From Wikipedia, the free encyclopedia
Եկատերինա II (ռուս.՝ Екатерина II Великая, նաև՝ Եկատերինա Ալեքսեևնա ռուս.՝ Екатерина Алексеевна, ծնվելիս Սոֆյա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ-Ցերբստ-Դոռնբուրգ, գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg, մայիսի 2, 1729[1][2][3], Շչեցին, Պրուսիայի թագավորություն - նոյեմբերի 6 (17), 1796[4][5], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6][7][8]), Ռուսական կայսրության ամենաերկար կառավարող կայսրուհին։ Ծնվել է Շտետտինում, Պրուսիա և իշխանության եկավ ամուսնու՝ Պետրոս III-ի սպանության հետևանքով։ Եկատերինայի օրոք Ռուսական կայսրությունն էլ ավելի հզորացավ և ընդարձակվեց։
Եկատերինա II | |
---|---|
Զինվորական կոչում | գնդապետ |
Ծնվել է՝ | մայիսի 2, 1729[1][2][3] |
Ծննդավայր | Շչեցին, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է՝ | նոյեմբերի 6 (17), 1796[4][5] (67 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6][7][8] |
Պողոս-Պետրոս տաճար | |
Երկիր | Ռուսական կայսրություն և Պրուսիայի թագավորություն |
Տոհմ | House of Ascania (younger Anhalt-Zerbst branch)? |
քաղաքական գործիչ, միապետ, արվեստի կոլեկցիոներ և ազնվական | |
Հայր | Christian August, Prince of Anhalt-Zerbst? |
Մայր | Joanna Elisabeth of Holstein-Gottorp? |
Երեխաներ | Պավել I, Anna Petrovna? և Alexey Bobrinsky? |
Հավատք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Սոֆիա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ-Ցերբստսացին (գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg) ծնվել է 1729 թվականի ապրիլի 21-ին (մայիսի 2), այդ ժամանակ գերմանական Շտետտին քաղաքում՝ Պոմերանիայի (Մերձբալթիկա) մայրաքաղաքում։ Այժմ քաղաքը անվանվում է Շեցին և համարվում է Լեհաստանի Արևմտպոմորյան մարզի կենտրոնը։
Նրա հայրը՝ Քրիստիան Ավգուստ Անհալտ-Ցերբստացին, ծագում էր Անհալտների ցերբստ-դորենբուրգյան ճյուղից և ծառայում էր Պրուսիայի արքային։ Եղել է զորագնդի հրամանատար, պարետ, այնուհետև Շտետինա քաղաքի նահանգապետ։ Այդտեղ էլ ծնվեց ապագա կայսրուհին։ Նախատեսվում էր նրան շնորհել Կուրլանդիայի դուքսի կոչում, սակայն ծառայությունն ավարտեց որպես պրուսիական ֆելդմարշալ։
Մայրը՝ Յոհաննա-Ելիզավետան, Պետրոս 3-րդի ազգականներից էր՝ մորական կողմից։ Նրա տոհմածառը ծագում է Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի արքա՝ Քրիստիան Առաջինից, ով Շլեզվիգ Հոլշտեյնիի առաջին դուքսն էր և Ալդենբուրգի դինաստիայի հիմնադիրը։
Մորեղբայրը՝ Ադոլֆ-Ֆրիդրիխը 1743 թվականին ընտրվեց Շվեդիայի գահաժառանգ։ Թագավոր է դարձել 1751 թվականին՝ որպես Ադոլֆ-Ֆրեդրիկ։ Մյուս մորեղբայրը՝ Կառլ Էյտինցին, Եկատերինա I-ի մտահղացմամբ պետք է իր աղջկա՝ Ելիզավետայի ամուսինը դառնար, սակայն վերջինս մահացավ հարսանյաց տոնի նախօրյակին։
Ռուսական կայսրության, առաջին հերթին՝ նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ բացվում է բարգավաճման ու զարգացման նոր էջ, երբ գահին են բազմում 18-րդ դարի նշանավոր կայսրուհիները՝ Ելիզավետա I Պետրովնան (1741-1761) և Եկատերինա II-ը (1762-1796) կայսրուհիների օրոք։ Ռուսաստանը վերջնականապես հաստատվում է Եվրասիա մայրցամաքի հյուսիսային ափերին և շարժվում կենտրոնական շրջաններ։ Դեռևս Պետրոս Մեծի ժամանակներից ծրագրվում էր արշավանքներ կատարել Օսմանյան կայսրության և Իրանի վրա, ամրապնդել դիրքերը Միջին Ասիայում և Հեռավոր Արևելքում։ Մայրաքաղաք Պետերբուրգը պետք է զարդարվեր նոր շինություններով և դառնար խոշոր նավահանգիստ։ Այս և այլ խնդիրները լուծում են գտնում կայսրուհիների դարաշրջանում։ Ռուսաստանը եվրոպական երկրների շարքում ձեռք է բերում հզոր կայսրության համբավ։
