From Wikipedia, the free encyclopedia
Թութք (հեմորոյ), անոթային մարմնիկներ հետանցքային խողովակում (անալ կանալ)[1][2]։ Իրենց բնականոն վիճակում նրանք երակային բարձիկներ են, որոնք օգնում են կղազատման կարգավորման ֆունկցիային[3]։ Այդ բարձիկների այտուցվածությունը կամ ինֆեկցումը արդեն համարվում է հեմորոիդալ հիվանդություն, սակայն հեմորոյ տերմինը հաճախ վերագրվում է այս հիվանդությանը, ոչ նրա բնականոն վիճակին[2]։ Նախանշաններն ու ախտանշանները կախված են թութքի տեսակից (արտաքին և ներքին)[4]։ Ներքին թութքը հիմնականում արտահայտվում է անցավ, ալ կարմիր ուղիղ աղիքային արյունահոսությունով կղազատման ժամանակ[5][6]։ Արտաքին թութքը հաճախ հանդես է գալիս հետանցքի շուրջ այտուցով և ցավով[6]։ Եթե արտաքին հանգույցը արյունահոսում է, արյան գույնն ավելի մուգ է[6]։ Մի քանի օրվա ընթացքում առաջ է գալիս ախտանշանների արտահայտվածության նվազում[5]։ Թութքի արտաքին հանգույցների ինքնալավացումից հետո հնարավոր է մնացորդային մաշկային ծալքերի առաջացում[6]։
Թութք | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ընդհանուր վիրաբուժություն |
ՀՄԴ-10 | K64 |
Hemorrhoids Վիքիպահեստում |
Մինչդեռ թութքի առաջացման հիմնական ախտապատճառները մնում են անհայտ, ընդունված է համարել խթանիչներ այն բազմաթիվ պատճառները, որոնք առաջ են բերում որովայնի խոռոչում ճնշման բարձրացում[6]։ Նրանց թվին են պատկանում փորկապությունը, լուծը և զուգարանակոնքին երկար նստելը[5]։ Թութքը նաև բնորոշ է հղիության ընթացքին[5]։ Ախտորոշումը կատարվում է տվյալ շրջանի արտաքին զննմամբ[5]։ Շատերը հետանցքի շուրջ առկա խնդիրները վերագրում են արտաքին թութքին, սակայն այդ ախտանշանների ավելի լուրջ պատճառները պետք է առաջնահերթ ժխտել[3]։ Կոլոնոսկոպիան և ռեկտորոմանոսկոպիան թույլ կտան ախտորոշել ավելի բարդ հիվանդությունները[7]։
Հաճախ յուրահատուկ բուժման կարիք չի լինում[7]։ Սկզբնական կանխարգելիչ միջոցառումները ներառում են բջջանյութի (բուսական սննդի) ընդունման ավելացում, հեղուկների առատ ընդունում, ՈՍՀԴ-ների ընդունում ցավերի դեպքում և հանգիստ[8]։ Ընդունված է բուժիչ քսուկների տեղային կիրառումը, բայց նրանց արդյունավետությունը փաստացի ցածր է[7]։ Կարելի է իրագործել բազմաթիվ միջամտություններ, եթե ախտանշանները արտահայտված են և պահպանողական միջոցառումները չեն նպաստում վերջիններիս լավացմանը[9]։ Վիրահատությունը ցուցված է պահպանողական բուժման և միջոցառումների անարդյունավության դեպքում[9]։
Մարդկանց մոտ 50-66%-ը ունենում են թութքի խնդիր կյանքի որևիցե փուլում[5][8]։ Տղամարդիկ և կանայք մոտավորապես նույն հավանականությամբ են հիվանդանում[8]։ Ավելի հաճախ թութքով հիվանդանում են 45-65 տարեկան անձինք[10]։ Սոցիալապես ավելի ապահով խավը և առավելապես նստակյաց կյանք վարող անձինք գտնվում են բարձր ռիսկի խմբում[6]։ Հիվանդության ելքը հիմնականում բարեհաջող է[5][7]։ Հիվանդության մասին առաջին գրառումները եղել են դեռ հին եգիպտական պապիրուսներում 1700 մ.թ.ա.[11]:
Թութքային հիվանդությունով տառապող մարդկանց մոտ 40%-ը չունեն արտահայտված ախտանշաններ[6]։ Արտաքին և ներքին թութքը կարող են առանձին արտահայտվել, սակայն հիմնականում նրանք համակցված են[2]։ Այնպիսի առատ արյունահոսություն, որ կարող է սակավարյունություն առաջացնել, հազվադեպ է հանդիպում, իսկ կյանքին սպառնացող արյունահոսությունը առավել անհավանական է[12]։ Շատերը ունենալով տվյալ հիվանդությունը ամաչում են[10] և հաճախ դիմում են բժշկի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում[2]։
