From Wikipedia, the free encyclopedia
Սունիտա Դանուվար (անգլ.՝ Sunita Danuwar, հուլիսի 16, 1977, Dailekh, Dailekh District, Karnali Province, Նեպալ), նեպալցի մարդու իրավունքների պաշտպան, որը հիմնադրել է «Sunita Foundation» և Նեպալում գործող «Շակտի Շամուհա» հասարակական կազմակերպությունը, որն ստեղծվել է Հնդկաստանի հասարակաց տներից ազատված կանանց կողմից և աշխատում է ընդդեմ կանանց թրաֆիքինգի[1]։
Սունիտա Դանուվար | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Dailekh, Dailekh District, Karnali Province, Նեպալ |
Քաղաքացիություն | Նեպալ |
Մասնագիտություն | ակտիվիստ |
Կայք | sunitadanuwar.net |
Sunita Danuwar Վիքիպահեստում |
Սունիտա Դանուվարը ծնվել է Գանգա Բանի և Չանդրակալա Բանի ընտանիքում, Նեպալի հեռավոր արևմտյան մասում գտնվող Դայլեկխ շրջանում[2]։ Քանի որ նեպալցի ընտանիքներում աղջիկների կրթությունն առաջնահերթություն չի համարվում, նա հնարավորություն չի ունեցել մանկության ընթացքում դպրոց հաճախելու։ Այդուհանդերձ նրա հայրիկն իրեն սովորեցրել է նեպալական այբուբենն ու թվերը։ Հինգ տարեկան հասակում, երբ թերսնուցումից, աղքատությունից ու առողջապահական խնամքի մատչելիության բացակայությունից մահացել էին նրա վեց եղբայրներն ու քույրերը, ընտանիքի հետ բնակություն է հաստատել հյուսիսային Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում[3]։ Երբ Դանուվարը դարձել է տասնչորս տարեկան, ընտանիքը որոշել է կրկին տեղափոխվել, այս անգամ դեպի Նայնիտալ քաղաք։
Դեպի Նայնիտալ ճանապարհին ընտանիքը կանգ է առել Ուտարակխանդ նահանգի Ալմորա քաղաքում՝ ճանապարհորդությունը շարունակելու համար մի փոքր գումար վաստակելու։ Այնտեղ հանդիպել են նեպալցի երկու տրակտորիստի և ընկերացել նրանց հետ։ Երբ ընտանիքը վերջապես կարողացել է հավաքել դեպի Նայնիտալ ճանապարհորդությունը շարունակելու համար անհրաժեշտ գումարը, երկու տրակտորիստները թմրանյութ են լցրել Դանուվարի ուտելիքի մեջ և նա կորցրել է գիտակցությունը[2][3], որից հետո նրան 40․000 հնդկական ռուփիով վաճառել են Մումբայում գտնվող մի հասարակաց տան[փա՞ստ]։
Հասկանալով, որ հայտնվել է հասարակաց տանը, Դանուվարը կտրականապես հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալ, չնայած հոգեկան և ֆիզիկական խոշտանգումներին, որոնց ենթարկվում էր։ Մտածել է նաև ինքնասպանություն գործելու մասին։ Մոտավորապես մեկ ամիս անց հասարակաց տան տերը նրան 100․000 ռուփիով վաճառել է մեկ այլ հասարակաց տան[3], որտեղ նույնպես նրան տանջել են ու մահվամբ սպառնացել։ Հասարակաց տան տերը հրամայել է հինգ տղամարդու բռնաբարել նրան ու նրան այլ ընտրություն չթողնելով՝ ստիպել վեց ամիս աշխատել որպես հարկադիր սեռական աշխատող։ Կարողացել է փախչել 1996 թվականի փետրվարի 5-ին[4] այդ տարի Մումբայի հասարակաց տների վրա խոշոր հարձակումների շնորհիվ, որոնք իրականացվել էին ազգային և միջազգային մակարդակի երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպություններից եկող հսկայական ճնշման արդյունքում՝ անչափահաս երեխաներին հարկադիր սեռական ստրկությունից փրկելու նպատակով[5]։ Վերոնշյալ արշավների արդյունքում 484 կին և աղջիկ է ազատվել հասարակաց տներից, որոնց ավելի քան 40%-ը Նեպալից էին, ինչպես Դանուվարը։
Յոթ ամիս անց մոտավորապես 128 նեպալցի կանայք ու աղջիկներ վերադարձել են մայրաքաղաք Կատմանդու, իսկ նրանցից տասնհինգը, որոնց թվում և Դանուվարը, որոշել են ստեղծել նեպալյան «Շակտի Շամուհա» կազմակերպությունը։
