Ռևմատիկ տենդ
From Wikipedia, the free encyclopedia
Ռևմատիկ տենդ, սիրտը, հոդերը, մաշկն ու գլխուղեղն ախտահարող վարակիչ հիվանդություն[1]։ Բնորոշ է հիվանդության զարգացումը ստրեպտոկոկային վարակից հետո, երկուսից չորս շաբաթվա ընթացքում[2]։ Բնորոշ ախտանշաններն են տենդը, բազմակի հոդացավերը, ջղաձգումները, մկանացավերը և երբեմն առանց քոր ցանը, օղակաձև էրիթեման[3]։ Սիրտն ախտահարվում է դեպքերի կեսում[3]։ Սրտի փականային համակարգի ախտահարումը, որը հայտնի է որպես սրտի ռևմատիկ հիվանդություն, սովորաբար առաջանում է կրկնվող նոպաներից հետո, բայց կարող է առաջանալ անգամ եզակի դեպքից հետո[3]։ Փականների ախտահարումը կարող է հանգեցնել սրտային անբավարարության, նախասրտերի շողացման և վնասված փականների վարակման[3]։
Ռևմատիկ տենդ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
Rheumatic fever Վիքիպահեստում |
Ռևմատիկ տենդը կարող է առաջանալ վարակային կոկորդաբորբից հետո՝ պայմանավորված թարախածին ստրեպտոկոկով (Streptococcus pyogenes)[4]: Հիվանդության հիմքում ընկած է մարդու սեփական հյուսվածքների նկատմամբ հակամարմինների առաջացումը[3]։ Ժառանգական նախատրամադրվածությամբ պայմավորված, որոշ մադկանց մոտ հիվանդացության ռիսկն ավելի բարձր է[3]։ Այլ ռիսկի գործոններից են թերսնումը և հյուծվածությունը[3]։ Ախտորոշումը դրվում է տարած ստրեպտոկոկային վարակի առկայության և կլինիկական պատկերի հիման վրա[5]։
Պենիցիլինային շարքի հակաբիոտիկներով ստրեպտակոկային գենեզի կոկորդային վարակի բուժումը զգալի նվազեցնում է հիվանդության զարգացման ռիսկը[6]։ Հակաբիոտիկների չարաշահումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում նախապես լաբորատոր ախտորոշմամբ հաստատել ստրեպտոկոկային վարակի առկայությունը, ինչը հաճախ հասանելի չէ զարգացող երկրներում[7]։ Ռևմատիկ տենդի կանխարգելմանն է ուղղված նաև բերանի խոռոչի սանացիան[7]։ Իսկ արդեն ռևմատիկ տենդի և սրտի ռևմատիկ հիվանդության առկայության դեպքում խորհուրդ է տրվում երկարատև կուրսով հակաբիոտիկների կիրառումը[7]։ Սրտի ռևմատիկ հիվանդության զարգացման դեպքում բուժումն էլ ավելի բարդ է[7]։ Որոշ դեպքերում սրտի փականային համակարգի փոխումն անխուսափելի է[7]։ Այլ բարդությունները բուժվում են ինչպես սովորական պրակտիկայում[7]։
Ամեն տարի դիտվում է երեխաների շրջանում ռևմատիկ տենդով հիվանդացության 325.000 դեպք և սրտի ռևմատիկ հիվանդության զարգացման 33.4 մլն. դեպք[7][8]։ Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 5-14 տարեկան երեխաների շրջանում և միայն 12.5% դեպքերում են առաջին նշանները դիտվում մեծահասակների մոտ[9]։ Հիվանդությունն առավել տարածված է զարգացող երկրներում[3]։ 2015 թվականին դիտվել է մահացության 319.400 դեպք, մինչ դեռ 1990 թվականին այդ ցուցանիշը կազմել է 374.00 դեպք[10][11]։ Զարգացոր երկրներում դիտվում է տարեկան 12.5% մահացության դեպք[4]։
Հիվանդության առաջին նկարագրերը հայտնաբերվել են Հիպոկրատի աշխատություններում, մ.թ.ա. 5-րդ դարում[12]։ Ռևմատիկ տենդ անվանումը պայմանավորված է հիվանդության կլինիկական պատկերի խիստ նմանությանը ռևմատիկ ալյ հիվանդություններին[13]։