Թութքի մեծացած արտաքին հանգույցները քիչ խնդիրներ են առաջացնում, եթե թրոմբված չեն[13]։ Սակայն եթե թրոմբոզը առաջացել է, այն կարող է սուր և անտանելի ցավի պատճառ հանդիսանալ[2][8]։ Այնուամենայնիվ, ցավը անցնում է երկու կամ երեք օրվա ընթացքում[10]։ Այտուցների փոքրացմանն ու անհետացմանը, սակայն կպահանջվի մի քանի շաբաթ[10]։ Ինքնալավացումից հետո հնարավոր է հարհետանցքային ավելորդ մաշկային ծալքերի առաջացում[2]։ Եթե թութքի արտաքին հանգույցները բավականին մեծ են և առաջացնում են հիգիենիկ խնդիրներ, կարող է առաջանալ հարհետանցքային մաշկի բորբոքում և քոր[14]։
Ներքին թութքը հիմնականում ընթանում է անցավ, կղազատման ընթացքում կամ նրա ավարտին ալ կարմիր ուղիղ աղիքային արյունահոսությամբ[2]։ Արյունը հիմնականում պատում է կղանքը, կամ առկա է զուգարանի թղթի վրա, կամ էլ կաթիլների տեսքով զուգարանակոնքում[2]։ Կղանքը հիմնականում բնականոն գունավորման է[2]։ Մյուս ախտանշանները կարող են արտահայտվել առատ լորձարտադրությամբ, եթե հանգույցները արտանկում են՝ հետանցքում օտար մարմնի զգացողությամբ, հետանցքի քորով և անկղապահությամբ[12][15]։ Թութքի ներքին հանգույցները ցավոտություն են ցուցաբերում միայն հանգույցների թրոմբոզի և նեկրոզի(մեռուկացման) ժամանակ[2]։
Թութքի ախտանշանների առաջացման պատճառները անհայտ են[16]։ Բազմաթիվ պատճառներ ունեն իրենց ներգործությունը. օրինակ՝ անկանոն կղազատումը (փորկապություն և լուծ), ֆիզիկական ակտիվության պակասը, սննդակարգային առանձնահատկությունները (բջջանյութով աղքատ դիետա), ներորովայնային բարձր ճնշումը (երկարացած ճիգեր, ասցիտ, ներորվայնային գոյացություններ կամ հղիություն), ժառանգականությունը, թութքային երակներում փականների բացակայությունը և տարիքային գործոնը[8][10]։ Բարձր ռիսկի գործոններից են ավելորդ քաշը, զուգարանակոնքին երկար նստելը[2] քրոնիկ հազը և կոնքի հատակի մկանների թուլությունը[3]։ Կքանստած կղազատումը նույնպես կարող է հանգեցներ արտահայված թութքային հիվանդության[17]։ Սակայն այս նախատրամադրող գործոնների պատճառահետևանքային կապը ապացուցված չէ[3]։ Հղիության ընթացքում պտղի առաջացրած ներորովայնային բարձր ճնշումը և հորմոնալ փոփոխությունները նպաստում են թութքային երակների լայնացմանը։ Ծննդալուծումը հանգեցնում է ներորովայնային ճնշման առավել մեծացմանը[18]։ Հղիները հազվագյուտ են կարիք ունենում վիրաբուժական միջամտության, քանի որ ծննդալուծումը նպաստում է ախտանշանների վերացմանը[8]։
Թութքային հանգույցները հանդիսանում են մարդու բնականոն անատոմիայի մաս և նրանց որևիցե պաթոլոգիական փոփոխության դեպքում միայն վերածվում են հիվանդության[2]։ Անալ կանալում նորմայում առկա են երեք հիմնական երակային բարձիկներ[8]։ Նրանք մեծ մասամբ տեղակայված են ձախ կողմնային, աջ առաջային և աջ հետին դիրքերում[10]։ Նրանք կազմված են ոչ զարկերակներից, ոչ էլ երակներից, այլ այսպես կոչված անոթային խոռոչներից, շարակցական հյուսվածքից և հարթ մկանաթելերից[3] : Այս անոթային խոռոչները իրենց պատերում չունեն մկանային շերտ, ինչպես, օրինակ, երակները[2]։ Այս անոթները հայտնի են որպես թութքային հանգույցներ[3]։
