Հերոդոտոս
մ․թ․ա․ 5-րդ դարի հույն պատմիչ From Wikipedia, the free encyclopedia
մ․թ․ա․ 5-րդ դարի հույն պատմիչ From Wikipedia, the free encyclopedia
Հերոդոտոս, Հերոդոտ[3] կամ Հերոդոտոս Հալիկառնասցի (հունարեն՝ Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς Հերոդոտոս Հալիկառնասեւս, մոտ մ. թ. ա. 484, Հալիկառնաս և Հալիկառնասոսի դամբարան[1] - մոտ մ. թ. ա. 425, Թուրիի, Sibari, Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), հույն պատմիչ, որն ապրել և ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարում և ճանաչված է որպես «Պատմության հայր»։
Հերոդոտոս Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 484 Հալիկառնաս կամ Հալիկառնասոսի դամբարան[1] |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 425 Թուրիի, Sibari, Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա |
Բնակության վայր(եր) | Հալիկառնաս, Սամոս և Թուրիի |
Քաղաքացիություն | Հալիկառնաս |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, գրող և աշխարհագրագետ |
Գործունեության ոլորտ | պատմություն[1], քաղաքականություն[1] և Ստեղծագործական և մասնագիտական գրություն[1] |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[2] |
Herodotus Վիքիպահեստում |
Հերոդոտոսը ծնվել է Փոքր Ասիայի հունական Հալիկառնաս քաղաքում Ք.ա. 484 թվականին։ Մասնակցել է հայրենի քաղաքին տիրած բռնակալի դեմ ծավալված պայքարին, որից հետո ստիպված է եղել լքել Հալիկառնասը՝ հաստատվելով Սամոս կղզում։ Դրանից հետո վերադարձել և շատ կարճ ժամանակ կրկին ապրել է հայրենի քաղաքում, իսկ Ք.ա. 443 թվականին Պերիկլեսի նախաձեռնությամբ Իտալիայի հողի վրա հունական մի նոր գաղութի՝ Թուրիայի կազմավորման ուղղությամբ եռանդուն գործունեություն է ծավալել և տարիներ ապրել, գուցե և մահացել այնտեղ Ք.ա. 430 և 425 թվականների միջև։ Հիմք կա ենթադրելու, որ նրա «Պատմության» ներածական նախադասության սկիզբը՝ «Հերոդոտոս Հալիկառնասեցին ժողովեց պատմությունն այս...» նախապես եղել է «Հերոդոտոս Թուրիացին ժողովեց պատմությունն այս...», քանի որ այդպես են մեջբերում այն Արիստոտելը և մի քանի այն հին հեղինակներ։ Կյանքի թուրիական հատվածն, ուրեմն, շատ նշանակալից է եղել Հերոդոտոսի համար, հավանական է, որ նա այնտեղ է ստեղծել իր «Պատմությունը»։ Մեզ հասած այս կենսագրական տեղեկություններում ակներևաբար պակասում է երկու կարևորագույն հանգամանք, որոնք վճռական նշանակություն ունեն՝ նրա երկը ճիշտ ընկալելու և արժևորելու համար։ Դրանք են՝ Հերոդոտոսի կապը Հելլադայի խոշորագույն քաղաքական և մշակութային կենտրոն Աթենքի հետ և նրա բազմաթիվ ու հեռավոր ճանապարհորդությունները։ Երկուսի մասին էլ իմանում ենք «Պատմության» այնպիսի հատվածներից, ուր նա ականատեսի տեղեկություններ է հաղորդում Աթենքի և, ընդհանրապես, Ատտիկայի, ինչպես նաև Հունաստանից հեռու գտնվող մի շարք երկրների մասին։
