համար։
Կոնվենցիայի մշակման ժամանակ ԽՍՀՄ ներկայացուցիչը պնդում էր ազգային – մշակութային եղեռնի արգելման վրա, այն է՝ թույլ չտալ այնպիսի միջոցառումներ ու գործողություններ, որոնք ուղղված են բնակչության որևէ խմբի ազգային լեզվի օգտագործման և ազգային մշակույթի դեմ։ Սակայն այդ առաջարկը մերժվեց և չմտավ Կոնվենցիայի մեջ։ ԽՍՀՄ ներկայացուցիչը 1949 թվականի դեկտեմբերի 16-ին Կոնվենցիայի ստորագրման ժամանակ վերապահում կատարեց 9-րդ հոդվածի վերաբերյալ․ «Խորհրդային Միությունը իր համար պարտավորեցնող չի համարում 9-րդ հոդվածի այն դրույթները, որոնք նախատեսում են, որ ներկա Կոնվենցիայի պարզաբանման, կիրառման կամ կատարման հարցերի վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը կողմերից որևէ մեկի պահանջով հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը, և հայտարարում է, որ նման դեպքերում կվարվի այնպես, ինչպես և մինչև այժմ արել է, որ յուրաքանչյուր առանձին դեպքում կպահանջի վիճարկող բոլոր կողմերի համաձայնությունը»։ Նման վերապահությունը ըստ էության ի չիք էր դարձնում 8-րդ հոդվածը։ ԽՍՀՄ մյուս վերապահությունը վերաբերում էր 12-րդ հոդվածին, որտեղ ասվում էր․ որ «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ուզած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով կարող է ներկա Կոնվենցիայի գործադրումը տարածել բոլոր այն տարածքների կամ դրանցից մի քանիսի վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար նա պատասխանատվություն է կրում»։ Իր անհամաձայնությունը հայտնելով այդ հոդվածին՝ ԽՍՀՄ-ը հաստատում էր, որ, իր կարծիքով, «Կոնվենցիայի բոլոր դրույթները պետք է տարածվեն ինքնակառավարումից զուրկ, ներառյալ խնամարկյալ տարածքների վրա»։ Տվյալ վերապահությունը իր ուժը կորցրել է․ քանի որ ներկայումս խնամարկյալ տարածքներ չեն մնացել։
Այդ Կոնվենցիաս ստորագրած ԽՍՀՄ-ը այդպես էլ իր օրենսդրության մեջ ցեղասպանության մասին հոդվածներ չունեցավ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.