From Wikipedia, the free encyclopedia
«Վիեննայի խմբակ» (գերմ.՝ Wiener Kreis), գիտնականների ընկերակցություն, որը կանոնավոր կերպով հավաքներ էր կազմակերպում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 20-րդ դարի 20-ական թվականների վերջից մինչև 30-ական թվականները։ Խմբակի ղեկավարն էր ինդուկտիվ գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Մորիլ Շլիկը։ «Վիեննայի խմբակի» գործունեության հետ են կապում փիլիսոփայական տրամաբանական պոզիտիվիզմը։
«Վիեննայի խմբակի»-ի պատմությունը սկսել է ավստրիական ամենահին ուսումնական հաստատությունում՝ Վիեննայի համալսարանում։ 1895 թվականին այնտեղ ստեղծվեց ինդուկտիվ գիտությունների ամբիոնը, որը մինչև 1901 թվականը ղեկավարում էր Էռնստ Մախը, ում շնորհիվ Վիեննայում ձևավորվեց էմպիրիկ փիլիսոփայական ավանդույթ։ 1907 թվականին վիեննական «Ցենտրալ» սրճարանում սկսեցին հավաքվել Վիեննայի համալսարանի ուսանողներ և դասախոսներ, ովքեր հիմնականում Հանս Հանի ուսանողներն էին և ֆիզիկայի ու մաթեմատիկայի երիտասարդ դասախոսներ[1]։ Այդ հավաքները համարվում են Առաջին Վիեննական խմբակ կամ պրոտո-խմբակ։
Վիեննական խմբակի «կորիզը» համարվում են մաթեմատիկոս Հանս Հանը, սոցիոլոգ և տնտեսագետ Օտտո Նեյրատը, մեխանիկ մաթեմատիկոս Ռիհարդ ֆոն Միզեսը, ֆիզիկոս և փիլիսոփա Ֆիլիպ Ֆրանկը։ Գտնվելով մի ամբողջ շարք հեղինակների (Է. Մախ, Յ. Ֆոն Վիտուս, Լ. Բոլցման, Ա. Պուանկարե և ուրիշներ) գաղափարների ազդեցության տակ՝ պրոտո-խմբակի մասնակիցները ձգտում էին միավորել էմպիրիզմը, մաթեմատիկական տրամաբանությունը և ֆրանսիական կոնվենցիոնալիզմը։ Պրոտո-խմբակի հավաքները անցկացվեցին ընդհուպ մինչև 1912 թվականը։ Հավաքներն ավարտվեցին, երբ խմբակի մասնակիցներից շատերը մեկնել էին Վիեննայից[2]։
Առաջին համաշխարհային պատերազմից և Բոնում դասախոսություններ կարդալուց հետո Հանս Հանը Վիեննայի համալսարան վերադարձավ 1921 թվականին։ Նա որոշեց վերականգնել պրոտո-խմբակի գործունեությունը։ Այդ ժամանակ ինդուկտիվ գիտությունների ամբիոնի պրոֆեսորի տեղը թափուր էր, և Հանսը համալսարանի կոմիտեին համոզեց այդ պաշտոնում ընդունել Մորից Շլիկին[3], ով այդ ժամանակ փիլիսոփայություն էր դասավանդում Կիլի համալսարանում։ Հանսը կազմակերպեց Շլիկի Վիեննա տեղափոխությունը։
1922 թվականին պրոֆեսորի պաշտոնը ստանձնելու երդմնակալության ելույթի ժամանակ Մորից Շլիկը մտադրություն հայտնեց պահպանել Մախի և Բոլցմանի ոգին Վիեննայում և աջակցել բնական փիլիսոփայության նոր միտումներին[4]։ Պաշտոնի անցնելուց հետո Շլիկը քննարկումների խումբ ձևավորեց, որը հայտնի դարձավ որպես Երկրորդ Վիեննական խմբակ։ Այն վերջիվերջո սկսեց պարզապես կոչվել «Վիեննայի խմբակ»։ Այն համարվեց տրամաբանական պոզիտիվիզմի գաղափարական «կորիզ»-ը։ Խմբակը հավաքվում էր յուրաքանչյուր հինգշաբթի։ Այդ հանդիպումները կրում էին փակ բնույթ։ Շլիկը անձամբ «հինգշաբթիների» էր հրավիրում հայտնի մաթեմատկոսներին և փիլիսոփաներին։ Հանդիպումների մասնակիցների մեջ կային ինչպես հայտնի ուսանողներ, այնպես էլ փորձված դասախոսներ։ Երկրորդ Վիեննայի խմբակին մասնակցում էին այնպիսի հայտնիներ, որոնցից էր Օ.