Աթենքի հասարակության հետ Հերոդոտոսի ունեցած սերտ կապի մասին է ակնարկում Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնի» հայերեն թարգմանության մեջ պահպանված, Ք.ա. 435 թվականով թվագրված մի տեղեկություն, ըստ որի Հերոդոտոսը, Աթենքում կարդալով իր ստեղծագործությունները՝ մեծ պատվի է արժանացել։ Նաև Պլուտարքոսը գրում է, որ Հերոդոտոսն աթենացիներից ստեացել է 10 տաղանդ արժեքով պատվավոր մի նվեր։ Սրանք լրացվում են, բացի պատմագրի՝ Աթենքի ու նրա շրջակայքի հետ լավ ծանոթության հանգամանքից, նաև այն անդրադարձումներով, որ նկատել են հետազոտողները՝ մի կողմից Հերոդոտոսի «Պատմության», մյուս կողմից նրա աթենացի ժամանակակիցներ՝ պատմաբան Թուկիդիդեսի, ողբերգակ Սոփոկլեսի և այլ հեղինակների գործերի միջև։ Այս բոլորով փաստարկվում է Հերոդոտոսի՝ Աթենքում երկար տարիներ, հավանաբար V դարի 40-ական թվականներին, ապրելու և գործելու հանգամանքը։ Իսկ դա էլ բացատրում է նրա շեշտված աթենասիրությունը։ Հունաստանի քաղաքներից (բացի Սամոսից և Էգեականի այլ կղզիներից) Հերոդոտոսը հավանաբար ապրել է Դելփիքում, այցելել է հյուսիսում ընկած Մակեդոնիա, Թրակիա ու հյուսիսային-մերձսևծովյան հունակալ Օլբիա գաղութը, իր հայրենի Հալիկառնասին հարող փոքրասիական մի շարք հունաբնակ քաղաքներ։ Թուրիայում ապրելով, նա այցելել է Սիկիլիայի Սիրակուզա քաղաքը։
Հույնի համար հազվադեպ երևույթ էին Հերոդոտոսի կատարած աֆրիկյան ու ասիական ճանապարհորդությունները։ Դրանք հավաստվում են հեղինակի ՝ ականատեսի դերում հանդես գալու մասին հիշատակություններով, նկարագրությունների ճշմարտաբանությամբ։ Նա շրջել է Աֆրիկայի երկրներից Եգիպտոսում և Լիբիայում, իսկ Ասիայում՝ Ասորիքում, Փյունիկիայում, Ասորեստանում, Բաբելոնում և Պարսկաստանում։ Այդ ուղևորությունները տեղի են ունեցել, հավանաբար, Ք.ա. 455 և 446 թվականների միջև։ Հերոդոտոսի ճանապարհորդությունների նպատակը պարզ չէ, բայց արդյունքն ակնբախ է. այցելած երկրների մասին նահայտնում է առաջնակարգ, հաճախ եզակի տեղեկություններ։ Նա հիմք դրեց համաշխարհային պատմագրության։
Իր «Պատմություն» երկում (բաղկացած է 9 գրքից) նկարագրում է մ.թ.ա. 490-470-ական թթ. հույն-պարսական պատերազմները և դրանց հետ առնչվող այլ պատմական անցքեր։ Այդ աշխատությունը եզակի նշանակություն է ունեցել Հունաստանի և անտիկ աշխարհի պատմական մտքի հետագա զարգացման վրա, բացառիկ աղբյուր է Հերոդոտոսին ժամանակ հայտնի երկրների՝ Սև ծովի առափնյա շրջանների, Հունաստանի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Մերձավոր Արևելքի, այդ թվում նաև Հայաստանի մ.թ.ա. 7-5 դդ. պատմության ուսումնասիրության համար։ .
