![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Sir_Tim_Berners-Lee_%2528cropped%2529.jpg/640px-Sir_Tim_Berners-Lee_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Թիմ Բերներս-Լի
From Wikipedia, the free encyclopedia
Թիմոթի Ջոն Բերներս-Լի (անգլ.՝ Sir Timothy John «Tim» Berners-Lee, հունիսի 8, 1955(1955-06-08)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի գիտնական, URI-ի, URL-ի, HTTP-ի, HTML-ի գյուտարար, Համաշխարհային սարդոստայնի ստեղծող (Ռոբերտ Քայոյի հետ համատեղ) և Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումի գործադիր տնօրեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում հեղինակ է մի շարք այլ մշակումների, ինչպես նաև Համաշխարհային սարդոստայնի հիմնադրույթի (կոնցեպցիայի) հեղինակն է։ Ներկայումս համակարգչային գիտությունների պրոֆեսոր է Օքսֆորդի համալսարանում և Մասաչուսեթսի տեխպնոլոգիական ինստիտուտում[42][43]։ Տեղեկատվության համակարգի կառավարման վերաբերյալ իր առաջարկն արել է 1989 թվականի մարտ ամսին[44], այդ նույն տարվա նոյեմբերին իրականացրել առաջին հաջողված հաղորդակցումը հաճախորդի և հիպերտեքստային արձանագրության սերվերի միջև՝ համացանցի միջոցով[45][46][47][48][49]։
Բերներս-Լիի ղեկավարած World Wide Web կոնսորցիումի հսկողության ներքո է ընթանում համացանցի հետագա զարգացումը։ Նա Համաշխարհային սարդոստայնի հիմնադրամի հիմնադիրն է, գլխավոր հետազոտող է և 3Com-ի հիմնադիրների ղեկավար Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի լաբորատորիայում (CSAIL-ում)[50]։ Այդ նույն ինստիտուտում կոլեկտիվ ինտելեկտի կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ է, ինչպես նաև՝ վեբ-գիտության գծով հետազոտական նախաձեռնության տնօրեն[51] .[52][53]: 2011 թվականին նշանակվել է Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[54]։ Այս ամենից բացի, Բերներս-Լին հանդիսանում է Բաց տվյալների ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարը։
Նորարարական իր աշխատանքների համար նա 2004 թվականին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից արժանացել է ասպետի տիտղոսի[55][56]։ 2009 թվականի ապրիլին ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային ակադեմիայի արտասահմանյան գործընկեր[57][58]։ «Թայմ» ամսագիրը նրան ընդգրկել է քսաներորդ դարի հարյուր ամենակարևոր անձանց ցանկի մեջ[59]։ Իր հայտնագործությունների համար Բերներս-Լին արժանացել է մի շարք պարգևների[60][60][61], այդ թվում՝ ինֆորմատիկայի բնագավառում բարձրագույնը համարվող Թյուրինգի 2016 թվականի մրցանակին։