Աղեղ (զենք)
From Wikipedia, the free encyclopedia
Աղեղ, սովորաբար 30-250 մետր (լայնալիճ աղեղով կրկնակի ավելի) հեռավորության վրա նետեր արձակելու համար նախատեսված ձեռքի նետող զենք։ Արդյունավետ խոցման հեռավորությունը կազմում է մինչև 200 մետր[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Illustrations_of_Ming_Dynasty_Bows.png/640px-Illustrations_of_Ming_Dynasty_Bows.png)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղեղ (այլ կիրառումներ)
Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի Ավստրալիայի ու Միկրոնեզիայի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դարերի, որոշ ժողովուրդներ՝ մինչև XX դարեր։ Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա (երբեմն՝ մետաղյա) ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրին սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Կատարելագործված աղեղի փայտե հիմքը արտաքինից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյուրից պատրաստված թիթեղներով։ Բռնակի միջին մասը և ծայրերը երբեմն ամրացվել են ոսկրե վրադիրներով։
- Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։
Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ։ Նախնական նետերն ունեցել են ոսկրե, քարե, հետագայում՝ մետաղյա սլաքներ։
- Նետ ու աղեղի պատյանը կոչվում է կապարճ, աղեղնարան, աղեղնաբուն։
Միջին դարերում նետ ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հայկական լեռնաշխարհում նետ ու աղեղի մեծ ու փոքր տեսակներ օգտագործվել են վաղընջագույն ժամանակներից։ Նետ ու աղեղը պատկերված է Հայաստանի տարածքում գտնված մի շարք հնագույն առարկաների վրա (խեցեղեն, բրոնզե գոտիներ և այլն)։ Նետ ու աղեղի գործածման վերաբերյալ իրեղեն հնագույն ապացույցները Շենգավիթից ու Մոխրաբլուրից գտնված էնեոլիթյան դարաշրջանի ոսկրե ու քարե (հիմնականում՝ օբսիդիանից, կայծքարից) նետասլաքներն և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ի հայտ են եկել բրոնզե ու երկաթե նետասլաքներով լի կապարճներ։ Գտնված նետասլաքներն ունեն մի շարք տարատեսակներ (եռանկյունաձև-ճյուղավոր, եռանկյունաձև, տերևաձև, կոթավոր, անկոթ և այլն)։ Անիի, Դվինի, Գառնիի պեղումների ժամանակ, Եղեգնաձորի հնադարյան անձավներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ երկաթե նետասլաքներ, որոնք բաժանվում են վեց խմբի (ճանկավոր, եռանիստ ակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձե քառանիստ, սրածայր երկարավուն և տձև կամ անկանոն սրածայր), ունեն տարբեր չափեր ու գործածվել են որոշակի նպատակներով (մարմնի վրա խոր վերք բացելու, զրահներ ծակելու և այլն)։ Գործածվել են նաև թունավոր նետասլաքներ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Հին հայկական ավանդությունը հայոց նախնի Հայկին անվանում է «աղեղնավոր որսորդ», «կորովաձիգ և հաստաղեղն» ռազմիկ, որն իր լայնալիճ աղեղով և երեքթևյան նետով մահացու խոցել է զրահավոր Բելին։ Նետ ու աղեղը եղել է ուրարտուական զինվորների հիմնական զենքերից մեկը։ Ըստ Վան քաղաքից գտնված սեպագիր մի արձանագրության, Արգիշտի Բ թագավորի նետը մրցություններից մեկի ժամանակ թռել է 950 կանգուն (476 կամ 492 մ) տարածություն։ Մ․ թ․ ա․ V դարի հույն հեղինակ Քսենոփոնը գովեստով է խոսում Հայաստանում տարածված լայնալիճ (3 կանգուն) աղեղի և երկար (2 կանգուն) նետերի մասին, որոնց դեմ անզոր են եղել հույն զինվորների զրահները։ Միջին դարերում նույնպես հայերը հռչակված են եղել, որպես քաջ աղեղնավորներ և հմուտ նետաձիգներ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։ Հայաստանում նետ ու աղեղ է կոչվել նաև բուրդ կամ բամբակ գզելու աղեղը։