Հանդիսանում է նույնանուն նահանգի վարչական և երկրի տնտեսական գլխավոր կենտրոնը։ 12.708,6 հազար բնակչություն (1980)։ Տրանսպորտային հանգույց է։ Սան Պաուլոի ագլոմերացիայի մեջ են մտնում 37 քաղաք-արբանյակ։ Լատինական Ամերիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է[4]։ Զարգացած են մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը։ Ունի 3 համալսարան։ Սան Պաուլոն հիմնադրել են ճիզվիտները 1554 թվականի հունվարի 25-ին Ս․ Պողոսի (այստեղից էլ՝ Սան Պաուլո անվանումը) հիշատակի օրը։ 16-18-րդ դարերը եղել է սուրճի պլանտացիաների կենտրոն։ 1822 թվականին Սան Պաուլոում է հռչակվել Բրազիլիայի անկախությունը։ 19-րդ դարի սկզբին այստեղ են սկսել առաջանալ Բրազիլիայում առաջին կապիտալիստական մանուֆակտուրաները։ 20-րդ դարի սկզբին քաղաքը դարձել է արդյունաբերական և բանվորական շարժման խոշոր կենտրոն։ Հայերը Սան Պաուլոում հաստատվել են 19-րդ դարի վերջին, համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918 թթ.) և Կիլիկիայի հայերի զանգվածային արտագաղթից (1921-1922 թթ.) հետո։ 1983 թվականին Սան Պաուլոում կար շուրջ 18 հազար հայ։ Հիմնականում զբաղվում են առևտրով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ։ Համայնքում գործում են Դուրյան ազգային վարժարանը (1931 թ.), Սուրբ Գևորգ եկեղեցին, ՀԲԸՄ-ի Սան Պաուլոի մասնաճյուղը (1931 թ.), Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները, Երիտասարդական լիգան։ Սան Պաուլոի համալսարանում կա հայագիտական ամբիոն։ Սան Պաուլոում է կառավարության պալատը (16-րդ դար)։ Կան երկնաքերներ (20-րդ դար), Սան Պաուլոի 400-ամյակի պատվին կառուցված Միջազգային ցուցահանդեսի համալիրը (1951-1954 թթ., ճարտարապետ Օ․ Նիմեյեր և ուրիշներ) և այլն։