Ընկնող մարդ (լուսանկար)
լուսանկար / From Wikipedia, the free encyclopedia
«Ընկնող մարդ» (անգլ.՝ The Falling Man), լուսանկար, որն արվել է «Ասոշիեյթիդ փրեսի» լուսանկարիչ Ռիչարդ Դրյուի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում ժամը 9:41:15 տեղական ժամանակով։ Լուսանկարում պատկերված է մի մարդ, որի ինքնությունը չի հաջողվել պարզել, գլխով դեպի ներքև ընկնելիս։ Համարվում է, որ այդ օրն առնվազն 200 մարդ են դեն նետվել կամ ստիպված են եղել դուրս ցատկել Համաշխարհային առևտրային կենտրոնի այրվող աշտարակներից[1][2][3]։ Շատերի անունները հայտնի չեն, քանի որ իշխանություններին չի հաջողվել նույնականացնել բոլոր զոհվածներին[4]։ Իրավաբանորեն նրանք բոլորն էլ (բացի ահաբեկիչներից) համարվում են զոհ, այլ ոչ թե ինքնասպաններ (ջամփերներ), նույնիսկ եթե «իրենք են նետվել»։ Պաշտոնապես «ջամփերը նա է, ով վաղ առավոտյան գալիս է գրասենյակ՝ հաստատապես իմանալով, որ այսօր նա դուրս է նետվելու»։
Ընկնող մարդ | |
---|---|
տեսակ | Լուսանկար |
նկարիչ | Ռիչարդ Դրյու |
տարի | սեպտեմբերի 11, 2001 |
Ծանոթագրություններ |
Պատկերը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ մարդն ընկնում է գրեթե ձգված ներքև, սակայն այս մարդու անկման մյուս լուսանկարներում երևում է, որ նրա մարմինը բառացիորեն թափահարվում է օդում[5]։
Լուսանկարը բազմիցս հրապարակվել է աշխարհի բազմաթիվ պարբերականներում, այդ թվում «Նյու Յորք Թայմս»-ում։ Լուսանկարիչը նշել է, որ ինքը հաճախ ստիպված է եղել բախվել ընթերցողների քննադատությանը, որոնք լուսանկարը համարում էին «ցնցող»[6]։ Խոսելով «Ընկնող մարդու» մշակութային և սոցիալական նշանակության մասին՝ աստվածաբան Մարկ Դ. Թոմասը նշել է, որ այս նկարը, «հնարավոր է, մարդու հուսահատության առավել վառ նկարազարդումներից մեկն է, որը հուզական ազդեցության ուժով չունի իր նմանը ժամանակակից արվեստում։ Նրա ողջ էությունը բյուրեղացվել է ընդամենը մեկ լուսանկարում»[7]։ Քանի որ ընկնող մարդու ինքնությունը պարզել չի հաջողվել, լուսանկարը հաճախ համեմատվում է անհայտ զինվորի հուշարձանի հետ։ Առաջ քաշվեց այն վարկածը, որ ընկնող մարդու անունը Թոմաս Հոուլք է՝ տեխնիկական աշխատող, որը բարձրության վրա պատուհաններ էր լվանում[8]։