Շրջանառու ջրամատակարարման համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Շրջանառու ջրամատակարարման համակարգ (անգլ.՝ Recirculating aquaculture systems, RAS՝ Վերաշրջանառման ջրահամակարգեր), կոմերցիոն ձկնաբուծության և/կամ դեկորատիվ ձկնապահության (ինչպես նաև խեցգետնաբուծության, ոստրեբուծության և այլ ջրատնտեսական ենթատեսակների) մեջ օգտագործվող ջրի ինտենսիվ խնայողատար տեխնոլոգիա, որի դեպքում սահմանափակվում է ջրառը, իսկ մեխանիկական ֆիլտրման և բիոֆիլտրացիայի միջոցով օգտագործված ջուրը զտվում է թունավոր ամոնիակներից, ինչպես նաև այլ բաղադրիչներից և պարբերաբար վերադարձվում օգտագործման[1]։
Տվյալ համակարգերը վերջին ժամանակներում մեծ տարածում ունեն համաշխարհային ձկնարտադրության մեջ՝ մեծապես փոխարինելով ավանդական բաց համակարգերին։ Կախված վերաշրջանառվող կամ վերօգտագործվող ջրի ծավալներից, տվյալ համակարգերը կարող են ունենալ տարբեր ինտենսիվության օգտագործում։ Տվյալ համակարգերի դեպքում հնարավոր է առավել արդյունավետ կերպով կարգավորումներ իրականացնել ջրի որակի և ձկնարտադրության մեջ, ինչպես նաև անձամբ կառավարել պինդ նյութերի ֆիլտրումը, բիոֆիլտրացիան, օզոնային ախտահանումը, ուլտրամանուշակագույն ախտահանումը, ջրածնային ցուցիչը (pH), գազազերծումը, թթվածնի լուծվածությունը, ջերմաստիճանը և լուսավորությունը։ Ավանդական լճակային տնտեսությունների հանդեպ ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝ սահմանափակ ջրամատակարարման և հողատարածքի պայմաններում առավելագույն շուրջտարյա արտադրություն, արտադրական կառուցվածքները՝ խոշոր շուկաների մոտ տեղակայելու հնարավորություն, ամբողջական և հարմարավետ ձկնահավաք, արագ և արդյունավետ ախտահանում և այլն[1]։
Բնապահպանական տեսանկյունից վերաշրջանառման համակարգերը խիստ ձեռնտու են, քանզի դրանց օգտագործմամբ նվազագույնի է հասցվում աշխարհի բազմաթիվ անկյուններում սահմանափակ ռեսուրս դարձած ջրի օգտագործումը։ Բացի այդ, ջրի չափավոր օգտագործմամբ հնարավոր է դառնում առավել դյուրին կերպով հեռացնել ձկների արտազատուկները, ինչն անհամեմատ դժվար է ավանդական բաց համակարգերում։ Այս և բազմաթիվ այլ կոմպոնենտների շնորհիվ, վերաշրջանառությունը համարվում է կոմերցիոն ձկնարտադրության էկոլոգիապես մաքուր եղանակ։ Բուծվող ձկներից ստացված սննդարար նյութերը կարող են օգտագործվել գյուղատնտեսության մեջ որպես օրգանական պարարտանյութ, ինչպես նաև հումք ծառայել բիոգազի արտադրության համար։