From Wikipedia, the free encyclopedia
Զանգակատուն, եկեղեցուն կից, գավթի տանիքին կամ առանձին կանգնած ճարտարապետական կառույց՝ զանգ կախելու և ժամերգությունը սկսվելուց առաջ զանգերի ղողանջով հավատացյալներին եկեղեցի հրավիրելու համար։ Զանգեր են հնչեցվում նաև եկեղեցի ննջեցյալ բերվելու, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով։ Որոշ խոշոր եկեղեցիների զանգակատներում օծված սեղան է տեղադրվել, և Համբարձման ու Հոգեգալստյան օրերին պատարագ է մատուցվում։
Հայաստանում առաջին զանգակատները կառուցվել են 10-րդ դարի 2-րդ կեսից սկսած, երբ Հայ եկեղեցին ընդունել է զանգի գործածությունը (մինչ այդ կոչնակ է կիրառվել)։ 10-րդ դարում զանգակատները փայտաշեն, քառասյուն աշտարակներ էին։ Հայկական վանքերում 8-րդ դարում կառուցվել են սյունակազմ ռոտոնդայով պսակված միահարկ (Քոբայրավանք, Սրբանեսի վանք) և երկհարկ (Հաղպատի վանք, Սանահինի վանք) առանձին կանգնած զանգակատներ, կամ դրանք զուգակցվել են գավթի գմբեթի հետ (Հոռոմոսի վանք, Գանձասարի վանք, Աղբակի Սբ. Բարդուղիմեոս վանք, Հովհաննավանք, Սաղմոսավանք և այլն)։
14-րդ դարում երկհարկ, եռաստիճան եկեղեցիները նաև ծառայել են իբրև զանգակատներ (Եղվարդի Սբ. Աստվածածին, Կապուտանի Սբ. Մինաս, Նորավանքի Սբ. Աստվածածին եկեղեցիներ)։
Զանգակատների շինարարությունը Հայաստանում լայնորեն ծավալվել է 17–19-րդ դարերում, երբ մշակվել է նոր՝ քառամույթ, կամարակապ բացվածքներով երկաստիճան, սյունազարդ ռոտոնդայով ավարտվող տիպը, որի նախօրինակն է եղել Էջմիածնի Մայր տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատունը (1654–1658, ճարտարապետ՝ Սահակ Հիզանցի)։
Զանգակատներ կառուցվել են եկեղեցիների արևմտյան և հարավային ճակատներին կից (բացառություն է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու արևելյան ճակատին կից զանգակատունը)։ Վասպուրականում զանգակատներ կցվել են նաև գավիթների արևմտյան ճակատին (Նարեկավանք, Մշո Սբ. Առաքելոց վանք և Մշո Սբ. Կարապետ վանք, Լիմ անապատ)։
17-րդ դարում ստեղծվել է գավիթ-սրահի և զանգակատան զուգակցված հորինվածք (Երևանի Սբ. Անանիա առաքյալ անապատ, Շողակաթ եկեղեցի, Մուղնու Սբ. Գևորգ վանք և այլն)։ Հայկական վանքերի համալիրներում զանգակատները գլխավոր եկեղեցիների նկատմամբ ստորադաս դեր են խաղում և նրանց առաջնությունն ու վեհությունը շեշտում իրենց տեղադրությամբ, ծավալով և ուրվագծով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.