From Wikipedia, the free encyclopedia
Հոտառություն, շրջապատող միջավայրի քիմիական նյութերի որոշակի հատկության՝ հոտի ընկալումը մարդու և կենդանիների կողմից հոտառության օրգանների միջոցով։ Ողնաշարավորների մոտ հոտառական օրգանը հոտառական էպիթելն է, որը տեղակայված է քթի խոռոչում, քթային վերին ռունգում։ Հոտառությունը (համի հետ միասին) կազմում է օրգանիզմի քիմիական զգայաընկալումը՝ քեմոռեցեպցիան[1]։ Նյութերը, որոնք գոլորշիացման փուլից անցել են արտազատուկի մասնագիտացված ընկալիչների՝ հոտառության էպիթելի բջիջների մակերեսին, առաջացնում են գրգռվածություն։ Նյարդային ազդակները հոտառության նյարդերով հասնում են հոտառական ընկալիչներին, իսկ այնուհետև ենթակեղևային կենտրոններ և վերջապես գլխուղեղի հոտառության կենտրոն (քունքային բիլթ) և այնտեղ վերլուծվում։ Հոտառության էպիթելը, նյարդերը և գլխուղեղի հոտառության կենտրոնները ձևավորում են հոտառական վերլուծիչը։
Շրջապատող միջավայրում հոտավետ նյութերը առկա են նվազագույն քանակությամբ, դրանք հանդես են գալիս որպես որոշակի իրերի և երևույթների ազդանշան, սակայն իրենք իրենց երբեք չեն կարող օգտակար կամ վնասակար լինել օրգանիզմի համար։ Հոտավետ նյութերը ցամաքային կենդանիների հոտառության օրգաններին են հասնում օդի հոսանքով (գոլորշու ձևով) կամ դիֆուզիայի ճանապարհով։ Ջրային կենդանիների համար «հոտավետ» նյութեր կարող են լինել ջրում լուծված չցնդող նյութերը, որոնք սովորաբար զուրկ են հոտից։ Հոտառության դերը, ինչպես նաև հոտառության օրգանների զարգացման աստիճանը, զանազան կենդանիների մոտ խիստ տարբեր են։ Օրինակ, կաթնասուններին բաժանում են մակրոսմատիկների, որոնց հոտառությունը լավ է զարգացած (շուն, կրծողներ և այլն), միկրոսմատիկների, որոնց հոտառությունը թույլ է (փոկ, բեղավոր կետ, մարդանման կապիկներ), և անոսմատիկների, որոնք հոտառության բնորոշ օրգաններ չունեն (ատամնավոր կետեր)։ Հոտառությունը կարևոր է կերի ընտրության, հայթայթման, որսին հետապնդելու և թշնամուց խույս տալու համար։ Բնակավայրը գտնելու, հակառակ սեռի ներկայացուցչին փնտրելու և ճանաչելու գործում կարևոր նշանակություն ունեն հատուկ խումբ կազմող հոտավետ նյութերը՝ ֆերոմոնները, որոնք ամբողջովին պայմանավորում են միջատների վարքագիծը։ Հոտառությունը պակաս կարևոր չէ նաև մարդու կյանքում, չնայած հոտառության օրգաններն այստեղ աչքի չեն ընկնում իրենց զարգացածությամբ։ Հոտառությունը մեծ նշանակություն ունի սննդի, օծանելիքի արտադրության աշխատողների, համտեսների (դեգուստատոր) համար։ Հղիության շրջանում հոտառությունը կարող է սրվել և առաջացնել տհաճ, աղավաղված զգայություն, իսկ տարեց մարդկանց մոտ այն նվազում է։ Հոտառական զգայությունը խանգարվում կամ անհետանում է քթի լորձաթաղանթի բորբոքումների, հատկապես օզենայի, գլխուղեղի որոշ բաժինների վնասման և ուռուցքների ժամանակ։ Հոտավետ նյութերի քանակությունն անսահման մեծ է։ Չկան քիմիական երկու տարբեր նյութեր, որոնք ունենան բացարձակ նույն հոտը[1]։
