հայ խորհրդային խաղողագործ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր From Wikipedia, the free encyclopedia
Մարինոս Ասատուրի Քարամյան (Քյարամյան) (1894, Նորաշեն, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1983, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային խաղողագործ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)[1]։
Մարինոս Քարամյան | |
---|---|
Ծնվել է | 1894 |
Ծննդավայր | Նորաշեն, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1983 |
Մահվան վայր | Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1894 թվականին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Նորաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի կազմում), աղքատ գյուղացու ընտանիքում[2]։
1910 թվականին ամուսնացել է Հայրապետ Սարգսի Քարամյանի հետ։ 1921 թվականին ամուսինները բոլշևիկների կողմից ակտիվ մասնակցություն են ունեցել փետրվարյան ապստամբությանը։ Մարինոս Քարամյանը եղել է Վեդիի մոտ գտնվող երրորդ գնդի ութերորդ պարտիզանական վաշտի չորրորդ դասակի կազմում։ Պարտիզան Քարամյանը մինչև ապստամբության ավարտը մշտապես գտնվել է ռազմաճակատում և զինվորներին ապահովել է զինամթերքով և սննդով[2]։
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Մարինոս Քարամյանը զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 1923 թվականին մասնակցել է Հայկական ԽՍՀ Սովետների III համագումարին[3]։ Գյուղատնտեսության կոլեկտիվացումից հետո՝ 1931 թվականից, Քարամյանն աշխատել է ՀԽՍՀ Արտաշատի շրջանի Գետազատի կոլտնտեսությունում (հետագայում կոչվել է Ստալինի անունով)։ Նշանակվել է կոլտնտեսության խաղողագործության օղակի օղակավար։ Հետևողականորեն իրականացնելով խաղողի մշակության ագրոտեխնիկական միջոցառումները՝ Քարամյանի ղեկավարությամբ օղակին հաջողվել է բարելավել հողագործության մշակույթը և հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները։ Ամեն տարի Քարամյանի օղակը խաղողի բարձր բերքատվություն է ապահովել։ 1939 և 1940 թվականներին եղել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու թեկնածու։ Մինչև 1948 թվականը օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման և բույսերի սնուցման արդյունավետ կազմակերպման շնորհիվ Քարամյանի ղեկավարությամբ օղակը ստացել է խաղողի ռեկորդային բերք՝ 160 ցենտներ մեկ հեկտարից, 7,5 հեկտար ընդհանուր մակերեսով այգիներից[4]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1949 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով խաղողի բարձր բերքատվություն ապահովելու, կոլտնտեսության կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների պարտադիր առաքումներն ու պայմանագրերը կատարելու, ՄՏԿ-ի աշխատանքների դիմաց բնամթերային վճարումները ժամանակին կատարելու համար 1948 թվականին Մարինոս Ասատուրի Քարամյանը[Նշում 1] արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, նրան է հանձնվել Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[5]։
1950 թվականին Մարինոս Քարամյանին հաջողվել էր խաղողի ավելի բարձր բերք ստանալ՝ 200,5 ցենտներ մեկ հեկտարից, 3,5 հա ընդհանուր մակերեսով այգիներից, ինչի համար նրան շնորհվել է Լենինի երկրորդ շքանշանը[6]։ 1951 թվականին Քարամյանը թոշակի է անցել[4]։
Մարինոս Ասատուրի Քարամյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավոր[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.