![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Louis_Althusser_sketch_%25288420987781%2529_%2528cropped%2529.jpg/640px-Louis_Althusser_sketch_%25288420987781%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Լուի Ալտյուսեր
From Wikipedia, the free encyclopedia
Լուի Պիեռ Ալտյուսեր (ֆր.՝ Louis Pierre Althusser, հոկտեմբերի 16, 1918(1918-10-16)[1][2][3][…], Bir Mourad Rais, Ֆրանսիական Ալժիր[3][4] - հոկտեմբերի 22, 1990(1990-10-22)[2][3][5][…], La Verrière, Իվելին) ֆրանսիացի նեոմարքսիստ-փիլիսոփա, արևմտյան մարքսիզմի ամենակնառու ներկայացուցիչներից մեկը, ստրուկտուալիստական մարքսիզմի հիմնադիր, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ (1948-1980), Բարձրագույն նորմալ դպրոցի պրոֆեսոր (Փարիզ)։ Ալտյուսերի աշխատությունները գտնվում են մարքսիստական ավանդույթների և մայրցամաքային փիլիսոփայության ու հասարակական գիտությունների մի շարք ոլորտների խաչմերուկում։
Ալտյուսերի հայտնիությունն իր գագաթնակետին հասավ 1960-ականներին և 1970-ականներին, երբ հրապարակվեցին նրա հիմնական աշխատությունները «Հանուն Մարքսի» և «Կարդալ «Կապիտալը»»։ 1960-ականների սկզբին ֆրանսիական նեոմարքսիզմի ընդհանուր վերելքի ֆոնի վրա Ալտյուսերն առաջարկեց Մարքսի ստեղծագործությունների նոր մեկնաբանում՝ հիմնվելով գիտության իմացաբանության ֆրանսիական ավանդույթների վրա, ստրուկտուրալիզմի, սպինոզիզմի և հոգեվերլուծության վրա։ Ամբողջ աշխարհում լայնորեն քննարկվում էին Ալտյուսերի կողմից առաջ քաշված տեսական հակահումանիզմի, իմացաբանական բացի, պատմությունը՝ որպես «գործընթաց առանց առարկայի», գերորոշման, տեսական պրակտիկայի գաղափարները։ Ալտյուսերն այն ժամանակ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության առաջատար տեսաբանն էր և ակտիվորեն մասնակցում էր հասարակական-քաղաքական քննարկումներին։ Փիլիսոփան անընդհատ վերանայում էր իր նախկին հայացքները, իսկ հետագայում նա հարեց պոստստրուկտուրալիզմին։
Ալտյուսերը ավելի քան երեսուն տարի դասավանդել է հեղինակավոր Բարձրագույն նորմալ դպրոցում, նրա ուսանողներից շատերը, այդ թվում՝ Միշել Ֆուկոն, Պիեռ Բուրդյեն, Ժակ Դերիդան, հետագայում դարձել են հայտնի։ Ալտյուսերը զգալի ազդեցություն է ունեցել ժամանակակից հասարակական մտքի վրա, հետևորդներ է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իտալիա, Լատինական Ամերիկա։ Ալտյուսերի կողմից ձևակերպված գաղափարախոսության տեսությունը, որը հիմնված է ինտերպելացիայի և սուբյեկտիվացման հասկացությունների վրա, ժամանակակից քաղաքական փիլիսոփայության, հասարակական և հումանիտար գիտությունների գաղափարախոսությունների ամենահայտնի հասկացություններից է։
1980-ականներին մարքսիզմի ընդհանուր անկման պատճառով Ալտյուսերի աշխատանքը մոռացության մատնվեց։ 1990-ականներին, բազմաթիվ ձեռագրերի, նամակների և ինքնակենսագրականների հետմահու հրատարակվելուց հետո, փիլիսոփայի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը վերադարձավ՝ հաճախ ուղեկցվելով նախկին գնահատականների վերանայմամբ։
Ալտյուսերի կենսագրությունը ողբերգական է. Լինելով գաղութատիրական Ալժիրում գտնվող ֆրանսիացի վերաբնակիչների ընտանիքից՝ նա հինգ տարի անցկացրել է գերիների ճամբարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հասուն կյանքի ամբողջ ընթացքում փիլիսոփան տառապում էր հոգեկան խանգարումով, որն արտահայտվում էր մշտական դեպրեսիայի տեսքով։ 1980 թվականին, հիվանդության սրման ժամանակ, Ալթյուսերը խեղդամահ արեց իր կնոջը և իր կյանքի մնացած մասը անցկացրեց մեկուսացման մեջ՝ ենթարկվելով իր հակառակորդների և մամուլի մշտական հարձակումներին։