Հերոդոտոսի «Պատմությունը» ամբողջությամբ թարգմանվել է հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից և հրատարակվել 1986 թ.[4]։
Հերոդոտոսից պահպանվել է միայն մեկ ստեղծագործություն` Պատմությունը։ Մեզ հասած տեքստը բաղկացած էինը գրքից, որոնք վերնագրված են ինը մուսաների անուններով, սկսած պատմության մուսա Կլիոյից։ Այս բաժանումը և անվանումները, սակայն հեղինակին չեն, այլ իրականացված են հետագայում, Ալեքսանդրիայի գիտնականների կողմից։ Թե ինչ է եղել Հերոդոտոսի տված բաժանումը` մեզ հայտնի չեն։ Պետք է ենթադրել, սակայն, որ բաժանումը եղել է և երկի ենթաբաժինները կոչվել են նույն բառով, որով հեղինակն անվանում է իր ողջ գործը` լոգոս։ Պատմության բովանդակությունը Ք.ա. 5-րդ դարի առաջին կեսի հունապարսկական պատերազմների նկարագրությունն է, սակայն դրան նախորդում է մի ստվար, գործի կեսը զբաղեցնող ներածական մաս(I-IV գրքերն ամբողջությամբ և V գրքի 1-29 գլուխները), որտեղ հեղինակը կուտակել է հսկայական նյութ տարբեր երկրների ու ժողովուրդների պատմության, աշխարհագրության ու ազգագրական նկարագրի վերաբերյալ։ Այս տարաբնույթ նյութը միավորում է հունապարսկական պատերազմների պատմական հիմքերն ու պատճառները պարզաբանելուն հատկացված մի հենքով։ Այդ հենքը հեռու է օբյեկտիվ հիմքերի և պատճառների բացահայտումից, հյուսված է մարդկային կրքերի, մեղքերի ու վրեժխնդրության, ճակատագրի անխուսափելիության և այլ նմանօրինակ մոտիվներից։ Հերոդոտոսը անշուշտ առաջնակարգ գրող է, սակայն նրա Պատմություն մասին խոսելիս առաջին հերթին պետք է անդրադառնալ գրքի պատմագրական արժեքին, որ բառացիորեն անգերագնահատելի է։ Պետք է տարբերել այդ արժեքի երկու կողմը։ Մեկը` պատմագրի հաղորդած հսկայածավալ ու կարևորագույն նյութն է` հին աշխարհի երկրների ու ժողովուրդների մասին, մյուսը` նրա Պատմության դերը որպես համաշխարհային պատմագրության ու պատմագիտության ակունքի, որի համար նա կոչվել է Պատմահայր։ Հերոդոտոսը այդ գիտության սկզբունքների, այն է` պատմական աղբյուրների տվյալների սպառիչ ընդգրկման, համադրման ու սինթեզման հիմնադիրն ու մշակողը, պատմական պրոցեսի պատճառային-հետևանքային հաղորդակցության հայտնաբերողն ու ցուցադրողն է, թող որ այդ պրոցեսի շարժիչ ուժը ներկայանում է նրա մոտ մարդկային կրքերի ու ճակատագրի քմահաճույքների տեսքով։ Նմանապես նա հիմնադիրն է պատմական աշխարհագրության ու ազգագրության, որոնց ծիլերը, ծագելով նրա Պատմությունից, հետագայում ծաղկեցին ու վերաճեցին առանձին, թեև օժանդակ, պատմական գիտությունների։
Հերոդոտոսը իր «Պատմության» մեջ տեղեկություններ է հաղորդում նաև հին Հայաստանի և հայ ժողովրդի մասին, որոնք թեև մեծաքանակ չեն, սակայն առանձնակի արժեք ունեն։
