Հայոց լեզվի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։ Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ, Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։ Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակի մի շարք ժողովուրդներ նրանց բնակության երկրի պատմական Արարադ անվանբ կոչել են <Արարադի մարդիք կամ բնակիչներ>՝ արմեններ, իսկ երկիրը Արմենիա՝ <Արարադի /ՈՒրարտուի/ ժողովրդի երկիր>։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդությունը կապում է «Հայկ Նահապետ» անվան հետ (ենթադրվում է, ուրարտական գլխավոր աստվածություն՝ Հալ(յ)դի անվանական տարբերակն է)։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։ Եվ այսօր էլ մեր լեզուն բռնել է ժամանակի քննությունը.նա առաջավոր գիտության, մշակույթի ու գրականության, հանրակրթության և բարձրագույն դպրոցի, կինոյի ու թատրոնի լեզու է։
Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին հայերենն առանձնանում է «Հնդեվրոպական լեզուներ» հնդեվրոպական ընդհանրությունից ու սկսում իր գոյությունը որպես ինքնուրույն լեզու։ Լինելով կենդանի համակարգ՝ հայոց լեզուն իր զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է կրել։ Հայերենի կրած փոփոխություններն արդյունք են հիմնականում նրա ինքնուրույն, ներքին զարգացման, ինչպես նաև մշակութային-քաղաքական շփման, հայ ժողովրդի կազմավորման ընթացքում հայկական էթնիկական կազմի մեջ մտած մի շարք միավորների՝ ժողովուրդների ու ցեղերի (հայասացիներ, խեթեր, խուռիներ, ուրարտացիներ և այլն), լեզուների ձուլման, իսկ հետագայում նաև ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից կատարած փոխառությունների և այլ գործոնների։
Հայոց լեզվի հնագույն հուշարձանները վերաբերում են հայ գրերի գյուտին անմիջապես հաջորդող շրջանին՝ 5-րդ դարի սկզբներին։ Նախագրաբարյան հայերենի մասին պատկերացում կարելի է կազմել պատմահամեմատական մեթոդի շնորհիվ։
Հայերենի զարգացումը բաժանվում է երկու փուլի՝ նախագրային հայերեն և գրային հայերեն[1]։