Դանուվարն ընկերների հետ ստեղծել է «Շակտի Շամուհան» 1996 թվականին։ Գլխավոր նպատակն աղջիկների և կանանց ապօրինի թրաֆիքինգի խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր։ Սկսել է շատ ժամանակ անցկացնել նեպալյան գյուղերի փողոցներում քայլելով ու երիտասարդ կանանց ու աղջիկներին թրաֆիքինգի վտանգին ենթարկվելու մասին զգուշացնել[6]։ Նաև սցենարներ է գրել պիեսների համար, որոնցում նաև դերակատարումներով է հանդես եկել կա՛մ որպես հասարակաց տան տեր, կա՛մ որպես միջնորդ, ու դրանք «Շակտի Շամուհայի» մյուս անդամների հետ բեմադրել անմիջապես փողոցներում։
Սակայն Դանուարը չի սահմանափակվում կազմակերպության մեջ որոշակի պաշտոնով։ Նա նաև ազատագրված կանանց ու աղջիկների խորհրդականն է ու ուսուցիչը։ Ընդգրկված է նաև կազմակերպության քաղաքականության մշակման, ռազմավարության մշակման և վերապատրաստման ծրագրերում։ 2011 թվականից ի վեր նախագահության երկրորդ ժամկետն է ծառայում որպես կազմակերպության նախագահ (նրա առաջին ժամկետը տևել է 2000 - 2004 թվականները)։
2001 թվականին Կատմանդուում ընդունվել է յոթերորդ դասարան ու երկու տարի սովորել «Շակտի Սամուհայի» նվիրատուների աջակցության շնորհիվ։ 2009 թվականին կարողացել է գտնել ֆինանսավորում` դպրոցական աջակցության դասընթացներին չորս ամիս հաճախելու համար, այնուհետև միացել SLC- ին` Նեպալում ուսումնառության վերջին տարուն։ Հանձնել է միջնակարգ դպրոցի քննություն ու երկու տարի սովորել Padma Kanya Multiple Campus կանանց քոլեջում։ Ներկայումս աշխատում է Կադամբերիի ակադեմիայի սոցիալական աշխատանքների արվեստի բակալավրի կոչում ստանալու ուղղությամբ։
2008 թվականից հանդիսանում է Կանանց թրաֆիքինգի դեմ գլոբալ դաշինքի խորհրդի անդամ[7] և և Նեպալի դաշնություն ՀԿ-ի գործադիր խորհրդի անդամներից մեկը (NFN)[8]։ 2009 - 2010 թվականներին եղել է նաև Նեպալում կանանց և երեխաների թրաֆիքինգի դեմ դաշինքի նախագահը (AATWIN)[9]։ 2015 թվականի ապրիլի 14-ին ՄԱԿ-ի Մարդկանց թրաֆիքինգի զոհերի կամավոր վստահության ֆոնդին նվիրված բարձր մակարդակի միջոցառման բանախոսների խմբի անդամ է եղել[10]։
2015 թվականի նեպալյան երկրաշարժից հետո Դանուվարը կոչ է արել հնարավորինս մեծ զգոնության և, մասնավորապես, աղջիկներին և կանանց պատվիրել պաշտպանվել սեռական թրաֆիքինգից։ Նա հայտարարել է․ «Մենք տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ [անհատները] ձևացնելով, թե փրկության են գնում՝ նայեում են մարդկանց»[11][12]։ «Շակտի Սամուհան» նաև եղել է «Childreach International» լոնդոնյան բարեգործական ընկերության գործընկերներից մեկն իր «Ուսուցանված, թրաֆիքինգի չենթարկված» նախագծում[13], որի վերաբերյալ ասել է․ «Որպես թրաֆիքինգ վերապրած ես գիտեմ, թե որքան չար և վնասակար է այն, և ինչ հետևանքներ է այն ունենում ոչ միայն թրաֆիքինգի ենթարկվածների, այլ ամբողջ համայնքների համար։ «Childreach International» ընկերության «Ուսուցանված, թրաֆիքինգի չենթարկված» նախագիծը հսկայական կարևոր արշավ է, որը կօգնի մեզ նվազեցնել Նեպալում երեխաների թրաֆիքինգը և հուսով եմ, որ ճիշտ կրթությամբ և պատմություններով կխոչընդոտի ապագայում դրա տեղի ունենալուն»։
Դանուվարը ռեժիսոր Բինոդ Ադհիկարիի նկարահանած «The Color of Brave» նեպալական վավերագրական կինոնկարի երկու գլխավոր հերոսուհիներից մեկն է[14][15][16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.