![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ed/Hero_lion_Dur-Sharrukin_Louvre_AO19862.jpg/640px-Hero_lion_Dur-Sharrukin_Louvre_AO19862.jpg&w=640&q=50)
Էնկիդու
From Wikipedia, the free encyclopedia
Էնկիդու (𒂗𒆠𒆕 EN.KI.DU3, «Էնկիի ստեղծած»), «Գիլգամեշ» շումերա-բաբելոնական հերոսական էպոսի գլխավոր հերոսներից մեկը։ Աստվածների խնդրանքով Էնկիդուն ստեղծվել է Արուրու աստվածուհու կողմից կավից ու թքից, որպեսզի դիմակայի Գիլգամեշի ամբարտավանություններին։ Ըստ առասպելի՝ նա եղել է վայրի մարդ, որ մեծացել է կենդանիների մոտ և չի շփվել մարդկանց հետ նախքան Շամխաթի կողմից գայթակղվելը։ Դրանից հետո նա սկսում է համագործակցել մարդկանց հետ և ծանոթանում քաղաքակրթությանը, որի գագաթնակետն է դառնում Ուրուկի թագավոր Գիլգամեշի դեմ պայքարը։ Էնկիդուն մարմնավորում է վայրի կամ բնական աշխարհը։ Չնայած Էնկիդուն իր ուժով ու դիմացկունությամբ հավասար է Գիլգամեշին, սակայն Էնկիդուն որոշ չափով հանդես է գալիս որպես հակադրություն քաղաքակիրթ, մարդկանց շրջանում մեծացած ռազմիկ թագավորին։ Էնկիդուն դառնում է թագավորի մշտական ուղեկիցն ու սիրելի ընկերը, որ մշտապես ուղեկցում է նրան իր արկածների ընթացքում։ Սակայն Էնկիդուի հիվանդությունն ու մահը ողբերգական կորուստ է դառնում Գիլգամեշի համար՝ նրան ստիպելով որոնել մահվանից փրկվելու և աստվածային անմահություն ձեռք բերելու ուղի[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ed/Hero_lion_Dur-Sharrukin_Louvre_AO19862.jpg/640px-Hero_lion_Dur-Sharrukin_Louvre_AO19862.jpg)
Հնագույն աղբյուրներում երբեմն հիշատակվում է որպես Էաբանի կամ Էնկիտա։ Էնկիդուն նրա անվան ժամանակակից տարբերակն է։