Մարդու հոտառության քանակական բնութագրերն ուսումնասիրում է օլֆակտոմետրիան։ Հոտերի ընկալումը չի կարելի չափել անմիջականորեն։ Դրա փոխարեն օգտագործվում են անուղղակի մեթոդներ, ինչպիսին է ինտենսիվության գնահատումը (որքա՞ն ուժեղ է զգացվում հոտը), ընկալման շեմի որոշումը (այսինքն՝ հոտի ի՞նչ ուժի դեպքում է այն սկսում զգացվել) և համեմատումն այլ հոտերի հետ (ինչի՞ է նման տվյալ համը։ Սովորաբար ուղղակի կապ է նկատվում ընկալման շեմի ու զգայունության միջև։
Գոյություն ունի հոտառական ընկալիչի աշխատանքի խանգարումների մեծ խումբ, ինչպես նաև հոտերի նկատմամբ զգայունության անհատական նվազում, որը երբեմն հասնում է անոսմիայի։
Ամերիկացի գիտնականներ Ռիչարդ Ակսելն ու Լինդա Բաքը 2004 թվականին ստացել են Նոբելյան մրցանակ մարդու հոտառության ուսումնասիրության համար[2]։
Էվոլյուցիայի տեսակետից հոտառությունն ամենահին ու կարևոր զգայություններից մեկն է, որի օգնությամբ կենդանիները կողմնորոշվում են շրջապատող միջավայրում։ Այդ վերլուծիչը գլխավորներից մեկն է շատ կենդանիների մոտ։ «Այն նախորդել է մյուս բոլոր զգայություններին, որոնց օգնությամբ կենդանին կարող էր տարածության վրա զգալ սննդի առկայությունը, հակառակ սեռի ներկայացուցչին կամ վտանգի մոտենալը» (Լ. Միլն, Մ. Միլն, 1966)[3]։ Առանձնացվում են կենդանիների հոտառական վարքի երեք հիմնական ասպեկտներ՝ կողմնորոշումը (ինչպես են կենդանիները փնտրում հոտը), ռեակցիան (ինչպես են արձագանքում դրանց աղբյուրին կամ վերաբերվում նրանց) և ազդանշանային (ինչպես են հոտն օգտագործում միմյանց հետ հաղորդակցվելու համար։ Ֆիլոգենեզի ընթացքում մարդու հոտառությունը թուլացել է։
Հոտառության կարևորումը ռազմավարական նշանակության է ունեցել կաթնասունների համար։
Պրիմատների մոտ հոտառությունը միշտ եղել է երրորդական զգայություն տեսողությունից, լսողությունից և նույնիսկ շոշափելիքից հետո։ Սակայն լեմուրազգիների (խոնավաքիթ կապիկներ) և լայնաքիթ կապիկներն այն օգտագործում են միմյանց հետ հաղորդակցման համար։
Էլ ավելի թույլ է մարդանման կապիկների հոտառությունը։ Այնուամենայնիվ, մարդն առանձնանում է նույնիսկ նրանց ֆոնին; Հոտառական ընկալիչների գեների զանգվածային վերածումը կեղծ գեների տեղի է ունեցել շուրջ վեց միլիոն տարի առաջ[4], երբ առանձնացել են մարդկանց նախնիների (հոմինիններ) ու շիմպանզեի գծերը, և մարդկանց մոտ ի հայտ է եկել երկու ոտքի վրա քայլելու միտումը։
Հոտառությունը կախված է մարդու սեռից, և կանայք սովորաբար գերազանցում են տղամարդկան հոտերն զգալու, ճանաչելու և տարբերելու տեսնակյուններից[5][6][7][8][9]։ Շատ քիչ թվով աշխատանքներում է նշված տղամարդկանց գերզանցության մասին[10][11][12]։ Թուլուզի ու Վահիդի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանայք կարողացել են ավելի լավ տարբերել կամֆարայի, ցիտրալի, անանուխի ու անետոլի հոտերը[13]։ Նմանատիպ արդյունքներ են ստացվել նաև հետագա մի շարք աշխատանքներում[6][14][15]։ Լեմագնենը հայտնաբերել է, որ կանայք ավելի զգայուն են տեստոստերոնի հոտի նկատմամբ, սակայն տարբերություններ չի նկատել քրքումի, գուայակոլի, նատրիումի սալիցիլատի և էվկալիպտի հոտերի դեպքում[16]։ Հետագայում կատարված ուսումնասիրությունների ժամանակ նկատվել են տարբերություններ բազմաթիվ այլ նյութերի հոտերի դեպքում, ինչպիսիք են ցիտրալը, ամիլացետատը, անդրոստենոնի ածանցյալները, ֆենիլէթիլային սպիրտը, m-քսիլենը և պիրիդինը[17][18][19]։ Կոլեգան ու Կոստերը փորձեր են կատարել մի քանի հարյուր նյութերով։ Ինը նյութերի դեպքում զգայության շեմը ցածր է եղել կանանց մոտ։ Նրանք նաև պարզել են, որ աղջիկները գերազանցում են տղաներին հոտերի տարբերման մի քաշր թեստերի ժամանակ[18]։
