Հասարակական գիտակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Հասարակական գիտակցություն (գերմ.՝ gesellschaftliche Bewußtsein), սոցիալական կեցության արտացոլում, որոշակի դարաշրջանին բնորոշ հասարակական պատկերացումների ամբողջություն։
Հասարակական գիտակցությունն էապես արտացոլում է կոնկրետ հասարակության վիճակը։ Այն հաճախ հակադրվում է անհատական գիտակցությանը՝ որպես ընդհանուր բան, որն առկա է յուրաքանչյուր մարդու գիտակցության մեջ՝ որպես հասարակության անդամ։ Հասարակական գիտակցությունը վերնակառույցի բաղկացուցիչ մասն է և արտահայտում է դրա հոգևոր կողմը։ Խորհրդային փիլիսոփայության մեջ հատկապես շեշտվում էր այն գաղափարը, որ հասարակական գիտակցությունն «ակտիվորեն» արտացոլում է սոցիալական գոյությունը, այսինքն՝ վերափոխում է այն։ Այն, բաղկացած լինելով հասարակությունը կազմող մարդկանց գիտակցություններից, դրա պարզ հանրագումարը չէ, այլ ունի համակարգային որոշ հատկություններ, որոնք նույնը չեն, ինչ անհատական գիտակցության հատկությունները։ Առանձնացնում են հասարակական գիտակցության տարբեր ձևեր։