Նեյրատը, Ե.Ցիլզելը, Գ.Ֆեյգլը, Բ.Յուխոսը, Գ.Հեյդերը, Ր.Կարնալը, Վ.Կարֆտը, Ֆ, Կաուֆմանը, Գ.Հանը, Կ.Մենգերը, Տ.Ռադակովիչը և Կ.Գեդելը։
Լյուդվիգ Վիտգեինշտեյնի «Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ» (1924 թվական) գիրքը խմբակում լայնորեն քննարկվեց 1926-1927 ակադեմիական տարում, իսկ 1927 թվականի ամռանը խմբակի անդամները անձամբ հանդիպեցին Վիտգեինշտեյնի հետ[5]։
1925 թվականին Վիեննայի խմբակը մտավ հանրայնացման փուլ։ Իրենց գաղափարների տարածման համար խմբակի անդամները ստեղծում են Էռնստ Մախի ակումբը (գերմ.՝ Verein Ernst Mach), որի նախագահ է դառնում Մ.Շլիկը։ Էռնստ Մախի ակումբի շրջանակներում խմբակի մասնակիցները կազմակերպում են տարբեր թեմաներով հանրային դասալսումներ՝ փիլիսոփայության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստվածաբանության և այլ թեմաներով։ Դրա հետ մեկտեղ, խմբակում լույս է տեսնում «Էռնստ Մախի ակումբի տեղեկատվություն» տպագիր հրատարակությունը, որտեղ հրատարակվում են խմբակի անդամների գիտական աշխատանքները։
1929 թվականին Պրահայում անցկացվող ճշգրիտ գիտությունների իմացաբանական գիտաժողովում Նեյրատը Վիեննայի խմբակի անունից ներկայացնում է «Աշխարհի գիտական հասկացությունը, Վիեննայի խմբակ» հռչակագիրը (գերմ.՝ Wissenschaftliche Weltauffassung — Der Wiener Kreis): Հռչակագրի մեջ բանաձևված էին նեոպոզիտիվիզմի հիմնական սկզբունքները։ Հռչակագրում ցույց էին տրված փիլիսոփայական և գիտական մտքի այն ուղղություները, որոնց շարունակողներ էին իրենց համարում խմբակի անդամները։
Այդ ժամանակ էլ վերջնականապես ձևավորվում է Վիեննայի ակումբը և կապեր է հաստատվում նույնանման ոգով խմբերի հետ։ Օրինակ 1930 թվականին Վիեննայի խմբակը Ռեյխենբախի խմբակի (ևս մի նեոպոզիտիվիստական խումբ՝ Բեռլինի խմբակ անվանումով) հետ սկսեց թողարկել «Ճանաչում» ամսագիրը, որի առաջին համարում տպագրվեց խմբակի հռչակագիրը։ Բացի այդ, Վիեննայի խմբակին են սկսում հարել այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ջոն ֆոն Նեյմանը, Ֆ. Ռամսեյը, Ա. Ֆրենկելը և ուրիշները։ Այդ տարի Վիեննայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ է տեղափոխվում Գ. Ֆեյգլը, ով քիչ դերակատարում չէր ունեցել խմբակի գործունեության մեջ։ Հետագայում հենց նրա շնորհիվ է խմբակի գաղափարախոսությունը լայնորեն տարածում գտնում նաև արտերկրում։
