![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/%25D5%2584%25D5%25A5%25D5%25BF%25D5%25A1%25D5%25A2%25D5%25B8%25D5%25AC%25D5%25AB%25D5%25AF_%25D5%25A1%25D6%2581%25D5%25AB%25D5%25A4%25D5%25B8%25D5%25A6.jpg/640px-%25D5%2584%25D5%25A5%25D5%25BF%25D5%25A1%25D5%25A2%25D5%25B8%25D5%25AC%25D5%25AB%25D5%25AF_%25D5%25A1%25D6%2581%25D5%25AB%25D5%25A4%25D5%25B8%25D5%25A6.jpg&w=640&q=50)
Մետաբոլիկ ացիդոզ
From Wikipedia, the free encyclopedia
Մետաբոլիկ ացիդոզ, կամ նյութափոխանակային ացիդոզ, օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության խախտման տեսակ է։ Սահմանվում է որպես ախտաբանական վիճակ, երբ առանց հակազդման, օրգանիզմում բարձրանում է ջրածնի իոնների (H+
) և իջնում բիկարբոնատ (HCO−
3) իոնների կոնցենտրացիան։ Մետաբոլիկ ացիդոզի հիմքում ընկած են երեք հիմնական պատճառներ․ օրգանիզմում թթուների մեծաքանակ արտադրությունը, բիկարբոնատի կորուստը և երիկամների կողմից ավելցուկ թթուների դուրս բերման խանգարումը[3]։ Մետաբոլիկ ացիդոզը կարող է հանգեցնել ացիդեմիայի (թթվարյունություն), որը սահմանվում է որպես զարկերակային արյան pH-ի ցուցանիշի իջեցում 7.35-ից[4]։ Ացիդեմիան և ացիդոզը միշտ չէ, որ պարտադիր համադրվում կամ հակադրվում են․ pH-ը և ջրածնի իոնների կոնցենտրացիան կախված են նաև թթվահիմնային հավասարակշռության միաժամանակ առկա այլ խանգարումներից, այսինքն՝ մետաբոլիկ ացիդոզով պացիենտների շրջանում pH-ի մակարդակը կարող է լինել ինչպես ցածր այնպես էլ բարձր արժեքների սահմաններում։
Մետաբոլիկ ացիդոզ | |
---|---|
![]() Արյան մեջ բիկարբոնատի մակարդակով պայմանավորված է մետաբոլիկ ացիդոզի ծանրության աստիճանը։ | |
Տեսակ | Սուր մետաբոլիկ ացիդոզ Քրոնիկ մետաբոլիկ ացիդոզ |
Պատճառ | Սուր՝ օրգանական թթուների մեծաքանակ արտադրություն Քրոնիկ՝ երիկամային անբավարարություն |
Հետևանք | Սուր մետաբոլիկ ացիդոզ՝ բարձր մահացություն Քրոնիկ մետաբոլիկ ացիդոզ՝ երիկամային ֆունկցիայի խանգարում, ոսկրամկանայաին և սիրտ-անոթային համակարգերի վրա բացասական ազդեցություն |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա, վերակենդանացում և ներքին հիվանդություններ |
ՀՄԴ-9 | 276.2 |
ՀՄԴ-10 | E87.2 |
Ախտորոշում | Արյան պլազմայում բիկարբոնատի (HCO3-) մակարդակ |
Բուժում | |
![]() |
Սուր մետաբոլիկ ացիդոզը, որը տևում է րոպեներից մինչև մի քանի օր, հաճախ առաջանում է ծանր հիվանդությունների ժամանակ և որպես կանոն հետևանք է օրգանիզմում մեծ քանակությամբ օրգանական թթուների սինթեզի (կետոններ՝ կետոացիդոզի ժամանակ կամ կաթնաթթու (լակտատ)՝ լակտատացիդոզի ժամանակ)։ Քրոնիկ մետաբոլիկ ացիդոզի պարագայում, որի տևողությունը շաբաթներից մինչև տարիներ է, պատճառը կարող է լինել երիկամների ֆունկցիայի խանգարումը (երիկամի քրոնիկ հիվանդություն) և/կամ բիկարբոնատների կորուստը։ Սուր մետաբոլիկ ացիդոզի ժամանակ հոսպիտալացվածների շրջանում հիմնականում տուժում է սիրտ-անոթային համակարգը, իսկ քրոնիկ մետաբոլիկ ացիդոզի դեպքում հիմնականում ախտահարվում են մկանները, ոսկրերը, երիկամը և սիրտ-անոթային համակարգը[5]։