Եկատերինա II կայսրուհու օրոք Ռուսաստանը դիվանագիտական կապեր է հաստատում և խորացնում Ճապոնիայի, Չինաստանի, ինչպես նաև՝ Անգլիայի, Պրուսիայի ու Ֆրանսիայի հետ։ Մեծ նվաճումներ են արձանագրվում մշակույթի ու գիտության բնագավառներում։ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից Միխայիլ Լոմոնոսովը 1755 թվականին հիմնադրում է Մոսկվայի պետական համալսարանը։ 1764 թվականին կայսրուհին հիմնադրում է Էրմիտաժը։
1768 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Դա թվով 4-րդ պատերազմն էր Օսմանյան կայսրության դեմ. մյուս երեքը տեղի էին ունեցել (1568–1570), (1676–1681) և (1686–1700) թվականներին և էական տարածքային կամ տնտեսական փոփոխություններ չէին բերել Ռուսաստանի կյանքում։ 6 տարի տևած պատերազմի (1768-1774) ընթացքում ռուսները գրավում են Ղրիմը, Սև ծովի հյուսիսային ափերը, Հյուսիսային Կովկասը։ Կայսրության սահմանների մեջ է մտնում Ազովի ծովը և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն Կասպից, այլև՝ Սև ծով։ Դրանով Ռուսաստանը վերջնականապես դադարում է ցամաքային պետություն լինելուց, և ելք ունենում դեպի հարավային երկրներ։ Բուլղարիայի Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով թուրքական սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և Ղրիմի խանությունը հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Բացի այդ՝ ռուսական ռազմական ու առևտրական նավերին Սև ծովում ազատ երթևեկելու իրավունք է տրվում։
Հյուսիսային Կովկասը քրիստոնյաներով բնակեցնելու համար Եկատերինա կայսրուհին հատուկ հրովարտակով հայերին հրավիրում է գալ և բնակվել այնտեղ։ Նախիջևանի հայերը հիմնում են Նոր Նախիջևան քաղաքը, որի հիմքում հետագայում կառուցվում է Դոնի Ռոստովը, Արարատյան դաշտի հայերը՝ Արմավիրը։ Հիմնադրվում են նաև գյուղեր և ավաններ։ Հայկական բնակավայրերում հաստատվում է նաև հունական և ռուսական բնակչություն, կառուցվում են վանքեր և եկեղեցիներ, դպրոցներ։ Նոր շունչ է ստանում Ղրիմի հայ գաղութը։ Կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որը կանգուն է մինչև այսօր՝ շուրջ 2.5 դար։ Այն կոչվում է Եկատերինա II-ի անունով՝ սուրբ Կատարինե։
Շուրջ 15 տարի անց ռուսները նոր պատերազմ են հայտարարում Օսմանյան կայսրությանը։ Այս անգամ պատերազմը տևում է 4 տարի՝ (1787–1791)։ Ռուսները շարունակում են նվաճումները Սև ծովի ափին և հասնում Դնեստր գետին։ Վերջինս դառնում է կայսրության սահմանը։ Ռուսները գրավում են Իզմայիլ ամրոցը։ Մոլդավիայի Յաշ քաղաքում կնքված հաշտությամբ Կոստանդնուպոլիսը ճանաչում է Ռուսական կայսրության իրավունքները Սև ծովի ամբողջ հյուսիսային ափամերձ տարածքում։ Այս և այլ պատեզմներում զորավարական տաղանդով մեծ հռչակ է ձեռք բերում Ալեքսանդր Սուվորովը, ով ստացել էր զինվորական հրամանատարի ամենաբարձր՝ գեներալիսսիմուսի կոչում։
Ռուսաստանը իր տիրապետությունը հաստատում է Ամերիկա աշխարհամասում. հիմնվում է Ալյասկայի գաղութը՝ Հյուսիսային Ամերիկայի Ալյասկա թերակղզու և հարակից շրջանների հետ միասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.