From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկավոր բույսեր (ծածկասերմեր, լատին․՝ Magnoliophyta կամ Angiospermae), բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։
Ծածկասերմեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կլադ | Ծածկասերմեր (Angiosperms) |
Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։
Ծաղիկն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպերմը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները։ Բեղմնավորումից հետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի։ Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։ Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը։ Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։
Ծաղկավոր բույսերի առաջացման ճշգրիտ ժամանակը պարզված չէ, սակայն դրանց հետքերն ու մնացորդները փոշեհատիկի, բնափայտի, տերևների ձևով հայտնաբերվել են դեռևս յուրայի շրջանի նստվածքներում։ Ծաղկավոր բույսերը լայնորեն տարածվել են կավճի շրջանում, ըստ որում, կարճ ժամանակում իշխել են Երկրի բուսական ծածկույթում։
Միխայիլ Գոլենկինը այդ բույսերի հանկարծակի առաջացումը բացատրում էր կոսմոգեն պատճառներով։ Կավճի միջին շրջանում Երկիրը ծածկող խիտ ամպերը ցրվել են, և արևի ճառագայթները հասել են մեր մոլորակի մակերևույթին, որի հետ կապված փոփոխվել են լույսի ռեժիմը, օդի խոնավությունն ու չորությունը։ Ծաղկավոր բույսերն էվոլյուցիոն առումով լինելով ավելի պլաստիկ և ձեռք բերելով հարմարվողական նոր հատկանիշներ՝ սկսել են արագ տարածվել ամբողջ երկրագնդում։
Ծաղկավոր բույսերի առաջացման վայրի մասին եղել են տարբեր տեսություններ, վարկածներ (Չարլզ Դարվին, Ա. Դրեյ, Դ. Հալիր)։ Ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը գտնում էր, որ ծաղկավոր բույսերի հաղթանակի հիմնական գաղտնիքը նրանց կենսաբանական առանձնահատկությունների ու էվոլյուցիոն պլաստիկության և, ամենակարևորը, ծածկասերմ լինելու մեջ է։ Նա կարծում էր, որ ծաղկավոր բույսերը զարգացել են արևադարձային գոտու լեռներում (1000-1500 մ), որտեղից և սկսել են տարածվել դեպի բարեխառն երկրներն ու հյուսիս։
Ծաղկավոր բույսերի նախնիները դեռևս հայտնաբերված չեն, սակայն ստրոբիլային տեսության հեղինակների մեծ մասն այն կարծիքին է, որ դրանք եղել են բենետիտների տիպի մերկասերմ բույսեր։ Սակայն ծաղկավոր բույսերը չէին կարող անմիջապես առաջանալ բենետիտներից, քանի որ դրանց պտղաթերթիկներն ավելի պարզ կառուցվածք ունեն։ Հավանաբար նախնիները եղել են բենետիտների մեռած, միջանկյալ ձևերը կամ մերկասերմերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 112)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկավոր բույսեր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.