From Wikipedia, the free encyclopedia
Դեբորա Քեր (անգլ.՝ Deborah Kerr, սեպտեմբերի 30, 1921[1][2][3][…], Helensburgh, Շոտլանդիա - հոկտեմբերի 16, 2007[4][1][5][…], Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, «Թագավորը և ես» ֆիլմի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր։ Ստացել է պատվավոր «Օսկար», BAFTA մրցանակներ և Կաննի կինոփառատոնի պարգևներ։
Դեբորա Քեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 30, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Helensburgh, Շոտլանդիա |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 16, 2007[4][1][5][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, դերասանուհի, բալետի պարող և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000039 |
Դեբորան վեց անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ որպես «Լավագույն դերասանուհի», սակայն ոչ մի անգամ չի հաղթել այդ անվանակարգում։ Այնուամենայնիվ, 1994 թվականին Ամերիկյան կինոակադեմիան նրան է հանձնել «Օսկարի» պատվավոր արձանիկը՝ «Ողջ կյանքի նվաճումների» համար։
Նրա ազգանվան շոտլանդական արտասանությունը հնչում է՝ որպես անգլերեն care բառը, բայց երբ նա սկսել է իր կարիերան Հոլիվուդում, պրոդյուսերները որոշել են, որ իր ազգանունը պետք է արտասանվի՝ որպես անգլերեն car։ Խառնաշփոթից խուսափելու համար Լուիս Բ. Մայերը նույնիսկ հորինել է «Kerr rhymes with Star!» ասույթը։
Դեբորա Ջեյն Քեր-Թրիմերը (անգլ.՝ Deborah Jane Kerr-Trimmer) ծնվել է շոտլանդական քաղաք Հելենսբորոյում[6]։ Նա եղել է Քեթլին Ռոուզի (ծնված՝ Սմեյլ) և օդաչու ու Առաջին աշխարհամարտի վետերանի, որը հետագայում դարձել է ճարտարապետ և ինժեներ, կապիտան Արթուր Չարլզ Քեր-Թրիմերի մեծ երեխան և ընտանիքի միակ դուստրը[7]։
Սկզբնապես Դեբորան զբաղվել է բալետով և 1938 թվականին, որոշ ժամանակ, հանդես է եկել Լոնդոնի «Սադլերս Ուելս» թատրոնում։ Այնուհետև որոշել է իրեն նվիրել դերասանական արվեստին և իր մորաքրոջ՝ Ֆիլիս Սմայլի շնորհիվ, որը միևնույն ժամանակ դերասանական վարպետության առաջին ուսուցչուհին է եղել, ընդունվել է Բրիստոլի դրամատիկական դպրոց[8][9]։
Նրա դեբյուտը տեղի է ունեցել բրիտանական «Մաքսանենգություն» ֆիլմում 1940 թվականին, սակայն այդ դերը շատ փոքր էր, և տիտրերում նրան չեն նշել։ Հետագա տարիները նպաստել են նրա կարիերայի զարգացմանը նոր, ավելի նկատելի դերերի հաշվին։ 1947 թվականին, «Սև նարգիզ» ֆիլմում դերից հետո, Դեբորան գրավել է հոլիվուդյան պրոդյուսերների ուշադրությունը[10][11]։ Ֆիլմը շատ տարածված է եղել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, և Քերն արժանացել է Նյու Յորքի «կինոքննադատների մրցանակի»՝ որպես «Տարվա լավագույն դերասանուհի»։ Այս ֆիլմը նաև Դեբորայի համար բացել է Հոլիվուդի դռները։ Այնտեղ նրա բրիտանական շեշտադրումն ու սառը արտաքինը նպաստել են, որ նա հաճախ է էկրաններին մարմնավորել անգլիացի կանանց՝ ամերիկյան հանրության պատկերացումներով։
1953 թվականին Դեբորեին ստացել է «Օսկարի» երկրորդ անվանակարգը «Կանանց լավագույն դերի համար» «Այսուհետև և հավիտյանս հավիտենից» ֆիլմում (առաջինը նա ստացել է 1949 թվականին «Էդվարդը՝ իմ որդին» ֆիլմում խաղացած դերի համար)։ Չնայած նրան, որ մրցանակը չի ստացել, ֆիլմի այն տեսարանը, որտեղ Քերը և Բերտ Լանքասթերը սիրով են զբաղվում հավայան լողափում ծովային ալիքների շուրջ, հետագայում Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի կողմից ճանաչվել է կինոյի պատմության մեջ լավագույն տեսարաններից մեկը, և ֆիլմը ներառված է Բոլոր ժամանակների առավել ռոմանտիկ ֆիլմերի հարյուրյակում։ Հաջորդել են ոչ պակաս հաջող դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վեպի վերջը» (1955), «Թագավորը և ես» (1956), «Աստված գիտի, պարոն Ալիսոն» (1957), «Առանձին սեղանների շուրջ» (1958) և շատ այլ ֆիլմերում։
