From Wikipedia, the free encyclopedia
Եղբայրների և քույրերի օր (անգլ.՝ Siblings Day), ամենամյա տոն, որը նշվում է ապրիլի 10-ին Միացյալ Նահանգների որոշ մասերում[1]։ Նվիրված է եղբայրների և քույրերի հարաբերություններին։ Ի տարբերություն Մայրերի և Հայրերի օրերի՝ այն չի ճանաչվել դաշնային մակարդակով, թեև «Եղբայրների և քույրերի օր» հիմնադրամը աշխատում է փոխել այն[2]։ Օրը ճանաչվել է ԱՄՆ-ի երեք նախագահների կողմից (Քլինթոնը՝ 2000 թվականին, Բուշը՝ 2008 թվականին և Օբաման՝ 2016 թվականին)։ 1998 թվականից 49 նահանգների նահանգապետերը պաշտոնապես հրապարակել են իրենց նահանգում եղբայրների և քույրերի օրվա ճանաչման մասին հայտարարություններ[3]։
Ամերիկայից սկիզբ առնելով՝ օրը դարձել է միջազգային՝ տարածվելով Միացյալ Թագավորությունում[4], Ավստրալիայում[5], Հնդկաստանում[6], Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Նիգերիայում, Շվեդիայում, Կանադայում և այլուր։
Ռակշա Բանդհանի հինդուիստական տոնը նույնպես նշում է եղբայրների և քույրերի կապը, սակայն այն կապված չէ ամերիկյան տոնի հետ։
ԱՄՆ-ի տոնը ի սկզբանե ծրագրվել էր Կլաուդիա Էվարտի կողմից՝ հարգանքի տուրք մատուցելու իր եղբոր և քրոջ հիշատակին, ովքեր սիրում էին միմյանց և երկուսն էլ մահացել են վաղ տարիքում[7]։ «Եղբայրների եւ քույրերի օր» հիմնադրամը հիմնադրվել է 1997 թվականին և ոչ առևտրային կարգավիճակ է ստացել 1999 թվականին[8]։ Քարոլին Մալոնեյը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչը Նյու Յորքի կոնգրեսի 14-րդ շրջանում, պաշտոնապես ողջունել է այս տոնը և այն առաջին անգամ ներառել է Միացյալ Նահանգների 1997 թվականի ապրիլի 10-ի Կոնգրեսի պաշտոնական արձանագրությունում, հետագայում նաև 2001, 2005 և 2008 թվականների կոնգրեսներում։
Միացյալ Նահանգներում մարդկանց մոտ 80 %-ը ունի եղբայրներ ու քույրեր[7][9]։ Տոնը նախատեսված է եղբայրների և քույրերի հարաբերությունները տոնելու համար[6]։ Տոնակատարության ժամանակ քույրերն ու եղբայրներն իրար անակնկալ նվերներ են անում[10], բացիկներ են նվիրում և ընթրիքի հրավիրում[11]։ Օրվա ընթացքում, բացի նյութական նվերներից, լինում են նաև ոչ նյութական նվերներ՝ գրկախառնությունները, իրար հետ հաճելի ժամանակ անցկացնելը և միմյանց ներկայությունը հարգելը[10][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.