Պիտեր Պաուլ Ռուբենս
From Wikipedia, the free encyclopedia
Պիտեր Պաուլ Ռուբենս (հոլ.՝ Pieter Paul Rubens, հունիսի 28, 1577[1][2], Զիգեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[3][4][5] - մայիսի 30, 1640(1640-05-30)[6][7][8][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5]), նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկը, դիվանագետ, կոլեկցիոներ։ Ռուբենսի ստեղծագործական ժառանգությունը կազմում են շուրջ 3000 նկարներ, որոնց մեծ մասն ստեղծվել է աշակերտների ու կոլեգաների հետ համագործակցությամբ, որոնցից ամենահայտնին Անտոնիս վան Դեյքն է։ Ըստ Մայքլ Ջաֆի կատալոգի՝ վավերական կտավների թիվը կազմում է 1403[12]։ Պահպանվել է Ռուբենսի լայնածավալ նամակագրությունը, որ մեծ մասամբ դիվանագիտական է։ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի կողմից արժանացել է ազնվականի (1624), իսկ Անգլիայի թագավոր Կարլ I-ի կողմից՝ ասպետի կոչման (1630)՝ անձնական գերբում հերալդիկ առյուծ ընդգրկելու թույլտվությամբ։ 1635 թվականին ձեռք բերելով Ստեեն ամրոցն Էլեվեյտեում՝ Ռուբենսն ստացել է սենյորի տիտղոս։
Ռուբենսի արվեստը բրեյգելյան ռեալիզմի ու վենետիկյան դպրոցի ձեռքբերումների օրգանական համաձուլվածք է։ Ռուբենսը մասնագիտացել է կրոնական գեղանկարչության մեջ, ստեղծել առասպելական ու ալեգորիկ սյուժեներով նկարներ, դիմանկարներ (այդ ժանրից նա հրաժարվել է իր կյանքի վերջին տարիներին), բնանկարներ ու պատմական կտավներ, ինչպես նաև արել է էսքիզներ պաստառագործների ու գրքերի նկարազարդումների համար։ Յուղաներկերով գեղանկարչության տեխնիկայում Ռուբենսը եղել է վերջին նկարիչներից մեկը, ով օգտագործել է փայտե պանելներ հաստոցային աշխատանքների համար (նույնիսկ շատ մեծ չափերի)։ Չխախտելով բարոկկոյի հասուն ոճի սկզբունքները՝ Ռուբենսն իր ստեղծագործության հիմնական բովանդակությունը դարձրել է կյանքի տարերքի փառաբանումը։ Ռուբենսի՝ դեկորատիվ թափով աչքի ընկնող կոմպոզիցիաներն անհամաչափ են, անհանգիստ, բարդ ռիթմով, լայնորեն օգտագործվում են լուսաստվերային հակադրությունները[13]։
Հայաստանի ազգային պատկերասրահում է գտնվում Ռուբենսի «Սիլենոսի երթը» նկարը։