Ըստ Հերոդոտոսի՝ հայերը «փռյուգիական վերաբնակիչներ են» (Պատմություն, V, 73), որից կարելի է բխեցնել, թե իբր հայերը ծագում են փռյուգիացիներից։ Թեև ժամանակակից գիտությունը չի արդարացնում այդ եզրակացությունը, սակայն հայոց լեզվի և փռյուգիերենից պահպանված տարրերի համադրումը ցույց է տալիս, որ այդ երկու լեզուներն ազգակից են և թրակերենի հետ կազմել են հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը[5]։ Հերոդոտոսը պատմում է, որ մ.թ.ա. 5-րդ դարում Հայաստանը բաժանված էր Աքեմենյան 13-րդ և 18-րդ սատրապությունների միջև։ Պատմիչն գրում է Հայաստանի տնտեսությանն ու առևտրին վերաբերող զանազան հարցերի, գանձվող հարկերի մասին և այլն։ Հերոդոտոսի ամենածավալուն հաղորդումը Հայաստանի մասին վերաբերում է բաբելոնացի առևտրականների ճանապարհորդություններին մեր երկրում։ Պատմագիրը որակում է այդ տեղեկությունները որպես Բաբելոնում իր լսածներից ամենազարմանալին։ Առևտրականները, պատմում է նա, Հայաստանում ուռենու ճյուղեր են կտրում, նավերի կմախքներ կառուցում և պատում դրանք մորթիներով։ Նավերը կլորաձև են, վահանի տեսքով, տարբեր չափերի, մինչև 160 տոննա տարողություն ունեցող։ Հատակին հարդ լցնելով ու բեռնալով գլխավորապես փյունիկյան սափորների մեջ լցրած գինով, նրանք վարում են նավերը գետի Եփրատի, որի ակունքները, ըստ Հերոդոտի մի այլ հաղորդման, Հայաստանում են, հոսանքն ի վար։ Յուրաքանչյուր նավի վրա լինում է մեկ կամ մի քանի ավանակ։ Բաբելոնում ապրանքը, ճյուղերն ու հարդը վաճառելուց հետո, մորթիները բեռնում են այդ ավանակներին և վերադառնում Հայաստան, որտեղ կրկին նավեր են սարքում և նորից բեռնավորված գնում Բաբելոն։ Հերոդոտոսը եղել է Բաբելոնում, նրա պատմածը կասկած ենթակա չէ։ Առաջին եզրակացությունը, որը կարելի է հանել այս հաղորդումից, այն է, որ Բաբելոնի և Հայաստանի միջև կանոնավոր առևտրական երթևեկություն է եղել։ Պատմագիրը հիշատակում է միայն բաբելոնացի առևտրականներին, բայց դրանով ամենևին չի բացառում հայ առևտրականների կողմից այդ ուղիներն օգտագործելու հանգամանքը։ Երթևեկություն կատարել են ոչ միայն գետի հոսանքով, այլև ցամաքով, ավանակների քարավաններով։ Նավերի կառուցման համար օգտագործվող նյութը, եթե բառացիորեն հասկանանք պատմագրին, ամբողջությամբ հայթայթվել է Հայաստանում` և ուռենու ճյուղերը, և մորթիները, և հարդը։ Այստեղ են ձեռք բերվել նաև ավանակները։ Որպես առևտրի հիմնական առարկա Հերոդոտոսը հիշատակում է գինին։ Որոշ տարակուսանք է առաջացնումփյունիկյան սափորների հիշատակումը, բայց հավանաբար խոսքն այստեղ կամ փյունիկյան ձև ունեցող, կարմիր սափորների մասին է, որոնք ևս արտադրվում էին Հայաստանում։ Հայաստանից արտահանվող բոլոր ապրանքների` տեղում արտադրվելու մասին մենք Հերոդոտոսի այս ցուցումներից բացի ունենք նաև այլ վկայություններ, թե´ գրավոր աղբյուրների, թե´ իրեղեն հնագիտական նյութերի։ Այսպես, Հերոդոտոսի ճամփորդություններից կես դար հետո հույն պատմագիր Քսենոփոնը, որն անցել է Հայաստանով մ.թ.