Թութքային հանգույցները կարևոր են կղապահության ֆունկցիայի համար։ Նրանք ապահովում են հանգստի ժամանակ առկա հետացքի փակման ճնշման 15-20%-ը և պաշտպանում են հետանցքի սեղմանի մկանները կղազատման ժամանակ[2]։ Երբ մարդ կռանում է՝ ներորովայնային ճնշումը բարձրանում է և թութքային հանգույցները չափերով մեծանում են՝ ապահովելով հետանցքի փակվածքը[10]։ Թութքի ախտանշանները արտահայտվում են, երբ այս անոթային մարմինները իջնում են կամ նրանցում առաջանում է երակային ճնշման բարձրացում[12]։ Հետանցքի արտաքին և ներքին սեղմանի տոնուսի բարձրացումը ուղղակիորեն նպաստում է թութքի ախտանշանների արտահայտմանը[10]։ Թութքի երկու տեսակները առաջանում են՝ մեկը վերին թութքային հանգույցներից, մյուսը՝ ստորին թութքային հանգույցներից[10]։ Ատամնավոր գիծը բաժանում է այս երկու շրջանները[10]։
Թութքը հիմնականում ախտորոշվում է ֆիզիկալ (արտաքին և մատնային) զննման միջոցով[9]։ Հետանցքի արտաքին զննման ժամանակ կարելի է ախտորոշել արտաքին կամ ներքին արտանկված թութքը[2]։ Հետանցքի և ուղիղ աղու զննման (անոսկոպիա) միջոցով կարելի է ախտորոշել ուղիղ աղու ուռուցքները, պոլիպները, մեծացած շագանակագեղձը կամ թարախակույտերը (աբսցես)[2]։ Այս զննումը հնարավոր չէ առանց համապատասխան ցավազրկման, չնայած որ ներքին թութքը մեծ մասամբ ցավոտ չէ (արտաքին թութքի համեմատ)[8]։ Եթե առկա է արտահայտված ցավային համախտանիշ՝ առավել հավանական ախտորոշում է հետանցքի ճաքը[10]։ Ախտորոշման հաստատման համար հնարավոր է անոսկոպիայի կարիք առաջանալ (հետանցքի և ուղիղ աղու գործիքային զննում խողովակով՝ ծայրին լույսի առկայությամբ)[10]։
Ներքին թութքի հանգույցները տեղակայված են ատամնավոր գծից վեր[14]։ Նրանք պատված են գլանաձև էպիթելով, որոնք զուրկ են ցավազգաց ընկալիչներից[3]։ 1985թ.-ին ներքին թութքը ըստ արտանկման բաժանվել է 4 աստիճանի[3][8]՝
Արտաքին թութքի հանգույցները տեղակայված են ատամնավոր կամ պեկտինյան գծից ներքև[13]։ Պրոքսիմալ նրանք պատված են անոդերմով, իսկ դիստալ մաշկով, երկուսն էլ ցավազգաց և ջերմազգաց են[3]։
Շատ հետանցք-ուղիղ աղիքային խնդիրներ, ներառյալ ճաքերը, խուղակները, թարախակույտերը, քաղցկեղները, ուղիղ աղու երակային լայնացումը և քորը, թութքի հետ ունեն նման ախտանշաններ և կարող են վերագրվել վերջինիս[8]։ Բացի թութքից ուղիղ աղիքային արյունահոսության պատճառ կարող են հանդիսանալ նաև կոլոռեկտալ ուռուցքները, կոլիտները, ինչպես նաև գրգռված աղու համախտանիշը, դիվերտիկուլյար հիվանդությունը և անգիոդիսպլազիան[9]։ Անեմիայի առկայության դեպքում պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր պատճառները[10]։ Հետանցքում օտար մարմնի զգացողություն կարող են առաջացնել հավելյալ մաշկային ծալքերը, հետանցքի կոնդիլոմաները, ուղիղ աղու արտանկումը, պոլիպները և հետանցքի մեծացած պտկիկները[10]։ Հետանցք-ուղիղ աղիքային երակային վարիկոզ հիվանդությունը, որն առաջանում է պորտալ (դռներակի) համակարգում ճնշման բարձրացման պատճառով, կարող է հանդես գալ թութքին նման պատկերով, բայց իրենից ներկայացնում է առանձին հիվանդություն[10]։ Պորտալ հիպերտենզիան չի ազդում թութքի առաջացման հավանականության վրա[6]։
