![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/Internet_map_1024_-_transparent%252C_inverted.png/640px-Internet_map_1024_-_transparent%252C_inverted.png&w=640&q=50)
Համացանց
From Wikipedia, the free encyclopedia
Համացանց, համակարգչային ցանցերի փոխկապակցված համաշխարհային համակարգ, որն օգտագործում է համացանցային արձանագրության (TCP/IP) հավաքակազմը, որպեսզի կապակցի համացանցին միացված սարքերը։ Այն ցանցերի ցանց է, որը բաղկացած է տեղական և համաշխարհային մակարդակի մասնավոր, հանրային, ակադեմիական, գործարար և կառավարական ցանցերից, որոնք միացված են էլեկտրական, անլար և օպտիկական ցանցային տեխնոլոգիաների լայն տիրույթներով։ Համացանցը սպասարկում է տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների լայն տիրույթի, ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) փոխկապակցված հիպերտեքստային փաստաթղթերը և հավելվածները, էլեկտրոնային փոստը, հեռախոսակապը և ֆայլերի կիսումը։
![Երթուղավորման ուղիների արտացոլումը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/Internet_map_1024_-_transparent%2C_inverted.png/640px-Internet_map_1024_-_transparent%2C_inverted.png)
Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով[1]։ 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով[2], և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին։ 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։
Ավանդական հաղորդակցման կապի միջոցները, ներառյալ՝ հեռախոսակապը, ռադիոն, հեռուստատեսությունը, թղթային փոստը և թերթերը, վերափոխվում, վերանայում են իրենց ծառայությունները՝ ստեղծելով առցանց նոր ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, համացանցային հեռախոսակապը, համացանցային հեռուստատեսությունը, առցանց երաժշտությունը, թվային թերթերը, վիդեո հոսքային կայքերը։ Թերթերը, գրքերը և այլ տպագիր հրատարակություններ, ադապտացվելով վեբ տեխնոլոգիաներին, վերափոխվում են բլոգների, վեբ հոսքերի և առցանց լրատվամիջոցների։ Համացանցն ակտիվացրեց և արագացրեց անձնական շփումների նոր ձևեր` ակնթարթային հաղորդագրությունների, համացանցային համաժողովների և սոցիալական ցանցերի միջոցով։ Առցանց խանութների թիվը սրընթաց աճեց, ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդլայնել ընկերությունների ֆիզիկական ներկայությունը, որպեսզի ավելի մեծ շուկա սպասարկեն կամ նույնիսկ ամբողջությամբ ապրանքներ վաճառեն և ծառայություններ մատուցեն համացանցում։ Բիզնեսը բիզնեսին (Business-to-business) և ֆինանսական ծառայությունները համացանցում ազդում են բոլոր բնագավառների մատակարարման շղթաների վրա։
Համացանցը տեխնոլոգիական իրականացման կամ հասանելիության և օգտագործման քաղաքականությունում չունի կենտրոնացված կառավարում, յուրաքանչյուր բաղադրիչ ցանց ստեղծում է իր սեփական քաղաքականությունը[3]։ Համացանցում միայն երկու սկզբունքային անվանումների տարածություններ՝ համացանցային արձանագրությունների հասցե (IP հասցե) տարածությունը և դոմենային անվանումների համակարգը (DNS) վերահսկվում են Համացանցային անունների և հասցեների բաշխիչ կազմակերպության կողմից (ICANN)։ Հիմնական արձանագրությունների և ստանդարտացման տեխնիկական սպասարկումն իրականացնում է Համացանցային ինժեներական խնդիրների խորհուրդ (IETF) ոչ առևտրային կազմակերպությունը, որը կազմված է ազատ կապակցված միջազգային մասնակիցներից, և որի հետ յուրաքանչյուրը կարող է համագործակցել տեխնիկական փորձաքննության միջոցով[4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Internet_users_per_100_and_GDP_per_capita.jpg/640px-Internet_users_per_100_and_GDP_per_capita.jpg)