ա. 401-400թթ., իր «Անաբասիսում» խոսում է հայկական գինիների, նրանց մի քանի տեսակների գոյության ու բարձր որակի մասին։ Պահպանվել են հնագույն ժամանակներից բազմատեսակ ու բազմանպատակ խեցանոթների հազարավոր նմուշներ, որոնք վկայում են զարգացած խեցեգործության մասին։ Քսենոփոնի, նրանից հետո` Ստրաբոնի երկերում, իսկ նրանցից շատ առաջ` ասորեստանյան և ուրարտական սեպագիր արձանագրություններում հարուստ տվյալներ են պահպանվել Հայաստանում ձիաբուծության և տեղական ձիերի բարձր որակի ու համարման մասին։ Որ Հայաստանի միջով իրոք անցել են առևտրական բանուկ ճանապարհներ, կրկին անգամ հաստատում է Հերոդոտոսը` Փոքր Ասիայից Պարսկաստան տանող հռչակավոր Թագավորական ճանապարհը նկարագրելիս։ Այդ ճանապարհն ունեցել է վարչական, ռազմական ու առևտրական մեծ նշանակություն։ Այն հիմնականում սալահատակված էր և նրա ամբողջ երկայքնով ձգվում էին օթևան-կայարանները` կառուցված ճանապարհորդների հանգստյան և ճանապարհի անվտանգության համար։ Այդ ճանապարհի մի խոշոր հատվածը` շուրջ 340 կմ, որի վրա կառուցված է 15 օթևան-կայան, ըստ Հերոդոտոսի անցել է Հայաստանի տարածքով։ Եփրատի վրայով առևտրական երթևեկության մասին Հերոդոտոսի վկայությունը, թե Հայաստանից Բաբելոն գինի են արտահանում, հարց է առաջացնում, թե ինչ ապրանքներ էին ներմուծվում Բաբելոնից Հայաստան։ Չէ որ առևտրականները չէին կարող դատարկաձեռն երթևեկել։ Բաբելոնն իհարկե շատ ապրանքներ էր արտադրում` արմավ, ձեթ, հացահատիկ, գործվածքեղեն և այլն։ Սրանց մասին Հերոդոտոսը լռում է, բայց կարելի է ենթադրել, որ մորթիների հետ մեկտեղ ավանակների քարավանները բեռնված էին նաև այլ ապրանքներով։ Սակայն առևտրականների Հայաստանից ներմուծվող ապրանքների այնտեղ տարվող հիմնական համարժեքը, հաշվի առնելով գրաստների ծանրաբեռնվածությունը մորթիներով, պետք է, որ արծաթ լիներ։ Այդ եզրակացությանն է հանգեցնում Հերոդոտոսի մի այլ հաղորդում։ Պարսկական տերության 20 ստորաբաժանումները` սատրապությունները, թվարկելիս նա նշում է յուրաքանչյուր արքային տրվող հարկի քանակը` արծաթի տաղանդներով` տաղանդը հավասար է մոտավորապես 30կգ։ Ահա Հայաստանի մասին կարդում ենք` Պակտյուիկներից, արմեններից և հարևան երկրներից` մինչև Եվքսինյան Պոնտոսը (Սև ծովը) ստացվում էր 400 տաղանդ։ Սա 13-րդ շրջանն է։ Տերության 18-րդ սատրապությունը վճարում էր արքային ևս 200 տաղանդ` 600 տոննա արծաթ։ Հերոդոտոսի աշխատության մեջ Հայաստանը ներկայանում է որպես հարուստ, զարգացած գյուղատնտեսություն, առևտրական արտաքին կապեր և ապրանքային տնտեսության որոշակի մակարդակ ունեցող երկիր։
Պետք է նշել սակայն, որ Հերոդոտոսի աշխատության մեջ կան որոշակի անճշտություններ, խոսելով Արաքս գետի մասին, նշում է, որ այն սկիզբ է առնում Հայաստանի լեռներից և թափվում է Կասպից ծով։ Ճիշտ չեն նրա այն հաղորդումները, որ իբր Հայաստանի բոլոր գետերը նավարկելի են, որ Ալիս գետը սկիզբ առնելով Հայաստանից անցնում է Կիլիկիայով և այլն։ Աշխարհագրական բնույթի այս կամ նման այլ սխալներով հանդերձ, Հերոդոտոսի տեղեկությունները Հայաստանի պատմության համար ունեն շատ կարևոր նշանակություն և արժեք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.