1930 թվականին ճշգրիտ գիտությունների իմացաբանական երկրորդ համաժողովի մասին Քյոնիգսբերգ Գյոդելը ներկայացնում է իր ֆորմալ թվաբանության սկզբունքային սահմանափակումների մասին աշխատությունը։ Ա. Ֆ. Վայսմանը և Վ. Գեյզենբերգը ներկայացրեցին քվանտային մեխանիկայի, մաթեմատիկայում վերիֆիկացիայի սկզբունքների մասին իրենց աշխատությունը։ 1930-ական թվականներին Վիեննայի խմբակի անդամները ակտիվորեն սկսում են քննարկել նեոպոզիտիվիզմի գաղափարները։
1935 թվականին Պրահայում տեղի է ունենում համակցված գիտությունների առաջին միջազգային համաժողովը, որի ընթացքում խմբակի անդամները հանդես են գալիս միասնական փիլիսոփայական ուղղության ներքո։ Համաժողով են այցելում 20 երկրների շուրջ 170 գիտնականներ։ Համաժողովի ընթացքում քննարկվում է «Համակցված գիտությունների հանրագիտարան» ստեղծելու թեման։
1936 թվականին Կոպենհագենում տեղի է ունենում համակցված գիտությունների երկրորդ միջազգային համաժողովը՝ «Ֆիզիկայի և կենսաբանության պատճառականության խնդիրներ» թեմայով։ Այդ համաժողովին մասնավորապես ուշադրություն է դարձվում քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությանը[4]։
1936 թվականին համակցված գիտությունների երկրորդ միջազգային համաժողովի փակման հաջորդ օրը Վիեննայի համալսարանի աստիճանների վրա Մորից Շլիկը սպանվում է իր իսկ ասպիրանտի կողմից։ Դրանից հետո Վիեննայի խմբակը դադարեցնում է հանդիպումները, սակայն համագումարները դեռ շարունակվում են կազմակերպվել։ Հաջորդ երկու համագումարները տեղի են ունենում 1937 թվականին՝ Փարիզում և 1938 թվականին՝ Քեմբրիջում (վերջինը Եվրոպայում)։
1938 թվականին Վիեննայի խմբակը սկսում է քանդվել, իսկ Նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի գրավմամբ վերջնականապես դադարում է գոյություն ունենալ։ Վիեննայի խմբակի շատ անդամներ արտագաղթում են Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց շնորհիվ աստիճանաբար տրամաբանական պոզիտիվիզմի ուժեղ շարժում է ձևավորվում։ Այդպես հինգերորդ (1939թ.) և վեցերորդ (1941թ.) համակցված գիտությունների միջազգային համաժողովները անց են կացվում Քեմբրիջում (Մասաչուսեց) և Չիկագոյում։ Համաժողովների դադարում են կազմակերպվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով[4]։
Բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, խմբակի գաղափարախոսությունը մեծ տարածում է գտնում նաև աշխարհի այլ վայրերում՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում և այլուր։ Բայց Երրորդ Ռեյխում խմբակի գործունեությունը արգելված էր և համարվում էր «պայթյունավտանգ»[6]։