Խորհուրդ են տրվում բազմաթիվ կանխարգելող միջոցառումներ՝ խուսափել կքանստած կղազատումից, փորկապության և լուծի պրոֆիլակտիկա՝ բջջանյութով հարուստ սննդի և առատ հեղուկների օգտագործմամբ, և համապատասխան վարժություններ[10][19]։ Խորհուրդ է տրվում նաև կղազատման համար ծախսել ավելի քիչ ժամանակ, խուսափել ընթերցանությունից զուգարանում[8], հավելյալ քաշի դեպքում՝ քաշի նվազեցում, ծանրության բարձրացման սահմանափակում[20]։
Պահպանողական բուժման մեջ ընդգրկվում է բջջանյութով առատ սնունդը, օրգանիզմի հիդրատացիան ապահովելու նպատակով բավականաչափ հեղուկի ընդունում, ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործում, նստած բուժիչ լոգանքներ և հանգիստ[8]։ Բջջանյութի օգտագործումը ապահովում է ավելի բարեհաջող ելք[21], որը ներառում է համապատասխան սննդակարգի և բջջանյութային հավելումների օգտագործում[8][21]։ Բուժիչ լոգանքների արդյունավետությունը բուժման ցանկացած փուլում, այնուամենայնիվ, հիմնավորված չէ[22]։ Նրանց կիրառման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեները[3] : Նաև խորհուրդ է տրվում կղազատման ժամանակի կրճատումն ու կքանստումից խուսափումը[23]։
Տեղային դեղամիջոցների և մոմիկների կիրառումը հիվանդության բարձիթողի վիճակում քիչ արդյունավետ է[8]։ Հորմոնալ բուժման ընթացքը չպետք է գերազանցի 14 օրը, քանի որ կարող են հանգեցնել մաշկի բարակեցմանը[8]։ Դեղորայքի մեծամասնությունը պարունակում է ակտիվ բաղադրիչներ[3], ինչպիսիք են, օրինակ, պաշտպանիչ թաղանթ առաջացնող (վազելին, ցինկի օքսիդ), ցավազրկող (լիդոկաին) և անոթասեղմիչ (էպինեֆրին) միջոցները[3]։ Որոշ միջոցներ պարունակում են պերուական բալզամ, որի հանդեպ որոշ մարդիկ կարող են լինել ալերգիկ[24][25]։ Ֆլավոնոիդները տալիս են կասկածելի արդյունք և բավականին շատ կողմնակի ազդեցություններ[3][26]։ Հղիության ընթացքում ցուցված է միայն սիմպտոմատիկ բուժում, իսկ հիմնական բուժական միջոցառումները իրականացվում են ծննդալուծումից հետո[27]։ Փաստերը չեն հաստատում չինական ավանդական բժշկության էֆեկտիվությունը[28]։
Կիրառվում են հիվանդանոցային բժշկական միջամտություններ։ Վերջիններս հիմնականում անվտանգ են, բայց հայտնի են հազվագյուտ բարդություններ, օրինակ, պերիանալ սեպսիս[9]։
Պահպանողական բուժման և նվազ ինվազիվ եղանակների անարդյունավետության դեպքում կարելի է կիրառել բազմաթիվ վիրահատական մեթոդներ[9]։ Բոլոր վիրահատությունները ինչ-որ չափով ունեն բարդություններ՝ արյունահոսություն, ինֆեկցիա, հետանցքի ստրիկտուրա (նեղացում) և դժվարամիզություն (միզապարկի նյարդավորման հետանցքին մոտ գտնվելու պատճառով)[8]։ Նաև հնարավոր է անկղապահության զարգացման քիչ հավանականություն, մասնավորապես հեղուկ կղանքային մասսաների[3][30], մոտավորապես 0%-28% դեպքերում[31]։ Ուղիղ աղու լորձաթաղանթի արտանկումը ևս մի վիճակ է, որ կարող է առաջանալ թութքահատումից հետո (հաճախ հետանցքի ստրիկտուրայի հետ համատեղ)[32]։ Առաջանում է հետանցքի կամ ուղիղ աղու լորձաթաղանթի մասնակի արտանկում, որը նման է ուղիղ աղու ամբողջական արտանկման թեթև ձևին[32]։