1969 թվականին Էկրան է բարձրացել Թիթեռնիկները քամու ժամանակ ֆիլմը, որում Դեբորան, որն իր կարիերայում միակ անգամն է, մերկ նկարահանվել է սիրային դրվագում։ Բայց շուտով, մտահոգվելով դրանով, Քերը նկարահանումները թողել է կինոյում՝ իրեն նվիրելով թատրոնին և հեռուստատեսությամբ աշխատելուն[12]։
Դեբորայի համար թատերական դեբյուտը 1953 թվականին դարձել է բրոդվեյյան «Թեյ և համակրանք» պիեսը, որում նա դերի համար առաջադրվել է «Թոնի» մրցանակի։ 1955 թվականին Դեբորան ստացել է «Սառա Սիդդոնսի մրցանակը»՝ ազգային շրջագայության ժամանակ Չիկագոյի թատրոնում այդ դերը կատարելու համար։ Ավելի ուշ՝ 1956 թվականին, Քերը խաղացել է այդ դերն այս բեմադրության էկրանավորման մեջ, որի ռեժիսորն էր Վինսենթ Մինելին։ 1975 թվականին Դեբորան Բրոդվեյ է վերադարձել Էդվարդ Օլբիի «Ծովային բնապատկեր» պիեսով։
Դեբորան վերակենդանացրել է իր դերասանական կարիերան հեռուստատեսությունում 1980-ական թվականների սկզբին, երբ «Մեղադրանքի վկան» ֆիլմում խաղացել է Պլիմսոլի բուժքրոջ դերը։ 1984 թվականին «Կանացի բնույթ» մինի-սերիալում խաղացել է ծերացած Էմմա Հարթի դերը, ինչը նրան առաջադրել է «Էմմի» մրցանակի համար։
1998 թվականին Դեբորա Քերը նշանակվել է Բրիտանական կայսրության հրամանատար, սակայն ի վիճակի չի եղել ծառայության անցնել անձամբ առողջական խնդիրների պատճառով[13]։ Նա նաև Հոլիվուդյան Փառքի ծառուղում՝ Վայն-սթրիթ 1709-ում, արժանացել է անվանական աստղի՝ կինոարտադրության զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Քերը վեց անգամ առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Էդվարդը՝ իմ որդին» (1949), «Այսուհետ և հավիտյանս հավիտենից» (1953), «Թագավորը և ես» (1956), «Աստված գիտի, պարոն Ալիսոն» (1957), «Առանձին սեղանների հետևում» (1958) և «Օրվա մայրամուտին» (1960) ֆիլմերի համար։
Նա նաև չորս անգամ առաջադրվել է «BAFTA» մրցանակի «Լավագույն բրիտանացի դերասանուհի» անվանակարգում՝ «Վեպի վերջ» (1955), «Թեյ և համակրանք» (1956), «Օրվա մայրամուտին» (1960) և «Կավիճե այգի» (1964) ֆիլմերի համար։
Թեև Դեբորան երբեք չի նվաճել «BAFTA», «Օսկար» և Կաննի կինոփառատոնի մրցանակները մրցունակ կատեգորիայում, բոլոր երեք կինոակադեմիաները նրան հանձնել են պատվավոր պարգևներ։ 1984 թվականին նա արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին[14], 1991 թվականին ստացել է «BAFTA» հատուկ մրցանակը[8], իսկ 1994 թվականին՝ «Պատվավոր Օսկար»[15]։
Առաջին անգամ Դեբորան ամուսնացել Է թագավորական ռազմաօդային ուժերի էսկադրայի հրամանատար Էնթոնի Բարթլիի հետ 1945 թվականի նոյեմբերի 29-ին։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Մելանի (ծնված 1945 թվականին) և Ֆրանչեսկա (ծնված 1947 թվականին)։ Բայց ամուսնությունը հաջող չի եղել, և, ի վերջո, Բարթլինի մշտական խանդը և Դեբորայի հաճախակի մեկնումները նկարահանումների 1959 թվականին հանգեցրել է ամուսնալուծության։ Նրա երկրորդ ամուսինը եղել է գրող Պիտեր Վիրթելը։ Նրանց ամուսնությունը կնքվել է 1960 թվականի հուլիսի 23-ին և շարունակվել մինչև նրա մահը։
1992 թվականից Դեբորան եղել է «Մաքուր օդի և շրջակա միջավայրի պաշտպանության ազգային ընկերության» (NSCA) անդամ։
Չնայած նրան, որ Դեբորան մշտապես ապրել է Քլոսթերսում (Շվեյցարիա), կամ Իսպանիայում[16], այնուամենայնիվ, նա որոշել է վերադառնալ Մեծ Բրիտանիա իր երեխաների մոտ՝ վատացող առողջության պատճառով։ Դեբորա Քերը մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 16-ին Պարկինսոնի հիվանդությունից 86 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայի Սաֆֆոլկ կոմսության Բոութսդեյլ գյուղում[17]։ Նրա ամուսինը, այնուամենայնիվ, շարունակել է ապրել Մարբելում և մահացել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին՝ կնոջ մահից երեք շաբաթ անց[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.