Ղփչաղներ (պոլովցիներ, կումաններ, կուներ), միջնադարյան թյուրքալեզու ժողովուրդ։ 10-րդ դարում զբաղեցնում էին հարավարևմտյան Ղազախստանի տարածքը։ Բաժանված էին ցեղերի և վարում էին վաչկատուն կյանք։ 10-րդ դարի կեսին, անցնելով Վոլգան, հորդեցին Հյուսիսային Կովկասի և Հյուսիսային մերձսևծովյան շրջանի տափաստանները։ Նրանց գրաված հսկայական տարածքը, որը տարածվում էր Դանուբից մինչև Տյան Շան, 11-15-րդ դարերում կոչվում էր Դեշտի-Ղփչաղ (ղփչաղների հարթավայր)։ Ղփչաղները չունեին պետություն, ապրում էին ցեղային միություններով, որոնց գլուխ կանգնած էր խանը։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր։ Զորքը կազմված էր թեթև և ծանր հեծելազորից։ Ռուսական տարեգրություններում ղփչաղները առաջին անգամ հիշատակվում են 1054 թվականին, երբ նրանք սկսում են պարբերաբար ասպատակել Ռուսիայի հողերը։ Ղփչաղները արշավում են նաև դեպի Հունգարիա (1070, 1091, 1094 թվականներ) և Բյուզանդիա (1087, 1095 թվականներ)։ 1064 թվականին, երբ սելջուկները գրավեցին Անին, մեծ թվով հայեր գաղթեցին Կասպից և Սև ծովերի ափերը, որոնք գտնվում էին ղփչաղների ձեռքին։ Հայերը քաղաքական կախվածության մեջ են ընկել նրանցից։ Ղփչաղները չունեին գիր, և ղփչաղերենը յուրացրած հայերը ստիպված էին ղփչաղների լեզվով որևէ բան գրելու համար օգտագործել հայերեն տառերը. այսպես է առաջացել հայատառ ղփչաղերենը։ 12-րդ դարի սկզբին կիևյան իշխաններ Սվյատոպոլկ Իզյասլավիչը և Վլադիմիր Մոնոմախը ձեռնարկել են մի շարք հաղթական արշավանքներ, որոնց հետևանքով Կիևյան Ռուսիայի սահմանների մոտ ղփչաղների թիվը զգալիորեն պակասել է։ Շուրջ 40 հազար ղփչաղներ փախել են Վրաստան՝ Դավիթ Շինարարի մոտ, որտեղ նրանք մասնակցել են թուրք-սելջուկների դեմ կռիվներին։ Ռուսական իշխանների բազմաթիվ արշավանքները ջլատել են ղփչաղների ուժերը, և երբ սկսվեցին մոնղոլ-թաթարական արշավանքները, նրանք անկարող էին պաշտպանվել։ 1223 թվականին, Կալկայի ճակատամարտում կրած պարտությունից հետո, արևելյան ղփչաղները խառնվեցին մոնղոլական բանակի հետ և հետագայում կազմեցին Ոսկե հորդայի հիմնական բնակչությունը։ Ղփչաղների արևմտյան հատվածը Բաթուխանի արշավանքից հետո անցավ նախ Հունգարիա, ապա՝ Բուլղարիա ու Եգիպտոս և միախառնվեց տեղի ժողովուրդներին։ Ղփչաղների դեմ ռուս ժողովրդի մղած հերոսական պայքարը արտացոլված է «Ասք Իգորի ճակատամարտի մասին» էպոսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 54

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.