Շախմատի տեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատում խաղը հիմնականում բաժանվում է երեք հատվածի՝ սկբզնախաղ, միջնախաղ և վերջնախաղ[1]։ Կան բազմաթիվ ծավալուն տեսություններ, թե ինչպես պետք է խաղալ խաղն այդ հատվածներում՝ մասնավորապես սկզբնախաղում և վերջնախաղում։ Շախմատային տեսություններ գրող մարդկանց (որոնք հաճախ ականավոր շախմատիստներ են), անվանում են տեսաբաններ։
Սկզբնախաղի տեսությունը սովորաբար վերաբերում է կոնսենսուսին՝ լայնորեն ներկայացված շախմատային սկզբնախաղերի արդիական գրականությունում[2]։ Վերջնախաղերի տեսությունը կազմված է յուրահատուկ դիրքերի կամ նման դիրքերի վերաբերյալ պնդումներից, սակայն կան որոշ համընդհանուր ընդունելի սկզբունքներ[3]։ Միջնախաղերի վերաբերյալ տեսությունը հաճախ վերաբերում է միջնախաղերի համար ընդունելի սկզբունքներին[4]։ Սակայն ներկայումս ընդունված է ավելի մեծ կարևորություն տալ առանձին դիրքերի վերլուծությանը, քան ընդունված սկզբունքներով շարժվելը[5]։
Շախմատային տեսության զարգացմանը նպաստել է մեծ գրականության առկայությունը խաղի վերաբերյալ։ Հայտնի շախմատային պատմաբան Հ․Ջ․Ռ․ Մյուրեյը 1913 թվականին լույս տեսած 900 էջից բաղկացած իր գլուխգործոցում՝ «Շախմատի պատմությունը» աշխատությունում, գրել է․ «Խաղն ունի գրականություն, որն իր բովանդակությամբ, հավանաբար, գերազանցում է բոլոր մնացած խաղերը միասին վերցրած»[6]։ Նրա գնահատմամբ այն ժամանակ առկա շախմատի մասին գրքերի, շախմատային ամսագրերի գումարային քանակը գերազանցում է 5.000-ը[7]։ 1949 թվականին Բ․Հ․ Վուդի գնահատմամբ այդ թիվն աճել է մինչև 20.000[8][9]։ Դ․Վ․ Հուպերը և Քենեք Ուայլդը 1992 թվականին գրել են․ «Շախմատի վերաբերյալ նոր հրապարակումների տարեց տարի աճման պատճառով ոչ ոք չգիտի, թե ինչքան հրապարակում կա․․․․»[8]։ Ջոն Գ․ Ուայթի շախմատի վերաբերյալ գրականության հավաքածուն, որը գտնվում է Քլիվլենդի հանրային գրադարանում, համարվում է շախմատի վերաբերյալ գրականության ամենամեծ հավաքածուն, և պարունակում է մոտավորապես 32.000 շախմատային գրքեր և ամսագրեր, ներառյալ շախմատային պարբերականների ավելի քան 6.000 հատորներ[10][11]։ Ներկայումս շախմատիստներն օգտվում են ինֆորմացիայի էլեկտրոնային աղբյուրներից։