![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/%25D5%258E%25D5%25AB%25D5%25B7%25D5%25A1%25D5%25BA%25D5%25A1%25D6%2584%25D5%25A1%25D5%25B2.jpg/640px-%25D5%258E%25D5%25AB%25D5%25B7%25D5%25A1%25D5%25BA%25D5%25A1%25D6%2584%25D5%25A1%25D5%25B2.jpg&w=640&q=50)
Վահագն
From Wikipedia, the free encyclopedia
Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն (այլ կիրառումներ )
Վահագն | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստվածություն |
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
Սեռ | արական |
Այլ մշակույթներում | Հերակլես |
Զբաղմունք | քաջության, հաղթանակի արևի աստված |
Ամուսին | Աստղիկ |
Կապված կերպարներ | վիշապներ |
Հատկանիշներ | Խարտյաշ պատանի՝ հուր վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով |
![]() |
Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։
Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։
Վահագնը հին հայերի ամենասիրված աստվածներից էր։ Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն։ Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին։ Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով։
Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։
Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մորուք ու մազեր, արեգակունք աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։
Վահագնի անվան հետ է կապվում Հարդագողի ճանապարհ անվանումը։ Ըստ ավանդության ասորիների աստվածային նախնի Բարշամից Վահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վահագնը նույնացվել է Հերակլեսի հետ և ստացել նոր հատկանիշներ։
Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում։ Մեհյաններ են եղել նաև Հայաստանի այլ վայրերում։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Վահագնի պաշտամունքը այժմ տարածված է հայկական նեոհեթանոսության մեջ[1][2]։