Վիեննայի խմբակը կազմված էր ականավոր բազմաթիվ մարդկանցից և դարձավ նեոպոզիտիվիզմի գաղափարախոսական կենտրոն։ Խմբակի հիմնադիրն է համարվում փիլիսոփա Մորից Շլիկը։ Խմբակի մյուս կարևոր գործիչներից են համարվում մաթեմատիկոս և տրամաբանող Կուրտ Գյոդելը, փիլիսոփա Ռուդոլֆ Կառնապը, մաթեմատիկոս Հանս Հանը, սոցիոլոգ և տնտեսագետ Օտտո Նեյրատը, փիլիսոփա Կառլ Հեմեպելը, ֆիզիկոս և մաթեմատիկոս Ֆիլիպ Ֆրանկը, փիլիսոփա Հանս Ռայխենբախը, ֆիզիկոս և մաթեմատիկոս Ֆրիդրիխ Վայսմանը և փիլիսոփա Վիկտոր Կրաֆտը[7]։ Խմբակի կազմում էին նաև Գուստավ Բերգմանը, փիլիսոփա և տրամաբանող Ռուդոլֆ Կառնափը, Շլիկի ուսանողը՝ Մարսել Նատկինը, մաթեմատիկոս Թեոդոր Ռադակովիչը և Օլգա Հան Նեյրատը (նա Օտտո Նեյրատի կինն էր և Հանս Հանի քույրը)։ Վիեննայի խմբակի կարճաժամկետ մասնակից, սակայն ջերմ աջակիցներ ու գաղափարի տարածողներ էին անգլիացի Ալֆրեդ Հայերը և ամերիկացի Ուլարդ Քուայնը։ Վիեննայի խմբակում հատուկ կարգավիճակ ունեին Լյուդվիգ Վիտգենշթայնը և Կարլ Փոփերը։ Առաջինը ընկալվում էր որպես հոգևոր ուսուցիչ, ում մոտ պրոֆեսոր Շլիկը գնում էր ունկնդրության[8], երկրորդը, որպես խմբակի «պաշտոնական քննադատ» (հայտնի է, որ 1934 թվականին Փոփերն իր հիմնական աշխատությունում քննադատության ենթարկեց վերիֆիկացիոնիզմի սկզբունքը՝ այն հակադրելով ֆալսիֆիկացիայի սկզբունքի հետ)։
Պրոտո-խմբակի հավաքներից առաջ Վիեննայի համալսարանում արդեն կար գիտա-էմպիրիկ փիլիսոփայության բազան, որի հիմքերը դրվել էին Մախի ու Բոլցմանի կողմից[9]։ Վիեննայի խմբակի գաղափարները ձևավորվել են մի քանի փիլիսոփայական գաղափարների և դրույթների ազդեցության ներքո[10]։ Այդպես, պոզիտիվիստական և էմպիրիկ դրույթները խմբակում ձևավորվել են Է. Մախի, Դ.Յումի, O. Կոնտի, Դ. Միլի, Ռ, Ավենարիուսի և լուսավորության փիլիսոփաների աշխատությունների ազդեցության ներքո։ Իր «Ճանաչում և մոլորություն» աշխատության մեջ Է. Մախը բոլոր գիտական մտորումների հանդեպ պահանջ ձևակերպեց, այդ թվում նաև այն, որ ֆիզիկական գիտության մեջ դատողությունները պետք է ստուգվեն փորձված միջոցներով, հակառակ դեպքում դրանք անիմաստ են։ Այս գաղափարը հիմք է հանդիսացել Վիեննայի խմբակի անդամների հակամետաֆիզիկ դիրքորոշման հիմքում։
Վիեննայի խմբակի անդամների մոտ գիտական մեթոդների ու նպատակների տեսլականը ձևավորվել է Է. Մախի, Հ. Հելմհոլցի, Գ. Ռիմանի, Ա. Պուանկարի, Պ. Դյուհեմի, Լ. Բոլցմանի և Ա. Էյնշտեյնի աշխատությունների ազդեցության ներքո։ Վիեննայի խմբակի անդամների վրա տպավորիչ ազդեցություն է գործել հարաբերականության տեսությունը, որը Ֆ.Ֆրանկը անվանում էր նոր պոզիտիվիզմի ոգով գիտական տեսության հիանալի օրինակ, քանի որ այդ տեսությունը առանձնացված էր այն փաստերից, որոնք պետք է նկարագրեր, ինչպես նաև նախատեսում էր հատուկ դիտարկումներ՝ ձգողականության ուժի ներքո լույսի տատնումը և այլն։
Բացի այդ, Վիեննայի խմբակի անդամները ծանոթացան տրմաբանության բնագավառի այնպիսի աշխատությունների հետ, որոնց հեղինակներն են Գ. Լեյբցինը, Ջ. Պեանոն, Գ. Ֆրեգեն, Է. Շրյոդերը, Բ. Ռասելը, Ա. Ուայտհեդը, Լ. Վիտգենշտեյնը։ Այդպես խմբակում ակտիվ քննարկվում էին Ռասելի և Ուայդհեդի «Principia mathematica» աշխատությունը՝ մաթեմատիկայի հիմնավորման մասին։ Մաթեմատիկայի հիմնավորման մյուս կարևոր աշխատությունը հանդիսանում էր Ֆրեգեի ուսումնասիրությունը, որում փորձ էր կատարվում ապացուցել, որ մաթեմատիկայի հիմքը հանդիսանում է հենց տրամաբանությունը։
