Խորվաթական հանրագիտարան
From Wikipedia, the free encyclopedia
Խորվաթական հանրագիտարան (խորվ.՝ Hrvatska enciklopedija), 11 հատորներից բաղկացած խորվաթական ազգային հանրագիտարան, որը հրատարակվել է Զագրեբի Միրոսլավ Կրլեժի անվան բառարանագրության ինստիտուտի կողմից[1]։
Խորվաթական հանրագիտարան խորվ.՝ Hrvatska enciklopedija | |
---|---|
Հեղինակ | Դալիբոր Բրոզովիչ և Տոմիսլավ Լադան |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | ազգային հանրագիտարան և հանրագիտարան |
Բնօրինակ լեզու | խորվաթերեն |
Էջեր | 9272 |
Երկիր | Խորվաթիա |
Հրատարակիչ | Զագրեբի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ |
Հրատարակման տարեթիվ | 1999 |
Հանրագիտարանների տպագրությունը սկսվել է 1999 թվականից։ Այն թվով հինգերորդն էր՝ խորվաթական ազգային հանրագիտարանների շարքում։ Առաջինը եղել Մատե Ուժավիչի «Hrvatska enciklopedija»-ն (1941—1945), որի թողարկումը ընդհատվել է հինգերորդ հատորից հետո։ Դրան հաջորդել են «Հարավսլավիայի բառարանագրության ինստիտուտի ընդհանուր հանրագիտարանների» երեք հրատարակությունները (խորվ.՝ Opća enciklopedija Jugoslavenskog leksikografskog zavoda), որոնք թողարկվել են համապատասխանաբար 1955—1964 թվականներին 7 հատորներով (խորվ.՝ Enciklopedije Leksikografskog zavoda, գլխավոր խմբագիրներ Մարկո Կոստրենիչ, Միրոսլավ Կրլեժա և Միլենկո Պրոտեգա), 1966—1969 և 1977—1982 թվականներին՝ 8 հատորներով (խորվ.՝ Opće enciklopedije, գլխավոր խմբագիր Իոսիպ Շենտիա)[1][2]։ Մինչև 2009 թվականը թողարկվել են նախատեսված բոլոր 11 հատորները։ 2010 թվականին թողարկվել է հանրագիտարանի համացանցային տարբերակը՝ համալրված հավելյալ և շարժական անիմացիաներով և տեսագրություններով[3]։ 2013 թվականի սեպտեմբերից մուտքը համացանցային տարբերակին դարձավ անվճար։ Հետագայում ինստիտուտը նախատեսում է այլևս չթողարկել թղթային հանրագիտարաններ, այլ մասնագիտանալ համացանցային հանրագիտարանների զարգացման վրա[2]։