Թեոդորոս Ռշտունի
Հայոց սպարապետ, իշխան / From Wikipedia, the free encyclopedia
Թեոդորոս Ռշտունի (590 կամ անհայտ[1] - 656[2] կամ մոտ 654[1], Դամասկոս, Ուղղահավատ խալիֆների պետություն[2]), մարզպան և Հայոց իշխան՝ 639-654 թվականներին, ընդհատումներով և զորավար։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեոդորոս Ռշտունի (այլ կիրառումներ)
Թեոդորոս Ռշտունի | |||
| |||
---|---|---|---|
639-645 | |||
Նախորդող | Դավիթ Սահառունի | ||
Հաջորդող | Վարազ-Տիրոց Բ Բագրատունի | ||
| |||
646-654 | |||
Հաջորդող | Մուշեղ Ա | ||
Մասնագիտություն՝ | զորավար | ||
Ծննդյան օր | 590(0590) | ||
Ծննդավայր | Ռշտունիք, Մարզպանական Հայաստան | ||
Վախճանի օր | 654(0654) | ||
Վախճանի վայր | Դամասկոս, Օմայյան խալիֆայություն | ||
Դինաստիա | Ռշտունիներ | ||
Զավակներ | Վարդ Ռշտունի |
Սասանյան արքունիքի համաձայնությամբ 628 թվականին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ։ 634 թվականից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը։ Սասանյան պետության քայքայումից (637) և Մարզպանական Հայաստանի անկախանալուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։ Լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639-ին միավորված Հայաստանը փաստորեն հռչակվել է ինքնուրույն իշխանություն, որի առաջին իշխանն է դարձել Թեոդորոս Ռշտունին։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։
Իր ազդեցությունը Հայաստանում պահպանելու մտահոգությամբ՝ Բյուզանդիան 640 կամ 641-ին Թեոդորոս Ռշտունուն շնորհել է պատրիկի ու կյուրապաղատի տիտղոսներ և նրան ճանաչել Հայաստանի կառավարիչ իշխան։ Դժգոհելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականությունից՝ Կոնստանս կայսրը 646-ին Հայոց իշխան է նշանակել ոմն Թովմայի։ Վերջինս Կոտայքում դավադրաբար կալանավորել է Թեոդորոս Ռշտունուն և ուղարկել Կոստանդնուպոլիս։ Սակայն կայսրը, երկյուղելով հայերի դժգոհությունից, Թեոդորոս Ռշտունուն վերստին հաստատել է իր պաշտոնում, իսկ Թովմային ետ կանչել։ 648-ին Դվինի ժողովում հայ իշխանների ու հոգևորականների գերակշռող մասը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, մերժել է կայսեր «դավանական միության» առաջարկը։ Բյուզանդական կայսրության նոր խարդավանքները դիմակայելու համար Թեոդորոս Ռշտունին իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, դիվանագիտական հմտությամբ բանակցել և 652-ին համեմատաբար ձեռնտու պայմանագիր է կնքել Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ (տես Հայ-արաբական պայմանագիր 652)։ Ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը՝ Թեոդորոս Ռշտունին 3 տարով երկրում թեթևացրել է հարկավճարումը, պահպանել հայոց այրուձին (15 հզ. զինվոր) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր հարցերում։ Արաբական 7 հզ. զորախմբի օգնությամբ Թեոդորոս Ռշտունին և նրա որդի Վարդը հաղթել են Հայաստան խուժած բյուզանդական զորքերին, մաքրել երկրի հս–արմ. շրջանները՝ ընդհուպ Տրապիզոն։ Այս հաղթանակի համար Դամասկոսում նա արժանացել է Մուավիայի մեծարանքներին։ Դամասկոսից վերադառնալով՝ Թեոդորոս Ռշտունին հիվանդացել և առժամանակ մեկուսացել է քաղաքական կյանքից (փակվել է Աղթամարի բերդում)։ Գլուխ բարձրացրած կենտրոնախույս և բյուզանդամոլ տարրերին հնազանդեցնելու պատրվակով արաբական զորքերը գրավել և կողոպտել են Հայաստանը։ 652-ին պայմանագիրը վերահաստատելու հույսով՝ Թեոդորոս Ռշտունին 1800 հայ մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս։ Սակայն երկարատև հիվանդությունից հյուծված Թեոդորոս Ռշտունին այնտեղ շուտով վախճանվել է։ Նրա դին տեղափոխվել է հայրենի երկիր և թաղվել Ռշտունյաց տոհմական գերեզմանատանը։
Մ. Աբեղյանի կարծիքով մեծ ժողովրդականություն վայելող Թեոդորոս Ռշտունին դարձել է հայկական «Սասնա ծռեր» հերոսապատումի կերպար՝ ի դեմս քեռի Թորոսի։ Թեոդորոս Ռշտունու գեղարվեստական կերպարն արտացոլվել է Ծերենցի «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպում։