Ռեզուս գործոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռեզուս գործոն, էրիթրոցիտների թաղանթի վրա գտնվող հակածին (ագլյուտինոգեն)։ Պայմանավորում է արյան խմբային դասակարգումներից մեկը։ ABO արյան համակարգից հետո երկրորդ կարևոր նշանակություն ունեցող արյան համակարգն է։ Հայտնաբերվել է 1940 թվականին Կարլ Լանդշտեյների և Ալեքսանդր Վիների կողմից, ովքեր փորձարարական նպատակով Macacus rhesus կապկի արյունը փոխներարկեցին ճագարին։ Rhesus բառի սկզբնատառով է կոչվում այս գործոնը[1][2]։
Ռեզուս գործոն-հակածին (Rh), պարունակվում է մարդկանց 85% ֊ի և Macacus Rhesus կապիկների (այստեղից էլ՝ անվանումը) էրիթրոցիտներում։
Ռեզուս-ֆակտոր պարունակող արյունը կոչվում է ռեզուս-դրական։ Գոյություն ունեն Ռեզուս-ֆակտոր համակարգի մի քանի հակածիններ, այդ թվում Hr խումբ, որը Rh-ի հետ կազմում է Rh—Hr ընդհանուր համակարգը, պարունակում է Rh-ագլուտինոգենի 3 տարատեսակ (D, С և E), Hr-ագլուտինոգենի 3 տարատեսակ (c, d, e) և այլ հազվադեպ տարբերակներ։ Hr-ագլուտինոգենը պարունակվում է մարդկանց 83% ֊ի էրիթրոցիտներում։ Ռեզուս-ֆակտոր որպես դոմինանտ հատկանիշ, փոխանցվում է ժառանգաբար և չի փոխվում կյանքի ընթացքում։ Ռեզուս-ֆակտորը պարտադիր հաշվի է առնվում արյան փոխներարկման ժամանակ։ Rh-դրական արյունը Rh-բացասական արյուն ունեցող մարդուն առաջին անգամ ներարկելիս, վերջինիս արյան մեջ առաջանում են յուրահատուկ հակամարմիններ, ագլուտինիններ։ Կրկնակի փոխներարկումների դեպքում առաջանում է «հակածին-հակամարմին» ռեակցիա, էրիթրոցիտների փաթիլավորում (ագլուտինացիա) և փոխներարկումային շոկ։ Վերջինիս բնորոշ ախտանշաններն են՝ դող, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գոտկատեղի կարճատև ցավեր, ծանր դեպքերում՝ զանգվածային հեմոլիզ՝ երիկամային անբավարարությամբ։ Այդ ռեակցիաները բուժում են արյան բացթողումով, հետագայում ներարկում են Rh-բացասական արյուն։ Rh-բացասական մոր արգանդում Rh-դրական պտղի զարգացման դեպքում առաջանում են հակամարմիններ, որոնք հաջորդ հղիությունների ժամանակ կարող են պտղի մահվան կամ ինքնաբեր վիժումների պատճառ դառնալ, իսկ երեխայի ողջ ծնվելու դեպքում՝ զարգանում է նորածնի հեմոլիտիկ հիվանդություն։ Rh-կոնֆլիկտը դրսևորվում է հղիության 7-8-րդ շաբաթում, երբ սկսում է ձևավորվել պտղի արյունաստեղծումը։ Rh-կոնֆլիկտի կանխարգելումը՝ հակառեզուս-գամմա-գլոբուլինի ներարկումներով։
Ի տարբերություն α- և β-ագլյուտինինների, Rh-գործոնն ագլյուտինացնող հակա-Rh ագլյուտինինը բնականոն ճանապարհով չի սինթեզվում։ Այն սինթեզվում է միայն ռեզուս անհամատեղելիության (կոնֆլիկտի) դեպքում, երբ Rh+ արյունը ներարկվում է Rh- ռեցիպիենտին[3][4]։
Մարդկանց 85%-ը պատկանում է ռեզուս-դրական՝ Rh+, իսկ 15%-ը՝ ռեզուս-բացասական՝ Rh- խմբին։ Ռեզուս գործոնն ունի մի քանի տարբերակներ (C, D, E, c, e)։ Նույն մարդու էրիթրոցիտներն իրենց թաղանթի վրա կրում են այդ 6 գործոններից միայն երեքը։ Ընդ որում, եթե առկա է E հակածինը, ապա e-ն բացակայում է, C-ի առկայության դեպքում բացակայում է c-ն և այլն։ Նշած ագլյուտինոգեններից միայն D-ն ունի իմունացնելու ուժեղ հատկություն, որի ազդեցությամբ սինթեզվում են հակա-D (հակա-Rh) ագլյուտինիններ։ Այդ պատճառով այն արյունն է համարվում Rh+, որի էրիթրոցիտները կրում են D ագլյուտինոգեն։