![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Goya-El_sue%25C3%25B1o_de_la_raz%25C3%25B3n.jpg/640px-Goya-El_sue%25C3%25B1o_de_la_raz%25C3%25B3n.jpg&w=640&q=50)
Պաշտպանական մեխանիզմներ
From Wikipedia, the free encyclopedia
Պաշտպանական մեխանիզմներ (հոգեբանական պաշտպանություն), խորքային հոգեբանության հասկացություն։ Պաշտպանական մեխանիզմ հասկացության տակ հասկացվում է այն չգիտակցվող հոգեկան գործընթացը, որն ուղղված է նեգատիվ ապրումները նվազագույնին հասցնելուն։ Պաշտպանական մեխանիզմները ընկած են դիմադրության պրոցեսների հիմքում։ Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր (ցավալի) և տհաճ հիշողություններից ու զգացումներից։ Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ մարդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը։ Պաշտպանական հոգեբանական մեխանիզմները ծառայում են տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները (կոնֆլիկտները) վերացնելուն։ Սա յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի բնական պահանջմունքն է և նույն կերպ յուրաքանչյուր հոգեկան պրոցես կարելի է համարել այս նպատակին հասնելու ձգտում։ Հոգեվերլուծության մեջ պաշտպանական մեխանիզմները անգիտակցականից եկող հագեբանական ռազմավարություններ են իրականությունը փոխելու, ժխտելու, աղավաղելու համար։ Սա նպատակ ունի նվազեցնել լարվածությունը, անընդունելի իմպուլսները[1]։ Պաշտպանական մեխանիզմների թվին են պատկանում արտամղումը, ռացիոնալիզացիան, սուբլիմացիան և այլն։ Հոգեվերլուծության մեջ արտամղումը համարվում է մնացած մեխանիզմների հիմքը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Goya-El_sue%C3%B1o_de_la_raz%C3%B3n.jpg/640px-Goya-El_sue%C3%B1o_de_la_raz%C3%B3n.jpg)
Առողջ մարդիկ իրենց կենսագործունեության ընթացքում օգտագործում են մեխանիզմների տարբեր տեսակները։ Դրանց կիրառումը հասնում է պաթոլոգիկ աստիճանի, երբ դա բերում է ոչ ադեկվատ վարքի, որն էլ բացասաբար է ազդում անհատի ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա։ Պաշտպանական մեխանիզմների նպատակներից է Ես-ի պաշտպանումը լարվածությունից, սոցիալական սանկցիաներից, խուսափումը այն իրավիճակներից, որը Ես-ը չի կարողանում է հաղթահարել։