Ուղիղ խնդիր
From Wikipedia, the free encyclopedia
Ուղիղ խնդիր, նախադասության երկրորդական անդամ, բայական անդամի լրացում։ Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։ Կոչվում է նաև սեռի խնդիր, կրող խնդիր[1]։
Ուղիղ խնդրի ցույց տված առարկան գործողությունն իր վրա կրում է տարբեր կերպ։ Ըստ այդմ ուղիղ խնդիրը ցույց է տալիս՝
- Այն առարկան, որ տվյալ գործողության արդյունքն է, ստեղծվել, առաջացել է նրա շնորհիվ։ Օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։
- Այն առարկան, որն իր վրա կրելով գործողությունը՝ փոփոխվում է այդ գործողությունից, օրինակ՝ Տղան միայնակ վերանորոգեց տունը։
- Այն առարկան, որ ֆիզիկապես ենթարկվում է տվյալ գործողությանը (շարժում, տեղափոխություն և այլն) առանց փոփոխություն կրելու, օրինակ՝ Գիրքը փոխանցեց ընկերոջը։
- Այն առարկան, որն իր վրա է կրում մտավոր, բարոյական և նման կարգի գործողություն, օրինակ՝ Ո՞վ կպատմեր մեր մանկության կապույտ հեքիաթները, եթե տատերը չլինեին։ (Վարդգես Պետրոսյան)
Բուն ուղիղ խնդրից բացի տարբերում են նաև մասնական ուղիղ խնդիր։ Եթե առարկան ենթակայի կատարած գործողությունն իր վրա է կրում մասնակիորեն, միայն մի մասով, ապա կոչվում է մասնական ուղիղ խնդիր։ Օրինակ՝ Կռացավ ու խմեց աղբյուրի ջրից։
Ըստ ներգործական սեռի բայի ու նրա խնդրի իմաստաբանական հարաբերության՝ տարբերում են նաև ներքին ուղիղ խնդիր, որ պարունակվում է խնդրառու բառի նշանակության մեջ։ Օրինակ՝ Այդ երեկո երգեցին հայրենասիրական երգեր։