Դժվար է որոշել թութքի տարածվածությունը, քանի որ հիվանդների զգալի մասը չի դիմում մասնագիտացված բուժօգնության[12][16]։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի բնակչության 50%-ը կյանքի ընթացքում ունենում են թութքի ախտանշաններ, իսկ տվյալ պահին 5%-ը տառապում է այս հիվանդությամբ[8]։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք թութքով հիվանդանում են մոտավորապես նույն հաճախականությամբ[8], ավելի հաճախ 45-ից 65 տարեկանում[10]։ Ավելի հաճախ հիվանդանում են սպիտակամորթերը[37] և ավելի բարձր սոցիալ-տնտեսական խավը[3]։ Երկարաժամկետ կտրվածքով ելքը հիմնականում բարեհաջող է, սակայն որոշ մասը ունենում են կրկնվող ախտանշանային դրվագներ[12]։ Հիվանդների քիչ մասի մոտ է առաջանում վիրահատական միջամտության կարիք[3]։
Այս հիվանդության մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 1700մ.թ.ա. Հին Եգիպտական պապիրուսին, որը խորհուրդ է տալիս՝ «... հիվանդը պետք է ստանա քսուկ, կազմված ակացիայի տերևներից, խառնած հողի հետ, տրորված և եփված։ Բարակ շերտով քսել հետանցքին և հիվանդը կլավանա»[11]։ Մ.թ.ա 460թ.-ին Հիպոկրատի աշխատություններում քննարկվում է բուժման մեթոդ, որը նման է ժամանակակից վակուումային ռետինե լիգավորմանը,-«Թութքը կարող ես բուժել հաստ բրդյա թելով և ասեղով հանգույցը ամուր կապելով և ֆիքսելով։ Չթուլացնել կապը մինչև նրանք ինքնուրույն չընկնեն և հիվանդին նշանակել եղեբորոսով բուժման կուրս»[11]։ Թութքը նույնիսկ նկարագրված էր Աստվածաշնչում, նրա հնաոճ անգլերեն թարգմանված տարբերակներում նշված որպես «էմերոդս» ("emerods")[10]:
Ցելսիուսը (25մ.թ.ա-14ք.հ.) նկարագրել է լիգավորման և հեռացման գործընթացները, քննարկելով հնարավոր բարդությունները[38]։ Գալենը պաշտպանում էր զարկերակներից երակների անջատման մեթոդիկան, պնդելով, որ դա վնազեցնում է ցավն ու գանգրենայի տարածումը[38]։ Սուսրուտա Սամհիտայի (4-րդ-5-րդ դար) խոսքերը նման էին Հիպոկրատին, բայց կարևորվում էր վերքի մաքրությունը[11]։ 13-րդ դարում Եվրոպացի վիրաբույժներ Լաֆրանկ Միլանցին, Գի դե Շոլիակը, Հենրի դե Մոնդեվիլը և Ջոն Արդինցին իրենց մեծագույն ներդրումն ունեցան վիրահատական բուժման եղանակների զարգացման և առաջընթացի գործում[38]։
Միջնադարում թութքն անվանում էին նաև Սուրբ Ֆլեյքրի անեծք՝ 6-րդ դարի մի սրբի անունով, ում մոտ դա զարգացել էր հող մշակելու արդյունքում[39]։ Անգլերենում "hemorrhoid" (թութք) բառի առաջին կիրառումը արձանագրվել է 1398 թվականին, և ծագում է հին ֆրանսերեն "emorroides" և լատիներեն "hæmorrhoida" արմատներից[40]։ Վերջինս էլ իր հերթին ծագել է հունարեն "αἱμορροΐς (haimorrhois)" արտահայտությունից, որը նշանակում է "արյունահոսելու ընդունակ"․ "αἷμα (haima)" արյուն[41], "ῥόος (rhoos)" հոսանք, հոսք, շիթ[42][43]։
Բեյսբոլի աշխարհահռչակ մարզիկ Ջորջ Բրետը 1980 թվականի Աշխարհի առաջնության խաղից հեռացվել է թութքից առաջացած ցավի պատճառով։ Փոքրածավալ վիրահատությունից հետո նա արդեն հաջորդ խաղին ներկա էր և կատակում էր,-«...իմ խնդիրները մնացին իմ հետևում»[44]։ Բրետը վիրահատվեց հաջորդող գարնանը[45]։ Քաղաքական պահպանողական մեկնաբան Գլեն Բեքը թութքահատման վիրահատությունից հետո լայն տարածում գտած YouTube տեսանյութում նկարագրել է իր տհաճ փորձը[46][47]։ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Կարտերը 1984 թվականին վիրահատվել է թութքի կապակցությամբ[48]։ Կրիկետի մարզիկներ Մեթյու Հայդնը և Վիվ Ռիչարդզը նույնպես տառապում են այս հիվանդությամբ[49]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.