Վիենայի խմբակում նաև ընթերցվում էին Մ. Պաշի, Պեանոյի, Վայլատի, Պյերի և Դ. Հիլբերտի հեղինակած աքսիոմատիկական աշխատությունները։ Պոզիտիվ սոցիոլոգիայի մասով անդամները ուսումնասիրում էին Էպիկուրոսի, Յումի, Բենտամի, Միլլի, Կոնտի, Ֆեյերբախի, Կ. Մարքսի, Գ. Սպենսերի, Մյուլլեր-Լայերի, Պոպեր-Լինկեուսի և Կառլ Մենգերի աշխատությունները։
Ռասելի և Ուայթհեդի կողմից «Principia mathematica» աշխատությունում մաթեմատիկայի հիմնական հասկացություները տրամաբանության միջոցով հիմնավորելուց և տրամաբանա-փիլիսոփայական տրակտատում Վիգտենշտեյնի կողմից մաթեմատիկան սովորական զազրաբանություն ներկայացնելուց հետո խմբակի մասնակիցները եկան այն եզրակացության, որ մաթեմատիկան և տրամաբանությունը ապրիորի վերլուծելի են իրենց բնույթով, և միևնույն ժամանակ մաթեմատիկան համադրելի է տրամաբանության հետ[11]։ Նման կերպ խմբակի անդամները իրատեսական էին համարում տրամաբանականության հիմնումը։
Վիեննայի խմբակի գաղափարների վրա մեծ ազդեցություն ունեցավ Վիտհենշտեյնը։ Ծանոթ լինելով «Principia Mathematica» աշխատությունում տրամաբանական ատոմիզմի մոդելին՝ իր տրամաբանա-փիլիսոփայական տրակտատում այդ մոդելը տարածել է աշխարհի մասին բոլոր գիտելիքների վրա։ Այդ մոդելի գլխավոր դրույթներն էին հանդիսանում էքզիստենցիալիզմը (առաջարկների միջև կապը դիտարկվում է դրանց ճշմարտացիության գործոնի ենթատեքստում) և ատոմարությունը (գիտությունը համադրվում է անկախ ատոմար առաջարկների հետ)։ Խմբակի անդամները, որպես էմպերիզմի կողմնակիցներ, այս մոդելը ձևափոխել են իրենց տեսանկյունից ելնելով։ Ըստ նրանց՝ աշխարհի մասին բոլոր գիտելիքները ամփոփվել են զգայական ստուգելի հաստատումներով, որոնց նրանք կոչում էին արձանագրային դրույթներ[12]։
Խմբակի անդամների մեծամասնության հավանությանն արժանացած գաղափարներից մեկը Է. Մախի արտահայտությունն է այն մասին, որ «դատողությունները, որոնք ոչ ստուգման են ենթակա և ոչ էլ ժխտվել են, չեն կարող որևէ կապ ունենալ գիտության հետ»։ Թեև խմբակի անդամները որոշեցին, որ մաթեմատիկական խնդիրները ոչ մի փաստ չեն արտացոլում (այսինքն ապրիորի վերլուծական են), ուստի անիմաստ են, սակայն նույնը նրանք չկարողացան ասել էմպիրիկ գիտությունների մասին, որոնք արտացոլում են իրական կյանքի փաստերը և սինթետիկ «aposteriori» են։ Վիեննական խմբակի կողմից առաջարկվել է մի սկզբունք, համաձայն որի՝ իրական կյանքի միայն փորձով փորձարկելի դատողությունները իմաստ ունեին։ Այդ տրամաբանական սկզբունքը ստացավ վերիֆիկացիոնիզմ անվանումը։ Համաձայն Վիեննայի խմբակի գաղափարների՝ ոչ վերիֆիկացվող առաջարկությունները, բացի այն որ անիմաստ էին, նաև փսևդոխնդիրներ էին ստեղծում[11]։
