![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Synapse_Illustration2_tweaked.svg/langhy-640px-Synapse_Illustration2_tweaked.svg.png&w=640&q=50)
Նեյրոտրանսմիտեր
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Նեյրոտրանսմիտերներ կամ մեդիատորներ, քիմիական նյութեր, որոնք սինապսային խոռոչով մի նյարդաբջջից մյուսը ազդանշաններ են տեղափոխում[1]։ Առաջանում են նյարդային դրդման ազդեցությամբ և մասնակցում դրանց հաղորդմանը նյարդային վերջույթից աշխատող օրգանին և նյարդային մեկ բջջից մյուսին։ Մեդիատորները հայտնաբերել է Օ․ Լյովին, սրտի կենտրոնախույս նյարդային վերջույթներում (1921)։ Մեդիատորներից են՝ ացետիլխոլինը, նորադրենալինը, դոֆամինը, սերոտոնինը, 7-ամինակարագաթթուն և այլն։ Էլեկտրոնային մանրադիտակով կատարված հետազոտություններով պարզվել է, որ ինչպես կենտրոնական նյարդային վերջույթներում, այնպես էլ ծայրամասային նյարդային սինապսներում կան մինչև 300 A տրամագծով, ացետիլխոլին պարունակող մեծ թվով բշտիկներ։ Նյարդային դրդման պրոցեսում բշտիկների մի մասը պայթում է, պարունակությունը լցվում է ետսինապսային ճեղքը և փոխազդում ետսինապսային թաղանթի ացետիլխոլինի նկատմամբ զգայուն մասերի՝ խոլինոռեցեպտորների հետ։ Դրանից խիստ բարձրանում է թաղանթի թափանցելիությունը․ K+ իոնները բջջից դուրս են գալիս և տեղադրվում մակերեսին, իսկ Na+ թափանցում է ներս։ Բջջի ներսում փոքրանում է բացասական էլեկտրական լիցքը, բջջաթաղանթն ապաբևեռանում է, որը հանգեցնում է դրդող ետսինապսային պոտենցիալի առաջացմանը։ Երբ նրա մեծությունը հասնում է շեմքայինի, առաջանում է դրդման էլեկտրական ազդակ (տես Կենսաէլեկտրական պոտենցիալներ)։ Առավել ուսումնասիրված և լայնորեն կիրառվող մեդիատորներ են ացետիլխոլինը և ադրենալինը։ Դրան համապատասխան օրգաններին դրդում հաղորդող նյարդային վերջույթները բաժանվում են խոլինէրգիկ և ադրենէրգիկ թելիկների։ Մեդիատորների ազդեցությունը չի սահմանափակվում տեղական ռեակցիաների առաջացմամբ, դրանք մասնակցում են նաև նյարդահումորալ կարգավորման պրոցեսներին։ Մեդիատորների մասին ուսմունքը կարևոր դեր է խաղացել ֆիզիոլոգիայի, նյարդախտաբանության, հոգեբանության և այլ գիտությունների զարգացման համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Synapse_Illustration2_tweaked.svg/640px-Synapse_Illustration2_tweaked.svg.png)
Վերջիններս կուտակված են սինապսային բշտիկներում, որոնք իրենց հերթին դասավորվասծ են աքսոնի վերջավորություններում։ Նեյրոտրանսմիտերները արտազատվում և տարածվում են սինապսային խոռոչ, ապա ամրանում հետսինապսային թաղանթի յուրահատուկ ռեցեպտորներին[2]։ Սովորաբար նեյրոտրանսմիտերները արտազատվում են գործողության պոտենցիալի սինապս հասնելու հետևանքով։ Փոքր ծավալներով, բազային արտազատում տեղի է ունենում նաև էլեկտրական խթանման բացակայության դեպքում։