Նորածինների մոտ հոտառությունն ուժեղ զարգացած է, բայց կյանքի մեկ տարվա ընթացքում նրանք կորցնում են այն 40-50 %-ով։ 10,7 մլն մարդու հարցման արդյունքում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարքիի հետ հոտառության ունակությունը թուլանում է փորձարկվող բոլոր վեց հոտերի դեպքում[20]։ Հոտերի տարբերման ունակությունը նույնպես նվազում է։ Տարիքի ազդեցությունն ավելի զգալի է, քան սեռի ազդեցությունը, ընդ որում՝ կանայք պահպանել էին հոտառության ունակությունը մինչև ավելի ավագ տարիք, քան տղամարդիկ[21]։
Ցույց է տրվել, որ տարիքի հետ տեղի է ունենում հոտառական թելիկների ապաճումն, ու նրանց թվաքանակը հոտառական նյարդում անշեղորեն նվազում է[22][23]։
Տարիք (տարիներ) | Ապաճած թելիկների քանակ |
---|---|
0-15 | 8 |
16-30 | 20 |
31-45 | 33 |
46-60 | 57 |
61-75 | 68 |
76-91 | 73 |
Գրգռված քթանցքից ստացված ազդակների առաջնային վերլուծությունը տեղի է ունենում գլխուղեղի նույն կողմում։
Բացարձակ զգայունության ուսումնասիրությունները հաճախ տվել են հակասական արդյունքներ։ Զգայության շեմի որոշման ժամանակ ձախ քթանցքն ավելի զգայուն է եղել ձախլիկների մոտ, աջ քթանցքը՝ աջլիկների մոտ[24]։ Քեյնն ու Գենտը պարզել են, որ աջ քթանցքն ավելի զգայուն է ընդհանրապես բոլոր մարդկանց մոտ[25], սակայն այլ հեղինակների աշխատանքներում ոչ մի տարբերություն չի նկատվել[26][27][28]։ Վերջին երկու աշխատանքներում հեղինակներն օգտագործել են ֆենիլէթիլային սպիրտ, որին բնորոշ է թույլ ակտիվությունը եռվորյակ նյարդի նկատմամբ[29]։ Փորձերի արդյունքների վրա կարող է ազդել նաև քթանցքների դոմինանտության փոփոխությունը օրվա ընթացքում՝ ամեն 1,5-2 ժամը մեկ։ Կարելի է եզրակացնել, որ աջ քթանցքըորոշ չափով ավելի մեծ զգայունություն ունի ծայրահեղ դեպքում գոնե աջլիկների մոտ։
Հոտերի տարբերման ուսումնասիրությունների արդյունքները նույնպես միանշանակ չեն, սակայն նշվում է աջ քթանցքի որոշակի գերակայության մասին։ Մի շարք հեղինակներ պարզել են, որ ավելի ակտիվ է աջ քթանցքը՝ անկախ նրանից, թե որ ձեռքով է գրում մարդը[30][31]։ Սակայն այլ հեղինակներ հայտնաբերել են, որ ձախլիկների մոտ գերակա է ձախ քթանցքը[32]։ Սավիկի ու Բերգլունդի աշխատանքներում աջ քթանցքի գերակայությունն ապացուցվել է միայն ծանոթ հոտերի դեպքում[33], իսկ Բրոմանը ցույց է տվել, որ այն գերակայություն ունի նաև անծանոթ հոտերի դեպքում[34]։ Աջ քթանցքի գերակայությունը ցույց է տրվել ըստ ինտենսիվության հոտերի դասակարգման ուսումնասիրությունների ժամանակ, չնայած այդ արդյունքներն ստույգ են եղել միայն կանանց համար[35]։
Հոտերի զանազանման հարցում գլխուղեղի կիսագնդերի տարբերություններն ավելի հետևողական են։ Աջ կիսագնդի վնասվածքներ ունեցողներն ավելի վատ են տարբերել հոտերը, քան ձախ կիսագնդի վնասվածքներ ունեցողները, ինչը կարող է ապացուցել աջ կիսագնդի գերակայությունը[36][37][38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.