Վիեննայի խմբակի անդամները թեև գիտությունները կիսում էին բնականի և հումանիտարի, սակայն նրանք կարծում էին, որ թե՛ առաջինները և թե՛ երկրորդները պետք է միևնույն բնագիտական մեթոդաբանությանը ենթարկվեն։ Նման ձևով խմբակի անդամները փորձում էին ունիֆիկացված գիտություն ստեղծել, որը համաձայնեցված կլիներ իրենց մոնոպոլ դիրքորոշման հետ։ Այսպիսով, շրջանակի անդամները փորձեցին ստեղծել միասնական գիտություն, որը կհամապատասխանի մոնիզմ դիրքորոշմանը[11]։
Վիեննայի խմբակում մեծ դերակատարություն ունեցավ մախիզմը, որը մեծ ազդեցություն ուներ Վիեննայի համալսարանում։ Մախիզմի էմպիրիզմն ու ֆենոմենալիզմը գիտական ճանաչման մեկնաբանության համատեքստում Լյուդվիգ Վիտհենշտեյնի «տրամաբանական-փիլիսոփայական տրակտատում» ներկայացված գիտության փիլիսոփայությունում լեզվի տրամաբանական վերլուծության գաղափարների հետ համատեղ լայնորեն կիրառվում էր Վիեննայի խմբակի անդամների կողմից[13]։ Վիտհենշտեյնից փոխառնելով ատոմար առաջարկների գաղափարը՝ խմբակի անդամները ձևավորեցին փորձերում «անմիջական տրված» արտահայտող գիտական լեզվի մասին պնդումների հիմնարար մոդելը։ Այս հիմնարար հասկացությունները ստացան պրոտոկոլային առաջարկների անվանումներ և դիտարկվեցին որպես հաստատուն իրողություններ, որոնց հետ համեմատությունները երաշխավորում էին այս կամ այն վերլուծելի հաստատումների, այսինքն՝ իրական գիտությունների վերիֆիկացումը։ Գիտության ժամանակակից մեթոդոլոգիայում որևէ մեկնաբանությունից ազատ՝ մաքուր փորձի անվերապահ արժանահավատությունը կորցնում է իմաստը, այդ պատճառով էլ Վիեննայի խմբակի անդամների տվյալ գաղփարը ավելի շուտ հետաքրքիր է փիլիսոփայա-մեթոդոլոգիական մտքի պատմության իմաստով[14]։ Փիլիսոփայական խնդիրներից շատերի լուծման համար, ինչպես նաև գիտական լեզվի վերլուծության տեսանկյունից խմբակի անդամները գործածել են մաթեմատիկական տրամաբանության կառուցվածքը։ Հետագայում դա օգնել է հաստատել կամ հերքել գիտական տեսությունները։
1920-ական թվականներին Վիեննայի խմբակի գաղափարախոսության հիմքի վրա առաջացել է նեոպոզիտիվիզմի այնպիսի ուղղություն, ինչպիսին տրամաբանական պոզիտիվիզմն է։ Տրամաբանական պոզիտիվիզմին հատուկ էր վառ արտահայտված սցիենտիզմը, այսինք՝ այն համոզմունքների համակարգը, որը գիտության հիմնարար դերն էր հաստատում աշխարհի մասին դատողություններում։ Ոչ հազվադեպ են սցիենտիստները «օրինակելի գիտություններ» համարում ֆիզիկան ու մաթեմատիկան՝ վստահեցնելով, որ բոլոր գիտությունները պետք է կառուցվեն հենց դրանց հիմքերի վրա։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(գերմ.)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.