Ուշագնացություն
From Wikipedia, the free encyclopedia
Սինկոպեն, հայտնի ինչպես ուշագնացություն, գիտակցության և մկանային ուժի կորուստ, որին բնորոշ է արագ սկիզբ, կարճ տևողություն և ինքնաբուխ վերականգնում[1]։ Այն պայմանավորված է ուղեղի արյան հոսքի նվազումով՝ սովորաբար արյան ցածր ճնշմամբ պայմանավորված[1]։ Գիտակցության կորստից առաջ սովորաբար լինում են ախտանշաններ, ինչպիսիք են՝ գլխապտույտ, քրտնարտադրություն, գունատություն, մշուշոտ տեսողություն, սրտխառնոց, փսխում, տաքության զգացում։ Սինկոպեն կարող է նաև կապված լինել մկանային ցնցումների դրվագների հետ[1] ։ Վիճակը, երբ գիտակցությունը և մկանային ուժը ամբողջությամբ կորած չեն՝ կոչվում է նախասինկոպե[1]։ Խորհուրդ է տրվում նախասինկոպեն բուժել ինչպես սինկոպեն[1]։
Ուշագնացություն | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
ՀՄԴ-9 | 780.2 |
ՀՄԴ-10 | R55 |
Syncope (medicine) Վիքիպահեստում |
Պատճառները կարող են տարբեր լինել՝ թեթևից մինչև մահացու[1]։ Կան պատճառների երեք լայն խմբեր՝ սրտի և արյունատար անոթների հետ կապված, ռեֆլեկտոր՝ հայտնի նաև որպես նյարդային միջնորդված և օրթոստատիկ հիպոտենզիա[1]։ Սրտի և արյունատար անոթների հետ կապված խնդիրները պատճառների 10%–ն են կազմում և սովորաբար ամենալուրջն են, մինչդեռ նյարդամիջնորդավորվածները ամենատարածվածն են[1]։ Սրտի հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել սրտի առիթմիայի, սրտի փականների կամ սրտամկանի խնդիրների հետ, արյան անոթների խցանումներով՝ առաջացած թոքային էմբոլիայից կամ աորտայի շերտազատումից և այլն[1]։ Նյարդամիջնորդավորված ուշաթափությունը առաջանում է արյունատար անոթների լայնացման և հազվասրտության ժամանակ[1]։Այն կարող է առաջանալ այնպիսի ազդակներից, ինչպիսիք են արյան փոխներարկումը, ցավը, ուժեղ զգացողությունները կամ հատուկ գործողություններ, ինչպիսիք են միզարձակումը, փսխումը կամ հազը[1]։ Ուշաթափության այս տիպը կարող է առաջանալ նաև, երբ պարանոցի վրա քնային ծոցը սեղմվում է[1]։ Օրթոստատիկ թերճնշումային ուշաթափությունը պայմանավորված է արյան ճնշման անկմամբ՝ կանգնած դիրք ընդունելուց[1]։ Այն հաճախ առաջանում է տվյալ անձի ընդունած դեղամիջոցների պատճառով, սակայն կարող է առաջանալ ջրազրկման, արյան զգալի կորստի կամ վարակի պատճառով[1]։
Հիվանդության պատմությունը, ֆիզիկալ զննումը և էլեկրասրտագրությունը (ԷՍԳ) ամենաարդյունավետ տարբերակներն են հիմնական պատճառը պարզելու համար[1]։ ԷՍԳ–ն հնարավորություն է տալիս հայտնաբերելու առիթմիաները, սրտամկանի անբավարար արյունամատակարարումը և այնպիսի էլեկտրական խնդիրներ, ինչպիսիք են երկար QT և Բրոգադա համախտանիշները[1]։ Սրտի հետ կապված խնդիրները հաճախ ունենում են կարճ պրոդրոմալ շրջան[1]։ Դրվագից հետո արյան ցածր ճնշումը և սրտի հաճախացած զարկերը կարող են վկայել արյան կորստի կամ ջրազրկման մասին, մինչդեռ արյան մեջ թթվածնի ցածր մակարդակը կարող է դիտվել թոքային էմբոլիայի դեպքում[1]։ Ավելի յուրահատուկ թեստերը, ինչպիսիք են իմպլանտացված սրտային մոնիթորը, թեք սեղանի թեստը կամ քնային ծոցի մերսումը կարող են օգտակար լինել չտարբերակված դեպքերում[1]։
Համակարգչային շերտագրությունը (ՀՏ) ընդհանուր առմամբ պարտադիր չէ, եթե հստակ կասկածներ չկան[1]։ Նմանօրինակ ախտանշաններ ունեցող այլ պատճառները, որոնք պետք է դիտարկել հետևյալն են՝ էպիլեպտիկ նոպա, ուղեղի կաթված, ցնցում, արյան մեջ թթվածնի ցածր քանակ, արյան մեջ գլյուկոզի ցածր քանակ, դեղորայքային թունավորում և որոշ հոգեբուժական խանգարումներ[1]։Բուժումը կախված է հիմնական պատճառից[1]։ Հետազոտության արդյունքում բարձր ռիսկային խմբում հայտնվածները պետք է տեղափոխվեն հիվանդանոց՝ հետագա սրտի մոնիթորինգի համար[1]։
Ուշագնացությունը ամեն տարի ախտահարում է հազար մարդուց 3–6–ին[1]։ Այն առավել տարածված է մեծահասակների ու կանանց մոտ[2]։ Ուշագնացությունը կազմում է շտապ օգնության բաժանմունք դիմելու և հիվանդանոց ընդունվելու պատճառների 1–3 %–ը[2]։ Մինչև 80 տարեկան կանանց կեսը և բժիշկ–ուսանողների մեկ երրորդը նկարագրում են ամենաքիչը մեկ դեպք իրենց կյանքի ընթացքում[2]։ Շտապ օգնության բաժանմունք ուշագնացությամբ ներկայացվածների 4%–ը մահանում է հետագա 30 օրվա ընթացքում[1]։ Վատ ելքի ռիսկը սակայն ավելի շատ կախված է հիմնական պատճառից[3]։