Հակամակարդիչներ
From Wikipedia, the free encyclopedia
Հակամակարդիչներ, հայտնի են նաև որպես արյան նոսրացուցիչներ, քիմիական միացություններ են, որոնք կանխում կամ ընկճում են արյան մակարդումը՝ երկարացնելով մակարդման ժամանակը[1]։ Որոշ բնական հակամակարդիչներ հանդիպվում են արյունածուծ կենդանիների մոտ, օրինակ՝ տզրուկների և մոծակների, ինչը նրանց հնարավորություն է տալիս կծած հատվածում որոշ ժամանակով ճնշել արյան մակարդումը և անարգել արյուն քաշել[2][3]։ Որպես դեղերի առանձին խումբ, հակամակարդիչները կիրառվում են թրոմբոտիկ խանգարումների բուժման նպատակով[4]։ Լայնորեն կիրառվում են դեղահատերի կամ հաբերի տեսքով օրալ (բերանացի) հակամակարդիչներ, իսկ հիվանդանոցային պայմաններում կիրառվում են նաև տարատեսակ ներերակային հակամակարդիչների դեղաձևեր[5][6]։ Որոշ հակամակարդիչներ կիրառվում են բժշկական սարքերում և տարաներում, ինչպիսիք են նմուշառման տարաները, արյան փոխներարկման պարկերը, արյան արհեստական շրջանառության սարքը և դիալիզի ապարատը[7][8]։ Առաջին հակամակարդիչներից մեկը՝ վարֆարինը, սկզբում օգտագործվում էր կրծողների դեմ պայքարի համար (ռոդենտիցիդ, ռատիցիդ)[9]։
Հակամակարդիչներ | |
---|---|
Հոմանիշներ | Արյան նոսրացուցիչներ |
Կիրառում | Թրոմբոտիկ խանգարումների բուժում, լաբորատոր պայմաններում մակարդման կանխում, կրծողների դեմ պայքար |
Գործածության եղանակ | ն/ե, օրալ(ներքին ընդունմամբ, բերանացի) |
Ազդեցության մեխանիզմ | վիտամին K-ի ազդեցության արգելակում, թրոմբինի արգելակում, Xa գործոնի արգելակում |
Քիմիական դասակարգում | Կումարիններ, հեպարին և ածանցյալներ ածանցյալներ |
Հակամակարդիչները սերտ առնչություն ունեն հակաագրեգանտների (հակաթրոմբոցիտային) և ֆիբրինոլիտիկ (թրոմբալուծարիչ) դեղերի հետ, քանի որ դրանք նույնպես ազդում են արյան մակարդման գործընթացի վրա[10]։ Թրոմբոցիտների նախնական ագրեգացիայից հետո սկսում է մակարդման փուլը, որի արդյունքում ձևավորվում է ֆիբրին ու կայուն ագրեգացված թրոմբոցիտար զանգված։ Մասնավորապես, հակաագրեգանտները ճնշում են թրոմբոցիտների ագրեգացիան (իրար կպչել, հավաքվելը), այնինչ հակամակարդիչները ընկճում են մակարդման կասկադի առանձին ուղիներ[11][12]։