Երկաթուղային հանգույց
From Wikipedia, the free encyclopedia
Երկաթուղային հանգույց, երկաթուղագծերի հատման՝ տեխնիկական բազմապիսի կառույցների և սարքերի բարդ համալիր։ Երկաթուղային հանգույցի հիմնական կառույցներն են տեսակավորման, բեռնատար և մարդատար կայարանները, առանձին կայարաններ միմյանց կապող գծերը, շրջանցման գծերը, ուղևորների սպասարկման կայարանային կառույցները, դեպոները, գնացքների նորոգման և հանդերձավորման տեխնիկական կայարաններն են։
Ըստ կատարած աշխատանքի բնույթի և շահագործման պայմանների տարբերում են տրանզիտային, տրանզիտային՝ մեծ ծավալի վերաբեռնման աշխատանքով և ծայրի Երկաթուղային հանգույց։ Կան նաև արդյունաբերական (խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ կամ շրջաններ սպասարկող) և նավահանգստային (խոշոր գետերի և ծովերի նավահանգիստների շրջանում) Երկաթուղային հանգույցներ։ Դրանք կառուցվում են մեկ կամ տեխնոլոգիապես միմյանց հետ կապված մի քանի կայարաններով, որոնք կարող են տեղադրվել խաչաձև, եռանկյունաձև, զուգահեռ, հաջորդական, շառավղաձև, օղակաձև։ Խոշոր հանգույցներում հատվում են 5-ից մինչև 10 երկաթգծեր։
Հայաստանում գործում են Երևանի, Գյումրիի և Մասիսի Երկաթուղային հանգույցները։