From Wikipedia, the free encyclopedia
Թոթ (Թեութ, Թութ, Թուութ, Թոութ, Թեհութի, Զեհութի, Թեչու կամ Թեթու հին հունարեն՝ Θώθ, Θόουτ եգիպ.՝ ḏḥwty բառից, հնարավոր է ḏiḥautī արտասանությունը[2]), հին եգիպտական իմաստության, գիտությունների, Լուսնի աստված, գրադարանների, գիտնականների, պաշտոնյաների, պետական և համաշխարհային կարգի հովանավոր։ Համարվում է եգիպտական ամենավաղ աստվածներից մեկը[3]։
Թոթ | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | Հին Եգիպտոս |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Θόουτ |
Լատինական գրաձև | Thoth |
Այլ մշակույթներում | Հերմես |
Երևի համընկնում է | Հերմես |
Զբաղմունք | Իմաստության, գիտությունների և կախարդության հովնավոր։ |
Ծագում | Հերմոպոլիս |
Ամուսին | Մաատ[1] |
Հատկանիշներ | Պատկերվում է իբիսի կամ պավիանի գլխով |
Thoth Վիքիպահեստում |
հիերոգլիֆներ Թոթ |
---|
Թոթ աստվածն, որպես կանոն, պատկերվում էր իբիսի գլխով մարդու տեսքով, ձեռքի մեջ նա պահում էր գավազան և անխ։ Սակայն, բացի այդ տարբերակից գոյություն ունեին նրան պատկերելու այլ բազմաթիվ տարբերակներ։
Թոթի պաշտամունքի հիմնական կենտրոնն էր հանդիսանում Շմունը կամ Էշմունենը (Հերմոպոլ Մեծ)[4][5]։
Ենթադրվում է, որ ճշմարտության, արդարության Մաատ աստվածուհին եղել է Թոթ աստծո կինը[6]։
Ի սկզբանե Թոթ աստծուն երկրպագում էին որպես իբիսի, ով հայտնում էր Նեղոսի հեղեղման և վնասատուներին ոչնչացնելու մասին[7]։ Հնարավոր է, այդ ժամանակ նա եղել է աստղային աստված և հետևում էր հավասարակշռությանը երկնքում[8]։ Բացի այդ, Բուրգերի տեքստերում Թոթը եղել է աստված, ով ցանկանում էր լինել արքայի օգնականը հանդերձյալ կյանքում։ Արքաները նրա օգնության կարիքը շատ ունեին, սակայն նրա հստակ դերն տեքստերի այն հավատալիքներում հայտնի չէ[6]։
Ավելի ուշ նրան ներկայացնում էին առաջին հերթին որպես իմաստուն աստված, հիերոգլիֆների[7], գրերի[8] և օրացույցի[9] հայտնագործող, սրբազան գրքերի հեղինակ, գրադարանների, մոգերի, գիտնականների և պաշտոնյաների հովանավոր[7]։ Նրա հետ էին կապում բոլոր գիտությունների իմացությունը, հատկապես մոգությունը[9]։ Որպես Լուսնի աստված, նա եղել է Ռա աստծո տեղակալը[7]։ Նա եղել է Պտահ-Խոր-Թոթ տրիադայի անդամ, որն ավելի ուշ ձևափոխվել և դարձել է Ռա-Խոր-Թոթ։ Բացի այդ, նա խոսքի աստվածն էր, նրա խոսքերը հանգեցնում էին գործողությունների։ Հին եգիպտական դիցաբանության համաձայն, նա ամբողջ աշխարհը ստեղծեց խոսքով[10]։
Թոթ աստծո սրբազան կենդանիներն էին իբիս թռչունը և կապիկը (պավիանը)։ Առավել հաճախ նա պատկերվում էր իբիսի գլխով մարդու տեսքով։ Նա ձեռքի մեջ պահում էր գավազան և անխ։ Այլ կերպարներում նա, որպես Լուսնի աստված Աահը, պատկերվում էր որպես մումիա Հարպոկրատեսի մեկ փունջ մազերով։ Այդպիսի պատկերների վրա նա ձեռքի մեջ պահում էր Օսիրիսի տարբեր ատրիբուտներ[8]։
Երբեմն հանդիպում են Թոթի պատկերներ պավիանի տեսքով, քանի որ այդ կապիկը համարվում էր բավականին խելացի արարած[7]։ Պավիանը կարևոր դեր էր խաղում Մեռյալների գրքում, այնտեղ նա պատկերված է կշեռքի նժարի մոտ նստած, որտեղ կշռում էին մահացածի հոգիները։ Պավիանի դերն այն էր, որ նա պետք է հետևեր կշեռքի սլաքին։ Եթե սլաքը հավասարակշռություն էր ցույց տալիս, ապա նա այդ տվյալները հաղորդում էր Թոթին։ Հենրիխ Կարլ Բրուգշը կարծում էր, որ պավիանը Թոթի մարմնավորումն է որպես հավասարակշռության աստված և պավիանը երկու՝ աշնանային և գարնանային գիշերահավասարների խորհրդանիշն էր։ Պավիանը կապված էր Լուսնի հետ, ինչի մասին վկայում են պատկերներն, որտեղ պավիանի գլխավերևում պատկերված է կիսալուսին և սկավառակ։ Նա նաև Թոթի ներկայացուցիչն էր որպես «աստվածային երազների և աստվածների գրագիր»։
Քանի որ Թոթը տարեգիր էր, որոշ պատկերների վրա նրա գլխի վրա պատկերված էր կիսալուսին, այլ պատկերների վրա նա կրում էր Հեմհեմ թագը, որի վրա պատկերված էր կոբրա, եղջյուրներ, արև և այլն[8]։ Որպես տարիները և ժամանակը հաշվող աստված, որոշ պատկերների վրա նրա գլխին պատկերված էր կիսալուսին և սկավառակ։ Որոշ պատկերների վրա Թոթը կրում էր կրկնակի՝ Հարավի և Հյուսիսի թագ[11]։
Հին լեգենդի համաձայն, Թոթը Հոր աստծո որդին էր, որի սերմն ընկել է Սեթ աստծո մարմինը հազարատերևի օգնությամբ։ Այդ սերմը ծլել է, ինչի արդյունքում ծնվել է Թոթ աստվածը, որը Սեթից դուրս է եկել նրա ճակատի միջով։ Գոյություն ունի ևս մեկ վարկած, որի համաձայն Սեթն իր ճակատից հանել է ոսկե մանգաղ, որը Թոթը խլել է նրանից և դրել իր գլխի վրա որպես զարդ։ Առաջին վարկածը մերժվել է դոկտոր Գարդիներ Ալան Հենդերսոնի կողմից, որի կարծիքով Թոթն եկել է Ջխութի անվանումով վայրից[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.